5/10/15. «Հայաստանը նայում է Եվրոպային», «Ազնվություն+պրոֆեսիոնալիզմ-կոռուպցիա» - Mediamax.am

8410 դիտում

5/10/15. «Հայաստանը նայում է Եվրոպային», «Ազնվություն+պրոֆեսիոնալիզմ-կոռուպցիա»


Արա Բաբլոյանը՝ 2017թ. մայիսի 18-ին
Արա Բաբլոյանը՝ 2017թ. մայիսի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը՝ 2007թ. մայիսի 16-ին
Սերժ Սարգսյանը՝ 2007թ. մայիսի 16-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը՝ 2017թ. մայիսի 18-ին
Սերժ Սարգսյանը՝ 2017թ. մայիսի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-22

 

«Դրական է վերաբերվում»

 

Մայիսի 16-ին Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ դրական է վերաբերվում 2008 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությանը։

Սերժ Սարգսյանը՝ 2007թ. մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը՝ 2007թ. մայիսի 16-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Անցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն ունի լուրջ վստահության քվե հասարակության մեջ, եւ եթե կուսակցությունը համապատասխան որոշում կայացնի, ես կառաջադրվեմ»,- ասել էր վարչապետը։

 

 «Ընդդիմադիր ուժերի հավակնությունները շատ թանկ նստեցին նրանց վրա»

 

Մայիսի 16-ին Ազգային Ժողովրդավարական Միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ «ընդդիմադիր ուժերի հավակնությունները շատ թանկ նստեցին նրանց վրա»։

 

Վազգեն Մանուկյանն ասել էր, որ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցավ «ընդդիմադիր ուժերի հավաքած ձայների փոշիացում», եւ կարծիք էր հայտնել որ խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստան»,  ՀՅԴ, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները պետք է համախմբվեն եւ պայքարեն Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մենաշնորհի դեմ:

 

Վազգեն Մանուկյանն ասել էր, որ այդ ուժերի գլխավոր խնդիրը պետք է լինի Ընտրական Օրենսգրքում այնպիսի փոփոխություններ կատարելը, որոնք հնարավորություն կտան բացառել խախտումները 2008 թ. նախագահական ընտրություններում:

 

Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը պետք է վերանայեն իրենց մարտավարությունն ու նախագահական ընտրությունների նախօրեին համախմբեն ուժերը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-22

 

 «Հայաստանը նայում է Եվրոպային»

 

Մայիսի 16-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթում հրապարակել էր «Հայաստանը նայում է Եվրոպային» հոդվածը, որում նշել էր, որ  ոչ մի հակասություն չի տեսնում նրանում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ:

 

Տիգրան Սարգսյանը հիշեցրել էր, որ Հայաստանը միշտ եղել է ԱՊՀ եւ «ԵվրԱզԷս»-ի շրջանակում տնտեսական կապերի խորացման կողմնակից:

 

«Միեւնույն ժամանակ Մաքսային Միությանն անդամակցելը բովանդակային չէ, քանի որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ոչ Ռուսաստանի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Բելառուսի հետ: Սակայն այս միավորման հարթակի վրա հնարավոր են այլ փոխշահավետ համագործակցության տարբերակներ: Անհրաժեշտ են ինտեգրման խթաններ. կա այսպես կոչված «հեռավոր տարածքների» փորձը, երբ վերջիններս համագործակցում են միության շրջանակներում ավելի մեղմ պայմաններով ու ստանում են որոշակի արտոնություններ: Մենք առաջարկել ենք մշակել Մաքսային Միության եւ Հայաստանի համագործակցության որոշակի ձեւաչափ: Հարցը հիմա ակտիվ քննարկման փուլում է», - գրում էր Հայաստանի վարչապետը:

Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տիգրան Սարգսյանը հիշեցրել էր, որ սկսվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի շուրջ:

 

«Մոտակա 2-3 տարիներին մեզ սպասվում է լարված եւ մանրակրկիտ աշխատանք՝ եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ: Այս ստանդարտներին համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական եւ տեխնոլոգիական գործընթացների, ներքին հսկողության համակարգերի խորը փոփոխություններ: Եվ ինչն ամենակարեւորն է՝ արտադրական ցիկլի մասնակիցների վարքագծի փոփոխությունը: Տնտեսությունը պետք է լուրջ որակական փոփոխությունների ենթարկվի: Մենք պետք է եվրոպական չափանիշներին համապատասխանեցնենք մեր օրենսդրական դաշտը եւ արտադրություններում անվտանգության վերահսկողության համակարգերը: Դա շատ ծավալուն եւ ծախսատար գործընթաց է, բայց այն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ: ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի. զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առեւտրի դեֆիցիտը: Հատկանշական է, որ ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու մտադրություններ ունեն նաեւ Ուկրաինան եւ Մոլդովան», - գրել էր Հայաստանի կառավարության ղեկավարը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-22

 

«Այսօր եկել է այդ օրը»

 

Մայիսի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին հանդես էր եկել ծավալուն ուղերձով:

 

«Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան։ Այսօր եկել է այդ օրը», - ասել էր նա:

 

Սերժ Սարգսյանն առաջ էր քաշել «Ազնվություն, գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա» կարգախոսը:

Սերժ Սարգսյանը՝ 2017թ. մայիսի 18-ին Սերժ Սարգսյանը՝ 2017թ. մայիսի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի եւ խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության եւ անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը եւ ապահովենք դրա հետեւողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության», - ասել էր նախագահը:

 

«Կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձեւ հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը», - նշել էր Սերժ Սարգսյանը:

 

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ

 

Մայիսի 18-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ էր ընտրվել ՀՀԿ խմբակցության առաջադրած թեկնածու Արա Բաբլոյանը:

 

Նրա օգտին քվեարկել է 88, դեմ՝ 12 պատգամավոր:

 

«Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը, ստացել էր 12 կողմ, 88 դեմ ձայն:

Արա Բաբլոյանը՝ 2017թ. մայիսի 18-ին Արա Բաբլոյանը՝ 2017թ. մայիսի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր քվեով ձեւավորեց Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ միշտ առաջնորդվելու եմ այս սկզբունքով: Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են պետության եւ ժողովրդի շահերից: Անելու եմ հնարավորը, որ իշխանություն- ընդդիմություն համագործակցությունը հնարավորինս ամրապնդվի, որն ուղղված է լինելու Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին»,- հայտարարել էր Արա Բաբլոյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին