5/10/15. Հայ-թուրքական գործընթաց, «կանխարգելիչ հարվածներ» - Mediamax.am

exclusive
5997 դիտում

5/10/15. Հայ-թուրքական գործընթաց, «կանխարգելիչ հարվածներ»


Աբդուլա Գյուլը, Սերժ Սարգսյանը եւ Ահմեդ Դավութօղլուն
Աբդուլա Գյուլը, Սերժ Սարգսյանը եւ Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Խավյեր Սոլանան
Խավյեր Սոլանան

Լուսանկարը` REUTERS

Արկադի Տեր-Թադեւոսյանը
Արկադի Տեր-Թադեւոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

 

Կոչ Եվրոպական միությանը

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ Եվրոպական Միությունը պետք է իր դերը խաղա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում:

 

Հանդես գալով Երեւանում իր դանիացի գործընկեր Փեր Սթիգ Մյուլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Վարդան Օսկանյանն ասել էր, որ Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ համարժեք հարաբերություններ հաստատելու դեպքում, Թուրքիան հատուկ դեր կունենա տարածաշրջանում, քանի որ հանդիսանում է ՆԱՏՕ-ի միակ անդամ-պետությունը, որը միաժամանակ սահմանակցում է Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին եւ տարածաշրջանի միակ պետությունը, որն ունի Եվրոպական Միությանն անդամակցելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

 

Հայ-թուրքական գործընթաց

 

Օգոստոսի 31-ին ընդունվել էր Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը, որում ասված էր.

 

«Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:

 

Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանադրական եւ օրենսդրական գործընթացների:

 

Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

 

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը հանձն են առնում շարունակել համատեղ ջանքերը Շվեյցարիայի օժանդակությամբ»:

Աբդուլա Գյուլը, Սերժ Սարգսյանը եւ Ահմեդ Դավութօղլուն Աբդուլա Գյուլը, Սերժ Սարգսյանը եւ Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սեպտեմբերի 1-ին՝ հանդես գալով Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դեսպանների հավաքին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր.

 

«Ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման: Ինչպես եւ պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով: Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները»:

 

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, որ Թուրքիան հույս ունի Հայաստանի հետ սահմանը բացել մինչեւ տարեվերջ:

 

«Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածի համաձայն, եւ եթե փոխադարձ քայլեր կատարվեն, սահմանը կարող է բացվել մինչեւ Նոր տարի» - ասել էր Դավութօղլուն:

 

Սեպտեմբերի 1-ին Եվրոպական Հանձնաժողովի անդամներ Բենիտա Ֆերերո-Վալդների եւ Օլլի Ռենը ողջունել էին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնությունը: 

 

«Եվրոպական Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունների արագ եւ հաստատուն կատարմանը: Այդ համաձայնությունը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում», - ասվում էր նրանց հայտարարության մեջ:

Խավյեր Սոլանան Խավյեր Սոլանան

Լուսանկարը` REUTERS

Նույն օրը ԵՄ արտաքին եւ միասնական քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան ողջունել էր «Թուրքիայի եւ Հայաստանի համաձայնությունը արձանագրությունների համաձայն ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին, որոնք հիմք են ծառայում դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար»:

 

Սոլանան ասել էր, որ «դա կարեւոր քայլ է երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին, ինչը կնպաստի Եվրոպայի կարեւոր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Ես արժանին եմ մատուցում այդ պատմական գործընթացի առաջխաղացման գործում երկու կողմերի քաջությանն ու տեսլականին: Հուսով եմ, որ այդ երկու արձանագրությունները կստորագրվեն, կվավերացվեն եւ կիրականացվեն մոտ ապագայում», - ասել էր Սոլանան:

 

«Oրերի, շաբաթների եւ ամիսների հարց չէ»

 

Սեպտեմբերի 1-ին՝ հանդես գալով Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դեսպանների հավաքին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր «բացատրել ձեր հավատարմագրման երկրների պաշտոնյաներին, որ խնդրի կարգավորումն օրերի, շաբաթների եւ ամիսների հարց չէ»:

 

«Բոլորը պետք է հստակ պատկերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամենը կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Նույնիսկ դրանց շուրջ համաձայնության գալու դեպքում բաց են մնում բազմաթիվ այլ սկզբունքներ, իսկ այնուհետեւ` բուն համաձայնագիրը, որով պետք է կարգավորվեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է:

 

Մեր առաջնահերթ խնդիրներն են այս փուլում` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում եւ հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդն եղել է գոյատեւման եւ ազատության համար պայքարող ժողովրդի դերում, եւ որեւէ մեկը իրավունք չունի ապրելու իր իրավունքը արյամբ պաշտպանած Արցախին «ագրեսոր» անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ եւ համոզիչ», - ասել էր Հայաստանի նախագահը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

 

«Կանխարգելիչ հարվածներ»

 

Օգոստոսի 26-ին Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն ասել էր, որ հայկական կողմը պետք է «կանխարգելիչ հարվածներ» հասցնի Ադրբեջանին, որպեսզի չեզոքացնի Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի մշտական լարումը:

Արկադի Տեր-Թադեւոսյանը Արկադի Տեր-Թադեւոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ես բնավ ռազմական գործողությունների վերսկսման կոչ չեմ անում: Բայց որպես ռազմական մասնագետ, ես առաջարկում եմ հասցնել ճիշտ մտածված, նպատակային հարվածներ եւ գրավել շփման գծում բարձրադիր դիրքերը: Եթե մենք դա չանենք, ապա ադրբեջանական կողմը մշտապես լարելու է իրավիճակը շփման գծում»,- ասել էր Կոմանդոսը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին