5/10/15. Մանուչարյանը՝ թիրախ, «Meds Yeghern», Էրդողանի ելույթը - Mediamax.am

exclusive
6177 դիտում

5/10/15. Մանուչարյանը՝ թիրախ, «Meds Yeghern», Էրդողանի ելույթը


Աշոտ Մանուչարյանը 2004 թվականին՝ մինչ հարձակումը
Աշոտ Մանուչարյանը 2004 թվականին՝ մինչ հարձակումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Աշոտ Մանուչարյանը 2010 թվականին
Աշոտ Մանուչարյանը 2010 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռեջեփ Էրդողանը 2014թ. ապրիլին
Ռեջեփ Էրդողանը 2014թ. ապրիլին

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քոչարյանը եւ Յոշկա Ֆիշերը
Ռոբերտ Քոչարյանը եւ Յոշկա Ֆիշերը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բարաք Օբաման՝ 2009թ. ապրիլին
Բարաք Օբաման՝ 2009թ. ապրիլին

Լուսանկարը` REUTERS

Էդվարդ Նալբանդյանը եւ Հիլարի Քլինթոնը
Էդվարդ Նալբանդյանը եւ Հիլարի Քլինթոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը 2003 թվականին
Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը 2003 թվականին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովում
Սերժ Սարգսյանը Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-28

 

Ֆիշերը՝ Երեւանում

 

Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը Երեւանում քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը:

Ռոբերտ Քոչարյանը եւ Յոշկա Ֆիշերը Ռոբերտ Քոչարյանը եւ Յոշկա Ֆիշերը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե ինչպե՞ս է Գերմանիան վերաբերվում  հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապելու փորձերին, Յոշկա Ֆիշերն ասել էր, որ «նախապայմանների առաջադրումը չի նպաստում տարածաշրջանային խնդիրների լուծմանը»:

 

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել էր, որ «հարեւանները պետք է գնան փոխզիջումների, որոնք թույլ կտան ի վերջո հասնել համաձայնության»:

 

Մանուչարյանի վրա հարձակումը

 

Ապրիլի 22-ին Երեւանի կենտրոնում՝ քաղաքային դատախազությունից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, անհայտ անձինք ծեծի էին ենթարկել ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին:

Աշոտ Մանուչարյանը 2004 թվականին՝ մինչ հարձակումը Աշոտ Մանուչարյանը 2004 թվականին՝ մինչ հարձակումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հարձակումը տեւել էր մոտ երեք րոպե: Աշոտ Մանուչարյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ ապագայում ստիպված էր դեմքի մի քանի վիրահատության ենթարկվել:

Աշոտ Մանուչարյանը 2010 թվականին Աշոտ Մանուչարյանը 2010 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Թերագնահատել են ադրբեջանական գործոնը»

 

Ապրիլի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Թուրքայի կառավարությունը «թերագնահատել է ադրբեջանական գործոնը»:

 

«Մենք լավ սկսեցինք մեր հարաբերությունները թուրքական նոր կառավարության հետ: Նախորդ տարվա սկզբից ես երեք հանդիպում եմ ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլի հետ: Առաջին հանդիպումը լավն էր, երկրորդը` ավելի վատը, իսկ երրորդը` վատն էր: Սկզբից մենք ուշադրությունը կենտրոնացրել էինք երկկողմ թեմաների վրա:

Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը 2003 թվականին Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը 2003 թվականին

Լուսանկարը` REUTERS

Երկրորդ հանդիպման ժամանակ բանակցությունների առարկա դարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղը, իսկ երրորդ հանդիպմանը Ղարաբաղը նախապայման դարձավ հարաբերությունների բարելավման համար: Այսպիսով, մենք հայտնվեցինք այն նույն ելակետային դիրքերում, ինչ Թուրքիայի նախորդ կառավարության օրոք»,- ասել էր Վարդան Օսկանյանը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ թուրքական կառավարությունը հրաժարվեց իր նախորդ, ճկուն դիրքորոշումից, Վարդան Օսկանյանը շեշտել էր.

 

«Նրանք թերագնահատեցին ադրբեջանական գործոնը: Երբ որ այդ կառավարությունը եկավ իշխանության, նրանք մտածում էին, որ կարող են անել այն ամենը, ինչն անհրաժեշտ կհամարեն: Սակայն հետո նրանք հասկացան, որ չեն կարող արհամարհել ադրբեջանական գործոնը»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-28

 

Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»

 

Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունները եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 22-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որն ապրիլի 23-ի վաղ առավոտյան տարածվեց Երեւանում:

 

«Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց և փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:

 

Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար», -ասվում էր հայտարարության մեջ:

 

Ապրիլի 23-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Վուդն ասել էր.

 

«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Մենք կոչ ենք անում Թուրքիային եւ Հայաստանին շարունակել ջանքերը` համաձայնեցված ձեւաչափին եւ «ճանապարհային քարտեզին» համապատասխան: Մենք պատրաստ ենք համագործակցել երկու կառավարությունների հետ` հարաբերությունների կարգավորմանը սատարելու ու ողջ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն խրախուսելու համար»:

Էդվարդ Նալբանդյանը եւ Հիլարի Քլինթոնը Էդվարդ Նալբանդյանը եւ Հիլարի Քլինթոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ապրիլի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել էր Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարության ստորագրումը՝ այն «պատմական քայլ» անվանելով:

 

«Meds Yeghern»

 

Ապրիլի 24-ին ամերիկահայերին ուղղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու անգամ օգտագործել էր Meds Yeghern արտահայտությունը:

 

Բարաք Օբաման խուսափեց օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ միաժամանակ նշելով, որ «այդ պատմական իրադարձությունների վերաբերյալ իմ գնահատականը չի փոխվել»:

Բարաք Օբաման՝ 2009թ. ապրիլին Բարաք Օբաման՝ 2009թ. ապրիլին

Լուսանկարը` REUTERS

«Ես հետեւողականորեն հայտարարել եմ 1915-ին տեղի ունեցածի մասին իմ անձնական գնահատականը, եւ այդ պատմության վերաբերյալ իմ տեսակետը չի փոխվել: Իմ հետաքրքրությունը շարունակում է մնալ փաստերի լիարժեք, բաց եւ արդար ճանաչման մեջ»,-  ասվում էր Օբամայի հայտարարության մեջ:

 

ՀՅԴ-ն լքեց կոալիցիան

 

Ապրիլի 27-ին ՀՅԴ-ն դուրս էր եկել Հայաստանի իշխող կոալիցիայի կազմից:

 

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ որոշման պատճառն արտաքին քաղաքականության հարցերում «անհաղթահարելի տարաձայնություններն» էին, մասնավորապես՝ կուսակցության անհամաձայնությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ղեկավարության քաղաքականության հետ:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-28

 

«Քաղաքական դեգրադացիա»

 

Ապրիլի 22-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը»:

 

«Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ», - ասել էր ՀՀ նախկին նախագահը՝ 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում:

 

«Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»,- նկատել էր Ռոբերտ Քոչարյանը:

   

Էրդողանի ցավակցությունները 

 

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր հայտարարությամբ:

 

«Ապրիլի 24-ը աշխարհի բոլոր հայերի համար պատմական հարցի շուրջ ազատ արտահայտվելու լավ առիթ է:  Չենք կարող ժխտել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական եւ էթնիկ պատկանելիությունից, եղել է դժվար շրջան՝ լի դառը իրադարձություններով»,- ասվում էր հայտարարության մեջ: 

Ռեջեփ Էրդողանը 2014թ. ապրիլին Ռեջեփ Էրդողանը 2014թ. ապրիլին

Լուսանկարը` REUTERS

«Ցանկանում ենք, որպեսզի 20-րդ դարասկզբին զոհված հայերի հոգիների հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց ժառանգներին հայտնում ենք մեր ցավակցությունը»,- նշել էր Թուրքիայի վարչապետը:

 

«Չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ»

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին ասել էր, որ «մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»։

Սերժ Սարգսյանը Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Մեր համոզմամբ, գործընկեր երկրներից որեւէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ։ Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արեւելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «եւ՛, եւ՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն եւ ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները եւ ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով», - ասել էր ՀՀ նախագահը՝  ելույթ ունենալով Պրահայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նիստին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին