Արամ Ավետիսի «Ամպուտացված ամպերը»՝ ինքնասպանված աստծո աշխարհում - Mediamax.am

exclusive
1673 դիտում

Արամ Ավետիսի «Ամպուտացված ամպերը»՝ ինքնասպանված աստծո աշխարհում


Արամ Ավետիսը
Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվ

Արամ Ավետիսը
Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվ

Արամ Ավետիսը
Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Ակտուալ արվեստ»


Արամ Ավետիսն իր նոր՝ «Ամպուտացված ամպեր» վեպը համարում է պոետիկ ակտ, լեզվի մանիֆեստ, գրողի փառահեղ պարտություն-պատմությունն աշխարհի պատերազմում։ «Ամպուտացված ամպերը» արձակագրի չորրորդ գիրքն է։ Լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ Նախորդ՝ «Կույր կետադրություն», «Ճարտարապետական մուտացիա», «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքերը տպագրվել են մի քանի անգամ։

-Արամ, կյանքում միշտ ու ամեն ինչ չէ, որ մեր ուզածով է լինում, իսկ գիրք գրելի՞ս… հաջողվե՞ց գրել այն, ինչ ուզում էիր։

-«Առնետները» գրել եմ 2018-ին։ Դրանից հետո մեկ ու մեջ տեքստեր գրել եմ, ինչ-որ տեղեր հրատարակվել են, բայց գրքի իդեա դեռ չկար։ Պատերազմից հետո սկսեցի գրել ապրումներիս մասին՝ չմարսված պատերազմի մասին։ Գիրքը կարդացողը կզգա, որ սկսվում է մի բանով, ավարտվում լրիվ ուրիշ բանով, որովհետեւ գիրքն է թելադրում ինչի մասին գրես։

-Կարծես այս գրքով ամփոփում ես այն շրջափուլը, որ սկսել ես «Կույր կետադրությամբ»։

-Կարելի է ասել, բայց նաեւ «Ամպուտացված ամպերը», լեզվի առումով, նոր շրջափուլի սկիզբ է։ Այն եւ վերջն է, եւ ինչ-որ մի բանի սկիզբը։

- «Ես քայլում եմ իմ լեզվի ճանապարհով ու, հասնելով ճանապարհի կեսին, տեսնում եմ երկու ուղի` «Անկարողություն» եւ «Խուճապ»։ Կարծում եմ՝ Դանթեի «կիսաճամփի» ու դեպի անդրշիրիմյան աշխարհ ճամփորդության հետ է զուգորդումը, բայց Դանթեն ուղեկից ուներ այլ աշխարհում։ Ո՞վ է քեզ ուղեկցում։

- Հիմա, երբ հետահայաց նայում եմ, գիրքը երկու գլխավոր հերոս ունի՝ գրողն ու իր լեզուն։ Ինձ թվում է՝ Վերգիլիոսի դերը մարմնավորում է լեզուն։

- Առանձնացնո՞ւմ ես գրողին ու իր լեզուն։

- Իհարկե։ Այս գրքի դեպքում տարբեր հերոսներ են։ Եթե թեման մի կողմ թողնենք, գրքի նպատակը հայերենի ու ավելի խորը ընկալմամբ՝ գրականության լեզվի հնարավորությունները ցույց տալն է։ Գրքի էֆեկտը հենց հերոս-լեզուն է՝ բառը, բանը…

- «Իսկ ի՞նչ է դուրսը,- դրսում կանգնած մտածում եմ ես։
    Ես եմ դուրսը։ Ինձնից դուրս կրկին ես եմ»։

   «Այս է տվել մեզ աստված։
   Այս տվածն է աստված»։

   «Արարել ու մարել կամ, կարճ ասած, արամել»:
Կարծես ասես՝ ես եմ սկիզբն ու վերջը։ Զուգորդումներն Աստծո հե՞տ են։

-Գրքում հերոսը գրողն է, ու գրողը ինչ-որ առումով գրքի արարիչն է, որովհետեւ ինքն է ստեղծում այդ աշխարհը։ Նոր լեզու, նոր միտք, նոր պատկերներ ստեղծելու պատերազմը միշտ կա ստեղծագործ մարդու մեջ, ու իր ներաշխարհի աստվածը, իհարկե, հենց ինքն է։

Լուսանկարը` Ակտուալ արվեստ»


Մայակովսկին իր պոեմներից մեկում ասում է՝ տեսեք ինչպես եմ ես խաչված թղթի վրա։ Այսինքն՝ «խորհրդավոր ընթրիքի» ուտելիքը գրքի գլխավոր հերոսի լեզուն է, խաչը՝ նրա գիրն ու թուղթը, գեղարդը՝ գրիչն է, ջուրն ու արյունը՝ թանաքը, փշե պսակը՝ բառերը…

Գրքում նաեւ Բարաբայի կերպարը կա, այսինքն՝ գրողն իր ստեղծագործության մեջ եւ՛ հանցագործն է, եւ՛ աստվածը, եւ՛ սուրբը, եւ՛մեղսավորը, ամեն ինչն ինքն է։

- «Երբ ամեն ինչ ասված է, դառնում ես աստված ու հավերժ լռում։
Իսկ հիմա թողեք տրաքեմ թղթի վրա»։

Գրել նշանակում է վերծանել այն, ինչի մասին Աստված լռո՞ւմ է։

-Աշխարհում տեղի ունեցող պատերազմներին, արհավիրքներին ոչ ոք չի արձագանքում երկնքից։ Իսկ երկրից արձագանքում է գրողը… այն մասին, ինչի մասին Աստված լռում է։

-«Ամեն թերթ սպիտակ մի ոսկոր է իմ կրծքավանդակի գրքից պոկված, եւ ամեն ոսկորը մի նոր կին է…»։ Քո գործերում կինը եւ կա, եւ չկա, ո՞նց կբացատրես։

- Կինն ինքը որոշակի ձեւ չունի, ձեւավորված կերպար չէ, երեւի դա գալիս է նրանց, որ իմ համար կինն ավելի միստիկ էակ է… ասես ստվեր է, գեղեցկության ուրվական, հայտնվում է, տեսնում ես, բայց չես կարող անձնավորել, դիպչել, շոշափել։
Արամ Ավետիսը Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվ


Դոստոեւսկին ասում է՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ դու հասկանում ես, որ չի կարող փրկել։ Իրենով դու չես կարող ապրել, որովհետեւ ակնթարթային է, հայտնվում է, ծանր պատերազմական իրավիճակում ինչ-որ շունչ է տալիս ու կորում։ Դու նորից հայտնվում ես իրականության մեջ։

- «Արգանդը դուռ է, որ բացվում է մահին ընդառաջ»։ Այս դեպքում անուղղակի, երբեմն էլ ուղղակի անդրադառնում ես Էդիպին․ «Եվ էդիպը սպանեց իր հորը, այսինքն` հանգցրեց իր հուրը եւ մերձեցավ մոր հետ, այսինքն` մայր մտավ կամ, մտնելով մոր մեջ, նա մարեց եւ որպես մարելու սիմվոլ հանեց իր աչքերը եւ լույսը վերջնական անջատեց»։

Ինչո՞վ է առանձնանում էդիպյան առեղծվածի քո մեկնաբանությունը։

- Իմ աշխարհընկալմամբ՝ հորը սպանելը հին աշխարհից ձերբազատվելու, իսկ վերադարձը դեպի մայրը՝ մահանալու գաղափարն է։

Այսինքն՝ սպանել հորը նշանակում է հերքել ինձնից առաջ ստեղծված գրականությունը, բայց ոչ հերքել՝ չընդունելով։

«Ինքնասպանի գրադարանը» պատմվածքում ասում եմ՝ ես օգնում եմ որդուն, որ սպանի հորը, այլ ոչ հակառակը, որովհետեւ երբ դու սպանում ես հին բաները, կարող ես նոր բան ստեղծել։ Մարդիկ կան, ասում են՝ ինչո՞ւ քանդես, կարող ես եղածի վրա կառուցել։ Կարող ես, բայց կլինես միջակ կառուցող։

Մայակովսկու օրինակն եմ միշտ բերում, ով ասում էր՝ «Պուշկինին պետք է դուրս շպրտել արդիականության նավից», ու դա չի նշանակում, որ ինքը Պուշկինին չէր ընդունում։

Իսկ վերադարձը դեպի մայրը՝ կնոջ դերը հասարակության մեջ ավելի բարձրացնելու գաղափարն է։ Անգիտակցաբար մոր հետ կապ հաստատելը՝ ինցեստը, վերադարձն է դեպի մայր հողը, որտեղից դուրս ես եկել։

-Ստացվում է Սոֆոկլեսի գրվածքում ողբերգություն չկա՞։

- Ողբերգություն է այնքանով, որ ուզում ես այս դաժան աշխարհից փախչել ու մահանալ։ Ապրում ես հայրերի կողմից ստեղծված պատերազմների, սպանությունների դաժան աշխարհում, ու պիտի վերադառնաս այնտեղ, որտեղից դուրս ես եկել՝ մայր հողի մեջ։
 
-«Զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա եւ տրտմեց իր հոգու խորքում եւ ինքնասպան եղավ»։ «Աստված եթե սիրեր ինձ, չէր վստահի այսպիսի չքնաղ հոգին ինձ նման տականքի…»։

Բողոքդ ո՞ւմ է ուղղված՝ քո՞ դեմ, Աստծո՞․․․

- Նիցշեն ունի մեռնող աստծո գաղափարը։ Մի բան է, երբ դու աստծուն սպանում ես քո մեջ, մի այլ բան, երբ ինքը տեսնում է քո մեջ իրեն ու ինքնասպան լինում։ Բայց կա նաեւ հակասություն․ նա նաեւ այդ աշխարհի ստեղծողն է։ Ծնվող-մեռնող աստծո գաղափարն է այստեղ։
Արամ Ավետիսը Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվ


Իսկ երբ ասում եմ «ինձ նման տականքի»… դա մարդու էությունն է։ Այն, ինչ անմահ է, թանկ, չքնաղ, տվել ես մեկին, որ ստեղծում է պատերազմներն ու այս ամեն ինչը։

-Ինձ թվաց՝ անձնական շեշտադրում կա։

-Ո՞նց կարող եմ ուրիշին համարել տականք, եթե ինքս իմ մասի ոչինչ չգիտեմ։ Ովքեր չեն ուզում տականք լինեն, կարող են համարել, որ ես մենակ իմ մասին եմ գրել։

-Ի՞նչն է փոխարինում սյուժեին, երբ չկա սյուժե։ Դու չե՞ս ուզում ինչ-որ բան պատմել։

-Դա է իմ պատմելու ձեւը։ Ինձ դուր է գալիս կոլաժային սյուժեն։ Կարող եմ շատ օրինակներ բերել համաշխարհային գրականությունից, որ պատմում են, բայց իրենք իրենց նման են պատմում։

Ալեքսանդր Թոփչյանը, գրելով «Կույր կետադրության» մասին (որը «Մուտացիայի» ու «Առնետների» համեմատ ավելի քիչ սյուժեով է), տեսել էր այդ կարմիր թելը՝ ֆաբուլան, որ ձգվում է սկզբից մինչեւ վերջ։

Գիրքը, ի վերջո, կարող է լինել օրագրային, ֆրագմենտար, կարող է ներքին սյուժե ունենալ։ «Ամպուտացված ամպերում» բառերի մեջ է սյուժեն՝ բառերի անցումն է բառերին։ Գրքի վերջին գլուխներից մեկը կոչվում է «Ճամփորդություն դեպի լեզվի եզրը»․ լեզուն, ինչպես արդեն ասացի, ճանապարհ է, որ քեզ ուղեկցում է եւ ցույց տալիս՝ որ կողմ գնաս։

Ես առհասարակ վաղուց չեմ կարդում սյուժեով գրականություն։

- Գրականությունդ ֆուտուրիստական դրսեւորում ունի, բայց ֆուտուրիստները մեծարում էին մեծ քաղաքները, պատերազմը, դու երկուսն էլ մերժում ես։ Նկատելի է նաեւ սիմվոլիստներին բնորոշ անկումային տրամադրությունները։ Ո՞ր ուղղությանն է հարում գրականությունդ։

- Ես շատ երկար մտածել եմ դրա մասին։ Իտալացի ֆուտուրիստներից մեկն ասում է՝ մենք հերքում ենք մեր ուսուցիչներին՝ սիմվոլիստներին՝ լուսնի վերջին սիրեկաներին։ Լուսինը մելամաղձոտ գիշերն է։ Ֆուտուրիստների սիմվոլն արեւն է, արագությունը։
Արամ Ավետիսը Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվ


Իմ փոխանցման/գրելու ձեւի մեջ կա ֆուտուրիզմի ազդեցություն, բայց թեման, պատկերները մոտ են սիմվոլիզմին։ Կարող եմ ասել՝ ես խոսում եմ արեւի լեզվով, բայց լուսնի մասին։

-«-Հույսը վերջում է մեռնում։
«Իսկ իմ դեպքում՝ սկզբում»,- մտածում եմ ես»։
Հույսի վերջը կյանքի վերջը չէ՞։

-Հույսի վերջն է, բայց կյանքի վերջը չէ, կարող է անհույս կյանք շարունակվել։ Սիփան Շիրազը Լորկային նվիրված բանաստեղծության մեջ ասում է ՝ անհույսների հույսի մեջ… Պատերազմից հետո հենց այդպես է շատերիս համար՝ անհույսների հույսի ժամանակներն են։

-Եթե պատերազմը չլիներ, չէի՞ր գրի գիրքդ, թե՞ կգրեիր, բայց չէր լինի պատերազմի մասին։

-«Ամպուտացված ամպերը» պատերազմի մասին չէ, այլ ստեղծագործող մարդու, որ հայտնվել է պատերազմի դաշտում։ Եթե նկատել ես, նրան (գրքի ամեն գլխում) օգնություն են գալիս իր սիրած գրողները, նկարիչները, բայց քանի որ նրանք էլ իրենց ժամանակի պատերազմի զոհերն են, ոչ մի բանով չեն կարողանում օգնել։ Դու հասկանում ես, որ ստեղծագործ մարդը ոչ մի սանտիմետր, ոչ մի միլիմետր չի փոխել աշխարհը։

-Գիրքը գրելու ժամանակ սահմանում էիր… ավելացա՞ն ինչ-որ շտրիխներ անձնական փորձիցդ։

-Ինչ-որ մտքեր, պատկերներ են ավելացել միայն, հիմնական ասելիքը չի փոխվել։

-«Եվ 1915 թվից հետո եկավ վաղը, եւ նայելով որդու դիակին՝ մայրը չճանաչեց նրան»։
 
«Անհետ կորածները գիտեն իրենց տեղը եւ դրա համար հեշտությամբ են քայլում դեպի անհայտություն»։

«Դրա համար ես հարցնում եմ ձեզ, որ եթե մեկ զինվորի դիակին ամեն անգամ ավելացնես եւս մի դի, ո՞ր վայրկյանից այս ամենը մեզ կարթնացնի»։

Սա եւ՛ մեր ժամանակի պատմություն է, եւ՛ հարյուր տարվա, եւ՛ ավելի։ Գրողն այսօր պարզապես չի կարող չանդրադառնալ այս ամենին։

-Այս ցավին անտարբեր մենակ ամպերն են։ Երկու խորհուրդ ունեն ամպերը. ջահել տղաներն են, որ ունեին ամպերի պես թեթեւ, սպիտակ, կապույտ երազանքներ, եւ ամպերը, որ հողից հեռու են ու անտարբեր են մարդու ցավին։

-«-Ասա՛, հերո՛ս, անունդ։
 -Անդունդ է անունս»։
Ի՞նչ է անդունդը՝ անկո՞ւմ է, անհասանելիությո՞ւն, անվերջությո՞ւն․․․

-Ես նույնիսկ ուզում էի այդ տողերով ավարտել գիրքս... Այս գիրքը գրելիս գիտակցության հոսք սկսվեց, ու ես ամեն օր գրում էի, երբ ընկերներիս համար հատվածներ էի կարդում, ասում էի՝ լավ, որտե՞ղ է ավարտվելու։ Որովհետեւ թվում է՝ ավարտ չունի ու միշտ կարող է անավարտ լինել։ Նույնը ամպերն են։ Ասում է․- Ինչքա՞ն ես սիրում,- Ամպի չափ։ Ամպի չափը վերջ չունի։ Գրքի նախավերջին գլխում գրել եմ, որ գիրքս ամեն էջում ավարտվում է՝ այդպես էլ չսկսվելով։

-«Մեռցրու մերձավորին, ինչպես ինքդ քեզ»... Զուր չէ որ ինքնասպանությունը մեղք է համարվում։

-Որովհետեւ ամեն սպանող մարդ ինքն էլ է մահանում սպանվողի հետ։ Ինչ-որ բանի հասնելու համար դու «սպանում ես» շատերին։ Իմ ստեղծագործության մեջ քարոզ չի գնում ինքնասպանության, բայց տվյալ դեպքում դա ամենաազնիվ որոշումն է։

-«Բացի Տիեզերքից ոչ ոք իրավունք չունի մեծամիտ լինելու»։ Մենք տիեզերքի մասնիկը չե՞նք։

-Տիեզերքը գնալով ընդլայնվում է, մարդը գնալով փոքրանում, չնայած առանց այդ էլ փոքր է։ Ինչքան տիեզերքը մեծանում է, այնքան մնացած ամեն ինչ նրա շուրջը փոքրանում է։

-«Դժվար է պատկերացնել հազարավոր բառերի միջից այն միակ բառը, որով կսկսես միտքդ, բայց կրկնակի դժվար է գտնել այն բառը, որով կավարտես»։ Վերջին բառը՝ չգիտեմ, բայց կարծես գիրքն ավարտում ես Աստծո հետ համընթաց քայլելով։

-Վերջում՝ այո, ինքնասպանված աստծո աշխարհում վերջին հասնելն իրոք երջանկություն է։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին