Բոլոր-բոլորը ու ես - Mediamax.am

Բոլոր-բոլորը ու ես
2719 դիտում

Բոլոր-բոլորը ու ես


«Գիրուկները միշտ բարի են»,- ասում է գործընկերուհիս:

«Դա կարծրատիպ է»,- պատասխանում եմ ես:

«Դու դա պնդել չես կարող»,- համառում է նա:

«Կարող եմ, ես 25 տարի այդ կարծրատիպի կրողն եմ եղել»,- պատասխանում եմ:

Հիմա, երեւի, դժվար է պատկերացնել, որ ես երբեւէ գիրուկ եմ եղել: Գիրուկ չէ, գեր: Փոքր ժամանակ մայրս երազում էր, որ ես իմ տարեկից աղջիկների պես, երբեւէ կկարողանամ կարճ տաբատ կրել: Մայրս երազում էր, իսկ մնացյալ բոլորը բարձրաձայնում էին. «Լավ երեխա է, միայն թե չաղ է», «Նիհարի էլի, ջահել երեխա ես», «Դու հաստատ մի հիվանդություն կունենաս»...

Ինձ դատում էին մի բանի համար, ինչը փոխելը իմ ձեռքերում չէր: Ինձ դատում էին, որովհետեւ ես իրենց նման չէի: Իսկ ես բարի էի, որովհետեւ կարծում էի, որ դրանից զատ սիրելի լինելու ուրիշ արժանիք ուղղակի չունեմ: Ես բարի էի ձեւանում, բայց հոգուս խորքում ատում էի բոլորին, որ այդքան կտրուկ, որ այդքան չար, որ այդքան ցավոտ կարող են ասել: Այդ օտար մարդկանց, որ մտահոգ չէին իմ առողջությամբ, իմ երջանկությամբ, որ ցավեցնում էին ու անցնում առաջ` իրենց գործերին, իրենց իմացած «սովորականին»:

Երբ արդեն մեծ էի, սկսեցի կարդալ իմ խնդրի մասին: Անցա բացառապես առողջ սննդի: Փորձեցի աշխարհի ամենավատ, ամենախիստ դիետաները: Ես նիհարեցի 42 կգ: Այսօր ես կշռում եմ ճիշտ այնքան, որքան 10 տարեկանում: Դեռ 4-5 տարի առաջ ես խանութներում ձեռքս տանում էի XXL չափի հագուստի կողմը, այն դեպքում, երբ կրում եմ S կամ XS: Մեր թաղում շատերն ինձ չեն ճանաչում: Իսկ ես կարող եմ ինձ թույլ տալ վաստակած մեծագույն շռայլությունը` բարի չլինել բոլորի հանդեպ: Ես 33 տարեկան եմ, 50 կգ. ես այդպես էլ կարճ տաբատ երբեք չհագա:

Հասարակությունը, որ այսքան դաժան է վարվում գեր մարդու հանդեպ, չի կարող ներել ավելի ծանր «հանցանք» գործողին` հաշմանդամություն ունեցողին, այլադավանին, այլազգի մեկին կամ, առավել եւս, նույնասեռական որեւէ մարդու: Հասարակությունը սիրում է մարդուն, բոլոր-բոլորին` բացառություններով: Բոլորին, բացի գերերից, չափազանց նիհարներից, ֆիզիկական կամ հոգեկան առողջության խնդիր ունեցողներից, այլազգիներից, Աստված մի արասցե` նույնասեռականներից: Հասարակությունը պաշտպանում  է մարդու իրավունքները, բոլոր-բոլորինը` բացառություններով: Բոլորինը, բացի վերը նշվածներից: Հասարակությունն ուղղակի ուզում է չիմանալ, որ նրանք կան:

Այս հատվածական սիրո, հարգանքի ու հոգատարության մեջ ծնվում ու տարածվում է ատելությունը, որովհետեւ այն, ինչ, ի սկզբանե, պետք է բացարձակ լիներ, բաժին է հասնում բոլոր-բոլորին` բացառություններով:

«Դե, դու չափազանց հանդուրժող ես»,- ասում են  մարդիկ, երբ ուզում են վիրավորել ինձ: Նրանց թվում է, որ ինձ համար վիրավորական է ունենալ կարծիք, որը չեն կիսում բոլոր-բոլորը` բացառություններով:

Ես հանդուրժող չեմ: Ես ուղղակի չունեմ որեւէ հիմնավոր պատճառ մտածելու, որ իմ երջանկությունն ավելի վաստակած, ավելի արժանի, ավելի ճիշտ է, քան Աստծո ստեղծած ուրիշ մեկինը: Բոլոր-բոլորինը` առանց բացառությունների:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին