5/10/15. Ռուս գեներալն ընդդեմ Արեւմուտքի, Կարապետյանն ընդդեմ «ֆեոդալիզմի» - Mediamax.am

exclusive
5575 դիտում

5/10/15. Ռուս գեներալն ընդդեմ Արեւմուտքի, Կարապետյանն ընդդեմ «ֆեոդալիզմի»


Սերգեյ Բոնդարեւը
Սերգեյ Բոնդարեւը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարի Յովանովիչը 2011թ. մարտի 23-ին
Մարի Յովանովիչը 2011թ. մարտի 23-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռուբեն Մելքոնյանը
Ռուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արմեն Աշոտյանը, Կարեն Կարապետյանը եւ Կամո Վարդանյանը 2011թ. մարտի 22-ին
Արմեն Աշոտյանը, Կարեն Կարապետյանը եւ Կամո Վարդանյանը 2011թ. մարտի 22-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-28

 

«Արեւմուտքի ուժերը ձգտում են մուտք գործել Հայաստան»

 

Մարտի 23-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնային Անվտանգության Ծառայության Սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւն ասել էր, որ եթե ռուս սահմանապահները հեռանան Հայաստանից, «այստեղ կգան ուրիշները»:

 

«Պարզ է, որ արեւմտյան ուժերը ցանկանում են հայտնվել այստեղ, եւ այդ նպատակով հատկապես ԱՄՆ-ն շատ տեխնիկական եւ այլ օգնություն է հատկացնում հայկական բանակին: Տրամադրվում են զգալի գումարներ, գնվում է հատուկ տեխնիկա, օրինակ, հայ-վրացական եւ հայ-իրանական սահմանների անցակետերի համար` ընդհուպ մինչեւ տարբեր արձագանքող սարքեր», - հայտարարել էր ռուս գեներալը «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» ամսագրին տված հարցազրույցում:

 

Սերգեյ Բոնդարեւը նշել էր, որ հայ-ռուսական համաձայնագրերում ասվում է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի վերապատրաստմանը զուգընթաց սահմանի հատվածներն աստիճանաբար կփոխանցվեն իրենց:

Սերգեյ Բոնդարեւը Սերգեյ Բոնդարեւը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Սակայն, հաշվի առնելով սահմանների այսօրվա իրավիճակը, այդ հարցը դեռ չի դրվում: Մեր օգնությունը դեռ պետք կգա, կարծում եմ, երկար ժամանակ: Հենց այդ պատճառով էլ մենք արագացնում ենք պայմանագրային հայ սահմանապահների վերապատրաստումը, չնայած պայմանագրայինների ինստիտուտը նոր-նոր է սկսում ձեւավորվել հայկական բանակում: Հայաստանը դեռ ունի բազում խնդիրներ իր արտաքին սահմանների պաշտպանության հետ: Մարդկային եւ նյութական մեծ ռեսուրսներ է պահանջում, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանի հատվածը: Դա առավել քան 900 կմ է: Այնտեղ գտնվում են ռազմական ստորաբաժանումներ, որոնց անհրաժեշտ է ապահովել եւ հանդերձավորել: Մենք մեզ վրա ենք վերցրել թուրք-իրանական հատվածը. դա մեծ օգնություն է Հայաստանին», - ասել էր Բոնդարեւը:

 

Մարտի 22-ին Երեւանում բացվել էր ամերիկյան կառավարության միջոցներով վերանորոգված Հայաստանի սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնը:

Ամերիկյան դեսպանատան պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ «հայ սահմանապահների մի քանի խմբեր արդեն մասնակցել են 1-2 ամիս տեւողությամբ դասընթացների` նախապատրաստվելով ռուսական սամանապահների փոխարինմանը Զվարթնոց օդանավակայանում»: Մինչդեռ, Հայաստանի Սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանն ասել էր, որ օդանավակայանում ռուս սահմանապահների ամբողջական փոխարինման մասին խոսք չի գնում:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-28

 

«Լավ երկիր չի լինի, եթե դպրոցները չփոխվեն»

 

Մարտի 22-ին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել էր.

Արմեն Աշոտյանը, Կարեն Կարապետյանը եւ Կամո Վարդանյանը 2011թ. մարտի 22-ին Արմեն Աշոտյանը, Կարեն Կարապետյանը եւ Կամո Վարդանյանը 2011թ. մարտի 22-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Բազմաթիվ երեխաներ կան, որոնք երբեւիցե չեն հաճախել մշակութային օջախներ, քանի որ հնարավորություն չեն ունեցել: Այս այցելությունները, այս միջավայրի ստեղծումը հաստատ նրանց մեջ ինչ-որ բան փոխելու է: Սա էր այն թեզը, որը ես ուզում էի անպայման ձեզ հաղորդել: Դպրոցը վաղվա օրն է: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենալ, իսկ դպրոցում փոփոխություն չլինի, որեւէ շանս չենք ունենալու»:

 

Կարապետյանը դեմ է «ֆեոդալիզմին»

 

Մարտի 28-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ մտադիր է հրաժարվել քաղաքի կառավարման «ֆեոդալական միտումներից»:

 

«Այն ոլորտները, որոնցում կա բիզնես-տրամաբանություն, պետք է փոխանցել մասնավոր ներդրողին»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

 

«Կան, իհարկե, այսպիսի ֆեոդալական միտումներ` որքան շատ բնագավառներ, ոլորտներ կամ ընկերություններ ես վերահսկում, ղեկավարում կամ կառավարում, այնքան ուժեղ ես դառնում: Դա ամենեւին այդպես չէ: Ավելին, մենք պատրաստ ենք մասնավոր ընկերությունների կառավարմանը հանձնել մեր 100-տոկոսանոց դուստր ընկերությունները: Բիզնեսի կառավարման դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Անհրաժեշտ է անպայման ստեղծել մի համակարգ, որում մարդիկ կվաստակեն օրինական հիմունքներով: Կոռուպցիայի դեմ ցանկացած պայքար ենթադրում է հիմնական խնդրի լուծում: Եթե դու դա չես լուծում, կոռուպցիան արմատախիլ չի լինում: Եթե հնարավորություն չես տալիս օրինական աշխատելու, յուրաքանչյուրը որոնում է, թե ինչպես դա ինքնուրույն անի»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

 

Թուրքիան կարող է «հաշտարարի» դեր ստանձնել

 

Մարտի 22-ին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել էր, որ Թուրքիայի «գերակտիվ» արտաքին քաղաքականությունը կարող է հանգեցնել ոչ միայն նրա առաջնորդությանը Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Հարավային Կովկասում «դատավորի» կամ «հաշտարարի» դերի ստանձնմանը:

 

Ռուբեն Մելքոնյանն ասել էր, որ Մերձավոր Արեւելքի դեպքերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ:

Ռուբեն Մելքոնյանը Ռուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Թուրքիան, օգտագործելով Արեւմուտքի համար ընկալելի լինելու եւ իսլամական արժեքներին հավատարիմ մնալու համատեղելիության մոդելը, փորձում է ստանձնել միջնորդի դեր Արեւմուտքի եւ արաբական երկրների միջեւ: Միաժամանակ ձգտում է ապացուցել, որ կարող է ստանձնել տարածաշրջանի խիստ լարված հակամարտություններում միջնորդի դեր ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Հարավային Կովկասում», - ասել էր Ռուբեն Մելքոնյանը:

 

ԱՄՆ դեսպանը «բացարձակ անընդունելի» է անվանել

 

Մարտի 23-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «բացարձակ անընդունելի» էր անվանել Բաքվի հայտարարությունները դեպի Ստեփանակերտ ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռները գնդակոծելու մտադրության մասին:

 

Ամերիկացի դիվանագետն Ադրբեջանին կոչ էր արել հարգել հակամարտության խաղաղ կարգավորման մասին ստանձնած իր պարտավորությունները:

Մարի Յովանովիչը 2011թ. մարտի 23-ին Մարի Յովանովիչը 2011թ. մարտի 23-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերում ղարաբաղյան կարգավորման բոլոր սկզբունքներին, սակայն կարծում է, որ «ուժի չկիրառման սկզբունքը առավել քան կարեւոր է, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

 

Օսկանյանը «իրավունք չի վաստակել»

 

Մարտի 24-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը «իրավունք չի վաստակել խորհուրդներ տալ Հայաստանի նախագահին»:

 

Հովիկ Աբրահամյանն այդ մասին ասել էր՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցելի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կոչ անի դադարեցնել հացադուլը:

 

Համանախագահների զեկույցը

 

Մարտի 24-ին Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում»:

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2010թ. հոկտեմբերի 7-ից 12-ը կատարել են դաշտային գնահատման առաքելություն Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի յոթ օկուպացված տարածքներում` այնտեղ իրավիճակի գնահատման նպատակով, ներառյալ հումանիտար եւ այլ առումներով: Անցնելով ավելի քան 1000 կմ ճանապարհ` համանախագահները տեսել են ղարաբաղյան հակամարտության ավերիչ հետեւանքների եւ խաղաղ լուծման անհաջողությունների ակնհայտ վկայությունները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են եւ գրեթե ամբողջությամբ ավերված: Չնայած հավաստի թվեր չկան, սակայն բնակիչների ընդհանուր թիվը գնահատվում է շուրջ 14 հազար մարդ, որոնք ապրում են Լաչինի եւ Քելբաջարի փոքր գյուղերում ու քաղաքներում: Համանախագահների գնահատմամբ, այստեղ բնակչության էական աճ չի եղել 2005 թվականից: Բնակիչները` հիմնականում Ադրբեջանից տեղափոխված էթնիկ հայեր, ապրում են ոչ հուսալի պայմաններում` աղքատ ենթակառուցվածքով, ոչ մեծ տնտեսական գործունեությամբ եւ հասարակական ծառայությանը սահմանափակ հասանելիությամբ: Շատերը չունեն անձը հաստատող փաստաթղթեր»,- ասվում էր զեկույցում:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-28

 

«Ծուռ հայելիների թագավորություն»

 

Մարտի 23-ին Ստեփանակերտում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։

 

«Եվ սա վերաբերում է ոչ միայն ԼՂ հիմնահարցին։ Նա պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը կարող է օրինակ հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում։ Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով եւ կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում»,- ասել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին