Որդիների լուռ սիրո վրա հույս դնող հայրենիքը պարտվում է - Mediamax.am

Որդիների լուռ սիրո վրա հույս դնող հայրենիքը պարտվում է
1998 դիտում

Որդիների լուռ սիրո վրա հույս դնող հայրենիքը պարտվում է


Պատերազմից հետո ոչինչ չեմ գրել, որովհետեւ, թվում է՝ ոչինչ այլեւս իմաստ չունի, ամեն ինչ պարզ է՝ հաղթողները պառկած են ու սիրելի, պարտվածներս՝ ողջ ու իրար ատելի։ Սա առաջին փորձս է գրելու ինչ–որ բան, որ կա՛մ իմաստ ունի, կա՛մ մխիթարության հուսահատ փորձ է։ Մխիթարության, որ չի գտնվում։

Առավոտյան տաքսին ինձ հասցնում է գրասենյակ՝ անխնամ, նեղ փողոցներով: Ճանապարհին փոքր դպրոց կա: Բարձրդասարանցիները, որ սովորականից շուտ են եկել, դպրոցի շենքի ամբողջ երկայնքով թելեր են կապում, որ վրան կախեն սեւ-սպիտակ տպած ուրախ ժպիտները: Այս մի դպրոցից այսքան շատ զո՞հ, մտածում եմ ես: Իսկ սեւ ու սպիտակ հագած երեխաները թելեր են կապում իրենց դպրոցի ամբողջ երկայնքով:

Պատերազմից երկու տարի առաջ մի հանդիպման էի՝ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Գնացել էի՝ որպես հյուր, իսկ հյուրերը, որպես կանոն, լուռ են եւ հարգալից։ Հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկն առաջարկ արեց՝ ավելացնել դպրոցներում «հայրենասիրական բնույթի ուսուցումը», քանի որ «դա մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է, իսկ դրա պակասն այնքան զգալի»։ Առաջարկն ընդունվեց անզուսպ համակրանքով, ինչպես ընդունվում են ճոխ սեղանների գլխավերեւից ասված սիրուն կենացները։

Ես միջամտեցի, որ կրթության մեջ, հատկապես այսօր, գումարը պետք է ուղղել բոլորովին այլ տեղեր՝ օրինակ՝ նոր տեխնոլոգիաներ, որ հատկապես Ապրիլյան պատերազմից հետո մեղք է հայրենասիրության պակասից խոսելը, որովհետեւ փորձը ցույց տվեց՝ երկիր պահողները այն սիրողներն են, կործանողները՝ դրա պակասից անվերջ խոսող տգետները։ Որովհետեւ 21–րդ դարում հաղթում են մտածողները, ոչ սիրողները։ Րոպեներ անց ինձ խնդրեցին չմիջամտել այլոց զրույցին՝ չնախատեսված ու «խիստ կանացի» իմ պոռթկումներով։

Այդ ժամանակ արդեն ինձ համար պարզ էր՝ հայրենիքները, որ հույսը դնում են իրենց որդիների լուռ սիրո վրա, պարտվելու են, որովհետեւ սերն այդ մի օր ավարտվելու է, ինչպես ավարտվում է յուրաքանչյուր սեր, որ փոխադարձ չէ։ Որովհետեւ հայրենիքը, որի զավակները ծնվում են միայն մեռնելու համար, ապրել չի կարող։  Որովհետեւ, երբ որոշում ես ոչ թե սպանել յոթգլխանի վիշապին, այլ ամեն տարի նրան զոհել ցեղիդ ամենալավին, վիշապն ավելի ուժեղ է դառնում, իսկ ցեղդ սպառվում է անդառնալիորեն։

«Ախ դու կըկու, հիմար կըկու
Քանի փոքրիկ ձագ ունե՞ս դու»...

Ու քանի դեռ կկուն հիմար է, իր բնում ծնված յուրաքանչյուր ձագ սովորելու է ոչ թե վեր թռչել, այլ ցած նետվել ծառից, որովհետեւ ամենամեծ չարը ծառի տակ կանգնած աղվես չէ, այլ բնում նստածի հիմարությունը:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին