Աշխարհի ծանրությունը սերն է (c) - Mediamax.am

Աշխարհի ծանրությունը սերն է (c)
1879 դիտում

Աշխարհի ծանրությունը սերն է (c)


Հայաստանում ամենաընդունված փաստարկն ու հակափաստարկը «առաջին քրիստոնյա ազգը» լինելու հանգամանքն է:  Իրականում՝ առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետությունը: Այո, ես համոզված եմ, որ Քրիստոնեության ընդունումը լավագույն բանն է, որ կատարվել է մեր երկրի հետ, որովհետեւ դրանից է բխում մեր դպրությունը, մեր մշակույթը, մեր լինելիությունը: Սա, իհարկե, վիճելի պնդում է շատերի համար, բայց սա իմ սյունյակն է:

 

Ես համոզված եմ, որ Քրիստոնեությունն արդեն շատ վաղուց դադարել է միայն կրոն լինել. դա հիմքն է, որի վրա ձեւավորվել է մի ողջ արժեհամակարգ, դա այլեւս քաղաքակրթություն է:

 

Օրերս համաշխարհային մեդիան տարածեց մի տեսանյութ, որը պատմում էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Սուդանի իշխանական եւ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հանդիպման մասին:

 

 

Պապը մտնում է սրահ, որտեղ իրեն սպասում են երկու օր առաջ իրենց հայրենիքում ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած եւ իշխանություն կորցրած մարդիկ: Նրանք՝ թշնամիներով: Պապը՝ ծանրաշարժ, դանդաղ քայլերով մոտենում է նրանցից յուրաքանչյուրին, ծանր հեւոցով ծնկի իջնում ու համբուրում նրանց ոտքերը՝ բոլորինը, հերթով: Սուդանցիներից առաջինը գրեթե չի շարժվում տեղից, որովհետեւ ապշած է տեղի ունեցածից: Մյուսները փորձում են խանգարել Պապին՝ ծնկի գալ իրենց առջեւ, որովհետեւ այս խոնարհությունը չափազանց ծանր է, որովհետեւ այս անչափելի սիրո բեռը անտանելի է այս մարդկանց համար, որ գնալու են իրենց հայրենիք ու սպանեն իրար՝ այլ կրոն, մաշկի այլ գույն, այլ քաղաքական հայացքներ ունենալու համար: 

 

Այս մարդիկ սպասում էին Պապի խրատին, խաղաղության կոչերին, սեփական երկրում ցեղասպանություն չկրկնելու պարզ հորդորներին: Այս մարդիկ պատրաստ էին տանել այդ ամենը, բայց ոչ այս սերն ու խոնարհությունը: 

 

Պապի այս քայլը Քրիստոնեությունն է՝ իր ողջ էությամբ: Կրոնի, որ սեր, գթություն, ներողամտություն, հանդուրժողականություն ու խոնարհություն է, որ զուսպ է, ժուժկալ ու ոչ բարձրախոս: Կրոնի, որ ասում է՝ մի դատիր, մի սպանիր ու մի գողացիր: Կրոնի, որ ասում է՝ Աստված սեր է: Իսկ «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում»:

 

Հայաստանում ամենաընդունված փաստարկն ու հակափաստարկը Քրիստոնեությունն է, որի վրա հղում անելով մենք դատում ենք, գոռոզանում,  կոչ անում սպանել: «…Քո կամքը լինի…» ասելով` նկատի ունենում միայն մեր կամքը եւ ոչ թե Նրա: Մենք հղում ենք անում մի բանի, որ չենք ճանաչում, որովհետեւ վախենում ենք, որ կճանաչենք ու չենք դիմանա սիրո այդ չափին:

 

(c) Ալեն Գինսբերգ. Երգ 1954

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին