Միակ կարեւոր բանը կյանքն է - Mediamax.am

Միակ կարեւոր բանը կյանքն է
2291 դիտում

Միակ կարեւոր բանը կյանքն է


Մի քանի տարի առաջ մահից չէի վախենում, որովհետեւ մտածում էի՝ ինչ լինելու է, կլինի, կամ՝ ինչ էլ լինի, ես այլեւս չեմ իմանա դրա մասին: Այս մտայնությունը տեւում է մինչեւ այն ժամանակ, երբ կյանքումդ հանկարծ հայտնվում են մարդիկ, ում սիրելը կյանքիցդ, մահիցդ, ամեն ինչի կարեւոր է դառնում: Տարօրինակ է, բայց մեզանից առաջ եղածների նկատմամբ սերը՝ ծնողներ, մեծ քույր-եղբայրներ, տատիկ-պապիկներ, մենք ընկալում ենք որպես խիստ բնական, օրգանական, մեզանից անկախ ինչ-որ զգացում, չենք կենտրոնանում դրա վրա, ինչպես չենք կենտրոնանում շնչելու, ապրելու վրա:

Հինգ տարի առաջ վերադառնում էի ճամփորդությունից: Օդեսայից Կիեւ ու հետո՝ Երեւան թռիչք էր սպասվում: Առաջին կարճ թռիչքի ժամանակ փորձեցի քնել ու արթնացա անկման զգացողությունից ու կողքիս նստած իտալացու բարձրաձայն, անհասկանալի լեզվով, բայց չափազանց հասկանալի հնչերանգով բղավոցներից: Միանգամից հասկացա՝ խնդիր կա: Բոլորը բղավում էին, բռնել ու սեղմում էին կողքինների  ձեռքերը: Միակ ծանոթս ինձանից մի քանի շարք առաջ էր նստած. միակ բանը, որ կարող էինք անել՝ լուռ ու վախեցած իրար նայելն էր: Առաջին ու միակ բանը, որ այդ պահին անցնում էր մտքովս, այն էր, որ այլեւս չեմ տեսնի եղբորս տղային, չեմ տեսնի՝ ինչպես է սկսում խոսել, չեմ լսի առավոտյան շուտ բոբիկ տոտիկների վազքը դեպի իմ սենյակ ու ամեն օր ստիպված չեմ լինի մաքրել թաթերի հետքերը սենյակիս դռան ապակիներից: Երեւի այդպես է, վերջին վայրկյանին կյանքիդ ամենասիրելին ու կարեւորն ես հիշում:

Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց: Հասանք Կիեւ, այնտեղից՝ Երեւան: Ես այս պատմությունն այդպես էլ ծնողներիս չպատմեցի:

Հիմա եկել է մի ժամանակ, երբ ամեն օր ստիպված ենք մտածել ամենակարեւորի ու ամենասիրելիի մասին, եւ դա, ցավոք մեզանից կախված չէ: Աշխարհը շատ արագ եւ շատ կտրուկ է փոխվում, եւ այս ընթացքը հաղթահարելու են միայն այն հասարակությունները, որոնք առավել ճկուն կլինեն՝ նոր կենսակերպ, համակեցության նոր կանոններ, սեփական առողջության նկատմամբ նոր մոտեցումներ դրսեւորելով:

Կարող եք չսիրել, չհարգել, չընդունել կառավարությանն ու որոշում կայացնողներին, կարող եք մեղադրել նրանց ուշացած կամ ուռճացված որոշումների համար, չափազանց փափուկ կամ խիստ գործելաոճի համար, ամեն-ամեն ինչի, բայց դա արեք ինքներդ ձեր մասին հոգ տանելուց հետո, որովհետեւ միակ բանը, որ կարեւոր է, մարդկային կյանքն է, ձեր կյանքը, իմ կյանքը, յուրաքանչյուր կյանք ու այդ կյանքի յուրաքանչյուր վայրկյան:

Այո, դիմակ եւ ձեռնոց կրելը չափազանց բարդ է, չափազանց անհարմար: Ինձ համար գրեթե նույնքան անհարմար, որքան ձմռանը շարֆ կապելն ու գլխարկ դնելը: Բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, եւ ունեցածի հետ ապրելու անկարողությունն ու անպատրաստությունը այսօր դառնում են ավելորդ արկածախնդրություն:

Երկու շաբաթ առաջ հայրիկիս ծնունդն էր: Առաջին անգամ կյանքում այդ օրը տանը չէի: Ինքնամեկուսացված էի շուրջ 3 շաբաթ: Ես ծնողներիս տուն տորթ ուղարկեցի, նրանք ինձ՝ լուսանկարներ այն մասին, թե ինչպես են եղբորս որդիները տատիկ-պապիկի հետ կտրում ծննդյան տորթը: Այս պատմության մեջ, ինձ համար, ողբերգություն չկար. կար պարզ ընտրություն՝ շատ ցանկալիի եւ ունեցածս ամենակարեւորը չվտանգելու միջեւ:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին