5/10/15: «Հայաստան 2020», Vivacell-ի մեկնարկը, Քլինթոնի կոչը - Mediamax.am

exclusive
9813 դիտում

5/10/15: «Հայաստան 2020», Vivacell-ի մեկնարկը, Քլինթոնի կոչը


Հիլարի Քլինթոնը Երեւանում 2010թ. հուլիսի 4-ին
Հիլարի Քլինթոնը Երեւանում 2010թ. հուլիսի 4-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պիեռ Ֆատուշը, Ռոբերտ Քոչարյանը եւ Ռալֆ Յիրիկյանը 2005թ. հունիսի 30-ին
Պիեռ Ֆատուշը, Ռոբերտ Քոչարյանը եւ Ռալֆ Յիրիկյանը 2005թ. հունիսի 30-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2005թ. հունիսի 29-ին
Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2005թ. հունիսի 29-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29 – ՀՈՒԼԻՍԻ 5

 

«Հայաստան 2020»

 

Հունիսի 29-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր «Հայաստան 2020» ծրագրի համակարգող խորհրդի անդամներ Ռուբեն Վարդանյանին եւ Նուբար Աֆեյանին:

 

Վարդանյանն ու Աֆեյանը ՀՀ նախագահին ներկայացրել էին ծրագրի հիմնական ուղղություններն ու կատարված աշխատանքների արդյունքները եւ տեղեկացրել, որ 2005 թվականի սեպտեմբերին Երեւանում տեղի կունենա «Հայաստան 2020» ծրագրի ֆորումը:

Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2005թ. հունիսի 29-ին Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2005թ. հունիսի 29-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հայաստան 2020» նախագիծն ուղղված էր Հայաստանի երկարաժամկետ զարգացման հնարավոր հեռանկարների վերաբերյալ լայն քննարկումների կազմակերպմանը եւ մինչեւ 2020 թվականը Հայաստանի զարգացման սցենարների մշակմանը։ 

 

«Ռուսաստանի ներքին գործն է»

 

Հունիսի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ ռուսական ռազմական տեխնիկայի վերատեղակայումը Վրաստանից Հայաստան ՌԴ ներքին գործն է:

 

«Ռուսաստանն ունի նման իրավունք եւ իրագործում է այն»,- ասել էր Էրդողանը` ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո:

 

Թուրքիայի վարչապետը հատուկ նշել էր, որ ռուսական ռազմական տեխնիկայի վերատեղակայման հարցը «ոչ մի կերպ չի վերաբերվում Թուրքիային»:

 

Vivacell-ը մեկնարկեց

 

Հուլիսի 1-ին Հայաստանում սկսեց գործել նոր բջջային օպերատոր՝ Vivacell-ը:

Vivacell ցանցի առաջին զանգը կատարել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՝ նոր օպերատորի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, որը տեղի էր ունեցել հունիսի 30-ի երեկոյան:

Պիեռ Ֆատուշը, Ռոբերտ Քոչարյանը եւ Ռալֆ Յիրիկյանը 2005թ. հունիսի 30-ին Պիեռ Ֆատուշը, Ռոբերտ Քոչարյանը եւ Ռալֆ Յիրիկյանը 2005թ. հունիսի 30-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասել էր, որ ծանոթ է Վիվասելի «գերժամանակակից» սարքավորումներին եւ հույս հայտնել, որ դա ընկերությանը թույլ կտա ապահովել կապի բարձր որակ։

 

«Էժանագին փորձեր»

 

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր, որ խոսակցությունները «պալատական ինտրիգների» արդյունքում նախագահ դառնալու իր մտադրության մասին «իմ եւ պետության ղեկավարի միջեւ սեպ խրելու էժանագին փորձեր են»:

 

Պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ «Ռոբերտ Քոչարյանը կկատարի իր սահմանադրական պարտականությունները մինչեւ իր լիազորությունների ժամկետի լրանալու վերջին վայրկյանը»:

 

Մեկնաբանելով Հայաստանի Առաջադիմական երիտասարդական կուսակցության առաջարկը՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններին աջակցելու մասին, պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Եթե կարծում եք, որ այս կուսակցության հայտարարությունը հիմնավորապես բարձրացրեց իմ հեղինակությունը, ապա դա ձեր իրավունքն է»:

 

«Նախագահական ընտրություններին դեռ երեք տարի կա, ուստի դեռ վաղ է խոսել այդ մասին: Մենք ոչ մի տեղ չենք շտապում»,- ասել էր պաշտպանության նախարարը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29 – ՀՈՒԼԻՍԻ 5

 

«Ազատ կամարտահայտման միջոցով»

 

Հուլիսի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»:

 

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդավարական ճանապարհով՝ ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Թե ինչպես դա կիրականացվի, դեռ պետք է քննարկել »,- ասել էր ռուսաստանցի դիվանագետը:

 

Քլինթոնի կոչը

 

Հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւանում հայտարարել էր, որ «Թուրքիան պետք է կատարի խոստացված քայլերը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»:

 

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այդ մասին ասել էր՝ պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե ինչպե՞ս է Վաշինգտոնի վերաբերում այն փաստին, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պարտավորությունները, որոնք ամրագրված են 2009 թվականի հոկտեմբերին Հիլարի Քլինթոնի ներկայությամբ ստորագրված արձանագրություններում։

 

«Ինձ համար պատիվ էր լինել Ցյուրիխում՝ այս պատմական արձանագրությունների ստորագրմանը: Դա համարձակ որոշում էր Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների կողմից՝ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար»,- նկատել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Հիլարի Քլինթոնը Երեւանում 2010թ. հուլիսի 4-ին Հիլարի Քլինթոնը Երեւանում 2010թ. հուլիսի 4-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հիլարի Քլինթոնը հիշեցրել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որը 2010-ի ապրիլին հայտարարել էր, որ հայկական կողմը չի դադարեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց կասեցնում է այն՝ մինչ Թուրքիան առաջ շարժվելու պատրաստակամություն ցուցաբերի:

 

«Մենք ողջունում ենք ՀՀ նախագահի պատրաստակամությունը շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը` չնայած բոլոր դժվարություններին: Սպորտային տերմինաբանությամբ ասած՝ գնդակը գտնվում է մյուս կողմի դաշտում»,- ասել էր Հիլարի Քլինթոնը՝ կոչ անելով Թուրքիային «ձեռնարկել խոստացված քայլերը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ՀՈՒԼԻՍԻ 5

 

«Կոռուպցիան թուլացնում է մեզ»

 

Հուլիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ դատախազությունը պետք է անզիջում լինի «մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսեւորումների հանդեպ»:

 

Այս մասին ասվում էր Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ նախագահի հղած շնորհավորական ուղերձում:

 

«Կոռուպցիայի դրսեւորումներից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ եւ աննկուն աշխատանքի»,- նշել էր նախագահը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին