5/10/15. Աֆեյանի կանխատեսումը, ՌԴ ռազմակայանն ու ՆԱՏՕ-ի հետ կապերը - Mediamax.am

exclusive
4580 դիտում

5/10/15. Աֆեյանի կանխատեսումը, ՌԴ ռազմակայանն ու ՆԱՏՕ-ի հետ կապերը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆերը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆերը

Լուսանկարը` ՆԱՏՕ

Ռուսական ռազմաբազայի զինծառայողները
Ռուսական ռազմաբազայի զինծառայողները

Լուսանկարը` ՌԴ ՊՆ

Ռոբերտ Սիմոնսը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Ռոբերտ Սիմոնսը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-20

 

Աֆեյանի կանխատեսումը

 

Սեպտեմբերի 20-ին, «Հայաստան 2020» ծրագրի նախաձեռնությամբ, Երեւանում բացվել էր Հայաստանի կայուն զարգացման ռազմավարության համահայկական համաժողովը:

 

«Հայաստան 2020»-ի խորհրդի անդամ, Flagship Ventures ընկերության գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը համաժողովում ասել էր, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը առաջընթաց է գրանցել տնտեսության ոլորտում, «սակայն, եթե մենք որեւէ միջոցներ չձեռնարկենք, կտրուկ անկնման ականատեսը կդառնանք»:

 

Աֆեյանն ասել էր, որ «եթե քրտնաջան աշխատենք, ապա մինչեւ 2020 թվականը Հայաստանը կարող է ՀՆԱ աճի ցուցանիշով հասնել Լիտվային» եւ նշել էր, որ Հայաստանի տնտեսության արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային հայկական ցանց, որը «թույլ կտա օգտագործել ամբողջ աշխարհի հայերի ազդեցությունը»: Նուբար Աֆեյանը շեշտել էր, որ առանց Հայաստանի տնտեսական զարգացման երկրորդ փուլի ռազմավարության անհնար է հասնել ցանկալի արդյունքների:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-20

 

ՌԴ ռազմակայանը եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

 

Սեպտեմբերի 15-ին Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը Երեւանում հայտարարել էր, որ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը չի ազդի Հայաստանի հետ դաշինքի հարաբերությունների վրա:

 

Սիմոնսն ասել էր, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ, եւ «ՀՀ ղեկավարությունը հստակ հայտարարել էր ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը շարունակելու մտադրության մասին»:

Ռոբերտ Սիմոնսը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Սիմոնսը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ռոբերտ Սիմոնսը կոչ էր արել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները չընկալել որպես «խաղ զրոյական արդյունքով»:

 

«Մենք գիտենք, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ եւ Ռուսաստանի հետ ունի ռազմաքաղաքական հարաբերություններ: ՀԱՊԿ-ի հետ ՀՀ անդամության բադադրիչներից է Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայումը, եւ ՆԱՏՕ-ն երբեք չի քննադատել այդ փաստը»,- ընդգծել էր Ռոբերտ Սիմոնսը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆերը

Լուսանկարը` ՆԱՏՕ

Սեպտեմբերի 16-ին Կիեւի «Պրոֆիլ» ամսագրում հրապարակված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «հաճույքով» է ընդունել ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման որոշումը:

 

«Դուք, հավանաբար, շատ եք լսել, որ ոչ մի պետություն` նույնիսկ ամենաուժեղը, ամենամեծը, առավել եւս` փոքր Հայաստանը, ի վիճակի չէ միայնակ ապահովել իր անվտանգությունը: Մենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, եւ ոչ միայն երկկողմ հիմունքներով, այլեւ` ՀԱՊԿ շրջանակներում: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ շատ են սպառնալիքներն ու վտանգները: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են դնում իրենց պատմական երկրում ապրելու հայերի իրավունքը: Պատմական եւ ժամանակակից պատճառներով մեծ է մեր տարածաշրջանում զինված բախումների հավանականությունը:

Ռուսական ռազմաբազայի զինծառայողները Ռուսական ռազմաբազայի զինծառայողները

Լուսանկարը` ՌԴ ՊՆ

Ռուսական կողմի շահը իր զինված ուժերի զարգացումն է, ռազմավարական շահերի երկարաժամկետ պլանավորման հնարավորությունը: Մեր շահը անվտանգության ապահովմանն օժանդակելն ու աջակցելն է: Դա լուրջ գործոն է ռազմական գործողությունները չվերսկսելու, կանխարգելելու համար, լավ հնարավորություն է վերազինելու մեր բանակը ժամանակակից ստանդարտներով: Այդ պատճառով ես կարծում եմ, որ այդ երկարացումը բխում է մեր ազգային շահերից»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-20

 

Բաքուն սրում է իրավիճակը տարածաշրջանում

 

Սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարել էր, որ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում  Հարավային Կովկասում իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ:

 

«Ես տեղեկացրեցի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի մասին՝ ուշադրությունը սեւեռելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության էական բարձրացման վրա»,- ասել էր Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով նիստում:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին