Այլընտրանքային պատմության համառոտ ջատագովություն - Mediamax.am

Այլընտրանքային պատմության համառոտ ջատագովություն
1778 դիտում

Այլընտրանքային պատմության համառոտ ջատագովություն


Հայտնի խոսք կա՝ Աստված գիտի՝ ում կողմից առաջինն ասված. պատմությունը եթեներ չի սիրում: 

 

Ճշմարտության հատիկ այստեղ, իհարկե, կա, այնքանով, որ եղածը հետ շրջել հնարավոր չէ, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չի գտել ժամանակի մեքենայի հնարավորություն (քանի որ մարդկությունն ի դեմս Այնշթայնի, համենայն դեպս, հայտնաբերել է, որ ժամանակը բացարձակ չէ, այլ հարաբերական, ապա սկզբունքորեն, կարելի է ասել, հարցը լուծված է հոգուտ մի օր ժամանակի մեքենա էլ ունենալու հնարավորության, իսկ մնացածը տեխնիկայի խնդիր է եւ... ժամանակի): 

 

Կենցաղային մակարդակի նման ճշմարտությունները՝ «անցածը ետ չես բերի», կամ «жизнь невозможно повернуть назад» ոճի մեջ գիտության կամ, ընդհանրապես, վերլուծական մտքի տեսակետից այնքան մեծ արժեք չունեն, որքան կարող է թվալ: Ոչ ոք չի պատրաստվում կյանքը ետ շրջել եւ անցածը ետ բերել (կրկնենք՝ գոնե առայժմ), սակայն, եթե պատմությունն «եթեներ չի սիրում», ապա պատմագիտությունը ոչ միայն կարող է, այլեւ որոշ իմաստով պարտավոր է զբաղվել «եթեներով»: Մեծ հաշվով՝ միշտ էլ զբաղվել է, թեկուզ այնքանով, որքանով ցանկացած պատմագիտական վերլուծություն ենթադրում է հարցեր, այդ թվում՝ «եթեներով»: 

 

Մեր խնդիրն այստեղ, սակայն, ակադեմիական գիտական էլ չէ: Մեր նպատակն ավելի համեստ է՝ օգտակարի եւ զվարճալիի, գիտականի եւ հանրամատչելիի միջակայքում է: Այլընտրանքային պատմությունը, կամ «ինչ կլիներ եթե»-ի շուրջ կազմվող սյուժեները նոր չեն, այլ լայն տարածում ունեն գեղարվեստում՝ գրականությունում, կինոյում եւ այլն: Կա նաեւ այլընտրանքային պատմությունը որպես յուրահատուկ հոբի եւ գիտամատչելի, որոշ դեպքերում՝ բավականին հիմնարար հետազոտությունների ճյուղ: Հայերեն լեզվով, որքան գիտենք, նման բան չի եղել: Մեկ-երկու շատ փոքր փորձ ժամանակին արել է տողերիս հեղինակը: Բայց այս անգամ՝ Մեդիամաքսի առաջարկով կփորձենք անել շատ ավելին՝ մի լիարժեք նախագիծ, որը, հուսով ենք, իրապես հետաքրքիր կլինի: 

 

Մեր նախագծի սեռն, ասեցինք, գիտականի եւ մատչելիի միջակայքում է: Դա նշանակում է, որ մենք հիմնարար գիտական նպատակ չենք դնում, բայց միաժամանակ փորձելու ենք մեր այլընտրանքային սցենարները կառուցել հնարավորինս հիմնավոր եւ ճշգրիտ: Այսինքն, առաջարկելով այս կամ այն պատմական իրադարձության հնարավոր այլընտրանքային զարգացումը՝ մենք ոչ թե պարզապես «զոռ ենք տալու» երեւակայությանը, այլ փորձելու ենք գտնել եւ ընտրել իրականության, այսպես ասած, առավել թույլ կետերը՝ այնպիսիները, որոնք առավել հեշտությամբ կարող էին նաեւ այլ կերպ դասավորվել: Նույն կերպ նաեւ իրադարձությունների հետագա՝ այլընտրանքային զարգացումը փորձելու ենք հնարավորինս հիմնավորել, «իրապատում» դարձնել: Կրկնենք սակայն, որ այսքանով հանդերձ՝ մենք բնավ չենք հավակնում բացարձակ գիտականության: Ինքնին պարզ է, որ առանց երեւակայության եւ որոշակի գեղարվեստական ազատության այլընտրանքային պատմության սեռում հնարավոր չէ աշխատել: Ի դեպ, հնարավոր ճշգրտությունը, այսինքն՝ երեւակայության վրա հիմնավորումների զսպաշապիկ հագցնելը նույնպես գեղագիտական արժեք է: Երեւակայությունը պետք է լինի ճշգրիտ եւ հիմնավոր՝ գեղագիտական առավելագույն ազդեցության, այլ ոչ միայն գիտահանրամատչելիի գիտական կողմի ապահովման համար: 

 

Կարող է թվալ, թե այլընտրանքային պատմությունը պարապ զբաղմունք է պարապ մարդանց համար: Ես չեմ ուզում ասել, որ իրականում պարապն այն մարդիկ են, որոնք այդպես են կարծում, չնայած դա այդպես էլ կա: Ես հուսով եմ միայն, որ նախագծի շրջանակում ներկայացվելիք տեքստից ինքնին մտածող մարդկանց պարզ կդառնա, թե որքան ոչ միայն զվարճալի, այլեւ օգտակար է վերլուծության այս սեռը: 

 

Պատմության մեջ չեն գործում կյանքի տարբեր օրենքներ: Պատմությունը ոչ թե այլմոլորակայինների, այլ կենդանի մարդկանց պատմությունն է: Ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ պատմության մեջ զուգորդված, դժվար տարանջատելի են օրինաչափությունը, անհրաժեշտությունը եւ պատահականությունը, հնարավորությունը: Հետադարձ հայացքով միշտ հեշտ է բացատրել, թե ինչու այս ինչ բանն եղավ այսպես կամ այնպես, միշտ բնական է թվում այն, ինչ եղել է այնպես, ինչպես եղել է: Իրականում մեծ օրինաչափությունները գործում են մեծ, ընդհանուր պատկերում, բայց դրանց կոնկրետ դրսեւորումները, կոնկրետ պատմական իրադարձությունները, այդ թվում՝ դրանցից առավել մեծերը հաճախ մազից կախված են: Այստեղ հակասություն չկա՝ պատմությունը դիալեկտիկ է, ինչպես եւ կյանքը՝ օրինաչափությունն ու պատահականությունը գործում են համահավասար եւ ձեռք ձեռքի տված: Հենց այստեղ է այլընտրանքային պատմության «բռնվելու կետը»: Դրա միջոցով հեշտ է ցույց տալ, թե ինչպես նույն իրադարձության այլընտրանքային տարբերակը կարող էր լինել նույնքան օրինաչափ եւ, միաժամանակ, թե որքան կարող է պատահականություններից կախված լինել այն, որ իրացվել է եղած տարբերակներից հենց այս մեկը: 

 

Ինչպես եւ ընդհանրապես պատմագիտությունը, պատմությունը, այլընտրանքայինն էլ գոյություն ունի նախեւառաջ ներկայի եւ ապագայի համար: Վերլուծելով պատմությունը, բացահայտելով այլընտրանքային հնարավորությունները եւ դրանց միջից էլ ընտրելով առավել կամ պակաս հիմնավորները՝ մենք բացահայտում ենք, որ ներկան նույնպես այլընտրանքներով եւ հնարավորություններով լի է՝ այն բացարձակ անհրաժեշտություն չէ, ինչպես եւ բացարձակ անհրաժեշտություն չէ ներկայի այս կամ այն ուղղությամբ զարգացումը: 

 

Հատկապես կարեւոր վարժանք է այլընտրանքային պատմությունը ֆուտուրիստական լուրջ սցենարավորման, քաղաքական վերլուծական կանխատեսման եւ նախագծման տեսակետից: Ապագան դեռ չկայացած պատմությունն է, հետեւաբար այն դեռ լի է հնարավորություններով: Արդեն տեղի ունեցածի՝ անցյալի նյութի հետ, բնականաբար, ավելի հեշտ է աշխատել, քան դեռ չեղած ապագայի: Բացահայտելով անցյալի այլընտրանքները՝ մենք վարժվում ենք ապագան կանխատեսող վերլուծություններում: Ֆուտուրոլոգիան նույնքան «անլուրջ» գիտություն է, որքան այլընտրանքային պատմությունը: Սրա մասին էլ մի տափակ ճշմարտություն կա՝ «կանխատեսումներն անշնորհակալ զբաղմունք են»: Իսկ ինձ թվում է, թե կյանքից անշնորհակալ է այն մարդը, որը վախենում է կանխատեսումներ անել եւ սխալվել, ինչպես նաեւ այլընտրանքները բացահայտել եւ ուսումնասիրել: Լրջությունն ու ձանձրալիությունը պետք չէ շփոթել: 

 

Այլընտրանքային պատմության նախագծի հետ կյանքը ձանձրալի չի լինի՝ մեզ սպասում են մեծ գործեր եւ մեծ արկածներ: Այլընտրանքային պատմության միջոցով մենք շատ ավելի լավ կտեսնենք ու կհասկանանք մեր իրական՝ ոչ այլընտրանքային ներկան, նաեւ անցյալն ու, հուսանք, ապագան: Սա նախագիծ է անվախների, արկածներ սիրողների եւ կյանքը սիրողների համար: 

 

Հրանտ Տէր-Աբրահամեանը վերլուծաբան եւ հրապարակախոս է: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին