5/10/15. Ղուկասյանի հերքումը, Ուշակովի հոռետեսությունը, Լավրովի «բանալին» - Mediamax.am

4644 դիտում

5/10/15. Ղուկասյանի հերքումը, Ուշակովի հոռետեսությունը, Լավրովի «բանալին»


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Լավրովը
Սերգեյ Լավրովը
Յուրի Ուշակովը եւ Վլադիմիր Պուտինը
Յուրի Ուշակովը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Արկադի Ղուկասյանը
Արկադի Ղուկասյանը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-17

 

ԼՂՀ նախագահը հերքում է ասեկոսեները

 

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում ասել էր, որ երրորդ ժամկետով ընտրվելու մտադրություն չունի:

 

«Նույնիսկ եթե ապագա Սահմանադրությունն ինձ նման իրավունք վերապահի, դա ամենեւին չի նշանակում, որ ես կօգտվեմ այս հնարավորությունից: Ինձ համար բարոյականության նորմերը նույնքան կարեւոր են, որքան իրավունքի նորմերը: Որպես մարդ եւ որպես նախագահ՝ ես իմ հնարավորությունների սահմաններում արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հասարակության ժողովրդավարացման գործընթացն անշրջելի դառնա: Երբեմն դա անվտանգ չէր։ Սակայն արդյո՞ք արժե այդքան շատ բան վտանգել, որպեսզի այսօր կասկածի տակ դնել այն արժեքները, որոնց հավատարիմ է մեր ժողովուրդը, ստվեր գցել ԼՂՀ-ի կերպարի վրա», - ասել էր Արկադի Ղուկասյանը:

Արկադի Ղուկասյանը Արկադի Ղուկասյանը

 

«Իշխանությունն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Եթե ես ցանկանայի շարունակել նախագահել, տեսականորեն կարող էի ավելի կարճ եւ հեշտ ճանապարհ ընտրել՝ փոխելով համապատասխան օրենքը խորհրդարանում: Ի դեպ, այս առաջարկով ինձ բազմիցս դիմել են ԼՂՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ: Այնուամենայնիվ, ես միշտ դեմ եմ եղել, քանի որ այս մոտեցումը արմատապես հակասում է իմ սկզբունքներին: Թող ոչ ոք չկասկածի ԼՂՀ-ում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության վրա: Սա է նաեւ պատճառը, որ մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը նույնիսկ տեսականորեն կբացառի նման իրավիճակների հնարավորությունը», - ասել էր Ղուկասյանը:

 

ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը

 

Հոկտեմբերի 11-ին Երեւանում սկսեց գործել ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնը:

 

Տեղեկատվական Կենտրոնի գործունեության մեկնարկն ազդարարեցին Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր խոսքում Ռոբերտ Սիմոնսը նշել էր, որ «Կենտրոնի բացումը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների խորացման վկայություն է»:

 

Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնի ստեղծումը նախատեսված է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ-IPAP), որն ուժի մեջ էր մտել 2005 թվականի դեկտեմբերից:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-17

 

ՀԱԿ-ը կոշտացնում է դիրքորոշումը

 

Հոկտեմբերի 14-ին Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել էր, որ իշխանությունների հետ երկխոսության ձախողումից հետո Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) կոշտացրել իր դիրքորոշումը:

 

Արամ Մանուկյանն ասել էր, որ, ի տարբերություն արտահերթ ընտրությունների մասին պահանջի, որը ենթադրում էր իշխանության հետ քննարկումների ձեւաչափ, Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին պահանջը միակողմանի գործընթաց է:

 

«Այլեւս չենք ուզում բանակցել այն իշխանության հետ, որը 8-օրյա հանրահավաքների ընթացքում բլոկադայի էր ենթարկել Ազատության հրապարակը եւ ահաբեկում էր մեր ակտիվիստներին: Այս իշխանությունները բաց պատերազմ են հայտարարել ժողովրդին»,- ասել էր Մանուկյանը:

 

Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

 

Հոկտեմբերի 17-ին Վիգեն Սարգսյանը նշանակվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2009թ. հունվարի 27-ից Վիգեն Սարգսյանը զբաղեցնում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-17

 

Կրեմլը «լավատես չէ»

 

Հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ «Մոսկվան լավատեսության հիմքեր չի տեսնում առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»:

Յուրի Ուշակովը եւ Վլադիմիր Պուտինը Յուրի Ուշակովը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

«Չէի ասի, որ մենք լավատես ենք մոտ ապագայում այդ հակամարտության կարգավորման հարցում: Սակայն Երեւանի եւ Բաքվի հետ կշարունակենք մեր նպատակաուղղված աշխատանքը»,- ասել էր Ուշակովը։

 

ԼՂ կարգավորման առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների «բանալի»

 

Հոկտեմբերի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երեւանում հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ԼՂ կարգավորման հարցում:

Սերգեյ Լավրովը Սերգեյ Լավրովը

 

«Թուրքիան կարող է դրական դեր ունենալ, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխգործակցությունը տարածաշրջանում: Դա կարեւոր գործոն է, որը մենք մշտապես հաշվի ենք առնում։ Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմավորվածությունների կատարմանը՝ առանց դրանք ԼՂ հակամարտության հետ շաղկապելու, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորությունն այնպիսին է, որ ԼՂ կարգավորման առաջընթացն է առանցքային դեր ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», - ասել էր Լավրովը:

    

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին