Գերիների ընտրությունը - Mediamax.am

Գերիների ընտրությունը
2231 դիտում

Գերիների ընտրությունը


Օրեր առաջ գործընկերներիս հետ գնում էինք Սպիտակ՝ նկարահանման։ Երկար ճանապարհը զրույցների հարմար տեղ է։ Իսկ Հայաստանում վերջին մեկ տարում բոլոր զրույցները պատերազմի մասին են։ Մեր անիմաստ ու ապարդյուն զրույցները։

– Այս պատերազմն ամեն ինչ փոխեց՝ արժեքային հարթության վրա, անգամ այն, որ գերիներին սկսեցինք հերոս կոչել, – ասում է գործընկերներիցս մեկը։

– Այո, բայց դրա համար շատ կարեւոր «արդարացում» կա․ եթե առաջ գերությունը ոչ բավարար խիզախության չափանիշ էր, ապա այսօր՝ այս պատերազմում, դա պետության ամուլության ցուցանիշն է։ Պետության, որ ոչինչ չարեց, որ իր զավակները գերի չդառնան, – պատասխանում եմ ես։

Պարտությունը, որ իրականում փոխեց ամեն ինչ, արդեն մեկ տարի ամեն վայրկյան մեր առջեւ նոր ընտրություն է դնում։ Կյանքի ու մահվան, սիրո ու ատելության, արդարության ու գթասրտության, մեղքի ու խոնարհության, պետության ու իշխանության, հայրենիքի ու մարդու միջեւ արվող ընտրություն։ Եվ այս ընտրության մեջ ամենասարսափելին այն է, որ դրանցից որեւէ մեկում ճիշտ տարբերակ չկա։ Մենք ընտրում ենք պարտության ու պարտության միջեւ։

Եվ ահա երեկ պետությունը՝ առաջին դեմքով, հայտարարում է՝ մեղավոր են գերիները։ Նրանք, որ կյանքի ու մահվան միջեւ ընտրել են կյանքը, նրանք, ում այդ ընտրությունը, կարծես, տրված էլ չի եղել։ Նրանք, ովքեր հայրենիքի ու մարդու միջեւ ընտրել էին հայրենիքը եւ ոչ անձը իրենց, եւ ինչի համար հայրենիքն այսօր ուրանում է իրենց։

Պետությունը՝ առաջին դեմքով, նոր մեղավոր է գտել, որովհետեւ մեղքը չափազանց շատ է եւ այլեւս բավական չէ նրանց համար, ում անուններն արդեն տրվել էին՝ զինվորների, որ լավ չեն կռվել, զոհվածների, որ անտանելի բեռ են դարձել, ողջերի, որ ողջ են մնացել, Սփյուռքի, որ քիչ է օգնել, լրագրողների, որ լավ չեն աշխատել, «հաղթողների», որ չեն հաղթել... Մեղքն այնքան շատ է, որ ակնհայտ է՝ մի օր իրենց էլ է բաժին հասնելու։

Պետությունը՝ առաջին դեմքով, նոր մեղավոր է գտել. նրանք, որ նախընտրական քարոզարշավին ամենաթանկն էին՝ սեփական զավակի չափ թանկ, նրանք, որ հանկարծ ամենաներողամիտը դարձան, որ չհայտարարված պայմանավորվածությամբ պատրաստ էին մեկ-երկու ամիս ավելի դժոխքում մնալ՝ հանուն հաղթության պետության՝ առաջին դեմքով։

Այսպես լինելու էր, ամեն ինչ պարզ է. նոր մեղքերի համար նոր մեղավորներ են պետք։ Ցանկացածը՝ բացի իրենցից։ Ցանկացածը, որ արդարության ու գթասրտության միջեւ ընտրել է գթասրտությունը, կյանքի ու մահվան միջեւ՝ կյանքը, հայրենիքի ու մարդու միջեւ՝ հայրենիքը։

Աստված ասում է՝ «Սիրիր մերձավորիդ, ինչպես անձը քո»։ Իսկ ինչպե՞ս սիրես մերձավորիդ, երբ ատում ես անձը քո, որովհետեւ անճար է ու անօգնական, իսկ դու ատում ես խեղճությունը։ Որովհետեւ դու գերի ես քո հայրենիքում, իսկ գերիներին ընտրություն չեն թողնում։ Որովհետեւ գերիների հայրենիքում բոլորն են մեղավոր, առաջին հերթին՝ գերի դառնալու համար։

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին