5/10/15. «Մարգարե» Էվանսը, Դիլիջանի դպրոցի կրքերը, ՀՀ-ԵՄ մեկնարկը - Mediamax.am

exclusive
9370 դիտում

5/10/15. «Մարգարե» Էվանսը, Դիլիջանի դպրոցի կրքերը, ՀՀ-ԵՄ մեկնարկը


Ջոն Էվանսը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2005 թվականին
Ջոն Էվանսը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2005 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գունար Վիգանդը եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը
Գունար Վիգանդը եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռուբեն Վարդանյանը 2010 թվականին
Ռուբեն Վարդանյանը 2010 թվականին

Լուսանկարը` REUTERS

Վաֆա Գուլուզադեն
Վաֆա Գուլուզադեն

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-19

 

«Հավասարազոր է պետական դավաճանությանը»

 

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն չպետք է համաձայնվի Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը, քանի որ դա կհանգեցնի բուն ադրբեջանական տարածքների կորստին։

 

«ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է Ադրբեջանին համակերպվել տարածքների կորստի հետ եւ բացահայտ զիջումներ անել Հայաստանին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է»,- ասել էր Գուլուզադեն:

Վաֆա Գուլուզադեն Վաֆա Գուլուզադեն

 

Նրա կարծիքով, միջնորդները դիմել են «շատ պարզունակ խորամանկության» եւ առաջարկում են Լեռնային Ղարաբաղում անցկացնել հանրաքվե ոչ թե նրա շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց անմիջապես հետո, այլ, ասենք, 10 տարի անց: Նախագահի նախկին խորհրդականի խոսքերով, «այդ քայլը հավասարազոր կլինի պետական դավաճանությանը»:

 

«Ներկայացում»

 

Հուլիսի 15-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել էր, որ «եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում դիտարկել Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ, դա նշանակում է, որ այն չի ցանկանում կարգավորել խնդիրը»:

 

Ադրբեջանական իշխանությունների պահվածքն Արկադի Ղուկասյանն անվանել էր «ներկայացում» եւ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդիրը լուծել անհնար է:

 

Էվանսի նախազգուշացումը

 

Հուլիսի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր, որ 2007 եւ 2008 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքները կեղծելու ցանկացած փորձ մեծ խնդիրներ կառաջացնի:

 

«Միացյալ Նահանգները գտնում են, որ 2007 եւ 2008 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար եւ այդպես ընկալվեն ինչպես հայ ընտրողների, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից»,- նշել էր ամերիկացի դիվանագետը։

Ջոն Էվանսը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2005 թվականին Ջոն Էվանսը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2005 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Այս տարածաշրջանում որոշ այլ ընտրությունների դասը պետք է չափազանց պարզ եւ հստակ լինի ցանկացած մեկի համար, ով գայթակղություն կունենա կեղծել ընտրությունների արդյունքները. մարդիկ հիմար չեն եւ կհայտնաբերեն դա, ինչը կառաջացնի մեծ խնդիր` հղի ահռելի ռիսկերով», - ասում էր Ջոն Էվանսը։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-19

 

ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախաձեռնողների հայտարարությունը 

 

Հուլիսի 15-ին «ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոց» նախագծի նախաձեռնողները հանդես էին եկել Հանրային խորհրդի անդամներին ուղղված բաց նամակով` «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների ընդունման եւ դրա շուրջ հասարակության մեջ ծավալվող քննարկումների կապակցությամբ:

 

Նամակի հեղինակները նշում էին, որ ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է՝ առանց պետական ֆինանսավորման, եւ նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի $ 60 մլն-ը, եւ այդ գումարը չի ներառում անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար նախատեսված աջակցության միջոցները:

 

«Նշենք, որ հայաստանցի երեխաների շուրջ 80%-ը կսովորեն անվճար հիմունքներով` բարեգործական կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից հատկացված կրթաթոշակներով»,- նկատել էին նամակի հեղինակները` ընդգծելով, որ «մեր աշակերտների էլիտարությունը պայմանավորված է նրանց ինտելեկտուալ կարողություններով, եւ ոչ թե նրանց ծնողների բարեկեցությամբ»:

 

Նամակում ասվում էր, որ դպրոցն ավարտելուց հետո աշակերտին տրվելու է Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը բացում է տարբեր երկրների լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների դռները:

Ռուբեն Վարդանյանը 2010 թվականին Ռուբեն Վարդանյանը 2010 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի եւ իրականացման համար, նույնիսկ պետության եւ հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու եւ բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ եւ անսովոր մի երկիր»,- նշվում էր նամակում:

 

ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկը

 

Հուլիսի 19-ին Երեւանում կայացել էր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունների առաջին փուլը:

Գունար Վիգանդը եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը Գունար Վիգանդը եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գունար Վիգանդը հայտարարել էր կողմերի ռազմավարական հետաքրքրության մասին՝  այս «հավակնոտ եւ հեռանկարային համաձայնագիրը» կնքելու հարցում: Նա կարծիք էր հայտնել, որ բանակցությունների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ներդրողների համար։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-19

 

«Կայուն խորհրդարանական մեծամասնություն»

 

Հուլիսի 15-ին հրապարակվել էր ՀՀ Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը, որի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը կազմվելու է համամասնական ընտրակարգով ընտրված առնվազն 101 պատգամավորից, ինչը պետք է երաշխավորի «կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին