Իմպրովիզացիա՝ Այրոն Մեյդենի նոր ալբոմից մինչեւ պատերազմ - Mediamax.am

Իմպրովիզացիա՝ Այրոն Մեյդենի նոր ալբոմից մինչեւ պատերազմ
3253 դիտում

Իմպրովիզացիա՝ Այրոն Մեյդենի նոր ալբոմից մինչեւ պատերազմ


                                                                   Nowhere to go, nowhere to run,
                                                                            our whole nation overrun
                                                                       Itself existence under threat
                                                                  and soon will be none of us left
                                                         Remember names of all our dead now
                                                                                  in enemies that fled
                                                                      Reaching for our sky forever,
                                                                      free a sadness that is proud
                                                                As the clouds all drift away now
                                                                                Until we meet again

Նույնիսկ կյանքի առավել բարդ իրավիճակներում կան փոքր լուսավոր կետեր, որոնք առաջին հայացքից զուտ կենցաղ են, բայց որոնց վերապրումը կարող է շատ հեռուն տանել՝ դեպի մեծ ընդհանրացումներ:

Օրինակ, 30 տարի Iron Maiden լսող մեղապարտիս համար, ի՞նչ կարող է լինել, ավելի զգայուն ու լուսավոր, քան այդ խմբի նոր, թափ-թազա՝ այս տարվա սեպտեմբերի 3-ին լույս տեսած ալբոմն առաջին անգամ լսելը սեփական որդու հետ, որի 7 տարեկանը նոր է լրացել, եւ դա արդեն բավական է, որ ինքն էլ սպասի Մեյդենի նոր ալբոմին:

Եվ վաղ աշնանային երեկո նստենք երկուսով ու կարծիքներ փոխանակենք նոր լսած երգերի մասին:

Արժե՞ր այսքան տարի, հաճախ մեն-մենակ վայելել սիրելի երաժշտությունը, որպեսզի տանդ վերջապես մի հավատարիմ ընկեր հայտնվի՝ քեզ հետ միաճաշակ: Կարելի՞ է այդ պահին թույլ տալ ինքդ քեզ մի փոքր անհոգություն, որքան էլ համարես, որ այսօրվա օրով Հայաստանում անհոգությունը գրեթե քրեական հանցանք է:

Այրոն Մեյդենի ալբոմը նման էր Մեյդենի բոլոր ալբոմներին՝ եթե կա այս կյանքում կայունություն, ապա դա կոչվում է Այրոն Մեյդեն՝ մեկ-մեկ գուցե ձանձրացնող, տեղ-տեղ ձգված, որոշ դեպքերում ինքնակրկնվող, բայց հիմնականում բարձր տրամադրություն ստեղծող, հուսալի, տարիքի հետ հմայքը չկորցնող, սեփական գործի մեջ հոգի դնող, հին ու բարի՝ առաջին իսկ նոտայից ծանոթ ընկեր:

30 տարի առաջ

Մտովի վերադառնում եմ 1991-ի նոյեմբեր, անկախ Հայաստանի առաջին աշնանը, երբ գրեթե ուղիղ 30 տարի առաջ ինքս առաջին անգամ լսեցի Այրոն Մեյդենը, որն ինձ համար առաջին հեվի մեթալ խումբն էր:

Իհարկե, մինչ այդ՝ արդեն 3 տարի էր ինչ լսում էի ռոք, այդ թվում ծանր ռոք՝ Բիթլզից ու Ռոլինգ Սթոունզից մինչեւ Լեդ Զեփփելին ու Բլեք Սաբաթ: Հատկապես Զեփփելինը, որը ցայսօր ինձ համար «ամենից վեր է», սիրեցի, նույնիսկ դեռ չլսած: Լեդ Զեփփելին անունն անհասկանալի ու անդիմադրելի մոգական ձգող ուժ ուներ: Հետագայում հասկացա, որ երեւի մանկուց գերմանասեր հոգիս դրա մեջ բռնացրել էր գերմանական Ցեպելին անվան մի փոքր ձեւափոխված հնչեղությունը, չնայած, կարծես այդ տարիքում ոչինչ չգիտեի ցեպելինների՝ գերմանական դիրիժաբլերի մասին: Մի անգամ, երբ 13 տարեկան էինք, դասընկերս ասեց՝ Զեփփելինի երաժշտությունը խելագարի զառանցանք է (ռուսերեն ասաց՝ бред сумасшедшего): Ես ձեն չհանեցի, բայց այդ օրվանից որոշեցի, որ անպայման պետք է լսեմ, որովհետեւ ի՞նչ կարող է լինել ավելի հետաքրքիր, քան երաժշտությունը, որ նման է խելագարի զառանցանքին: Այնպես, որ մինչեւ Այրոն Մեյդենին հասնելն ականջներս արդեն սովոր էին ծանրության:

Բայց հեվի մեթալը մի մակարդակ ծանր էր իմ սովորածից: Մեյդենին շատ արագ հետեւեցին ավելի ու ավելի ծանր խմբեր ու ժանրեր՝ 1991-ի դրությամբ հեվի մեթալն արդեն հասցրել էր սկզբնապես պարզ սաղմից զարգանալ բազմաճյուղ,
ամենատարբեր ուղղություններով աճող մեծ ծառի:

Հիշում եմ, երբ առաջին անգամ լսեցինք Մետալիկայի Մասթեր օֆ Փափեթսը: Երեք ընկերներով էինք, մեզնից մեկի տանը: Գիշեր էր, լույսերն անջատած, միացրել էինք մագնիտոֆոնը, որն այն ժամանակվա համար համեմատաբար լավ որակի էր: Հենց հիմա երբ գրում եմ այս տողերն՝ առանց չափազանցության մարմինս փշաքաղվում է, որովհետեւ մինչեւ հիմա հիշում եմ այն անզուգական տպավորությունը, որ թողեց երգն այդ օրը մեզ վրա: Այն արդեն ավարտվել էր, բայց մենք մի քանի րոպե դեռ լուռ նստած էինք մութ սենյակում՝ չգտնելով բառեր փոխանցելու մեր զգացողությունները:

Հետո եկավ Սլեյերը, որը դարձավ մեթալի իմ Զեփելինը: Այստեղ էլ դեր խաղացին անունները: Սլեյերի համերգային՝ Decade of aggression ալբոմը նոր էր լույս տեսել: Անկեղծ ասած, հեչ լավ ձայնագրած ալբոմ չի: Բայց իմ պետքս չէր՝ վերջը մենք սովետական անմեղ մանուկներ էինք՝ մեր կյանքում մենք չէինք լսել, որ որեւէ թույլատրված բան կոչվի դեռահասի սրտին այդքան քաղցր հնչող՝ «Ագրեսիայի դեկադա» անունով: Չգիտեմ ամեն բան տեսած այսօրվա 15 տարեկանը կհասկանա ինձ, թե ոչ, բայց 1991-ի դեռ սովետում «Դեքեյդ օֆ ագրեշն» անունով ալբոմը նման էր նրան, որ Մարսի բնակիչը գա քեզ հյուր: Ո՞նց միանգամից չսիրահարվեի....:

Ու նույնիսկ Սլեյերը վերջը չէ, այլ դեռ սկիզբը: Շուտով պարզեցինք, որ Մետալիկայի ու Սլեյերի նվագած թռեշ-մեթալից էլ դենը կա՝ դեթ-մեթալը, որի առաջին մեր իմացած խումբը հենց Դեթն էր: Նույնիսկ մեզ համար, սա շատ տարօրինակ եւ նոր հնչողություն էր, եւ կարծես դուրս մեր պատկերացրած սահմաններից: Այսօր դեթ մեթալը տասնամյակներ՝ ճգնաժամեր ու վերածնունդներ վերապրած ու ինքն իր մեջ մի կողմից կլիշեի, մյուս կողմից ենթաճյուղերի բաժանված ժանր է, բայց այն ժամանակ դա վերջին նորույթներից էր, թարմ ու անսպասելի մի շրջադարձ, որի հետ համեմատ Այրոն Մեյդենը, որից սկսել էինք, արդեն թվում էր համարյա «պապսա»....:

Համաշխարհային ազգ

Այսպես ես դարձա համաշխարհային մի մեծ համայնքի մաս, որի անդամն եմ՝ պասիվացումներով եւ ակտիվացումներով ցայսօր: Այն ժամանակ համացանց չկար, մենք պատկերացում չունեինք մեր նմանների մասին: Երեք-չորս հոգի էինք դասարանում, բայց բավականին լկտի, որ նույնիսկ դասարանի քեֆերին զոռբայությամբ հասնեինք, որ մեկումեջ էլ գոնե Մետալիկայի ամենա թեթեւ երգերից դրվեն:

Հիմա, երբ կա հնարավորություն, ես ու երեկոներն ինձ մեկ-մեկ թույլ եմ տալիս դեգերել մեթալին նվիրված կայքերով, ֆորումներով, էջերով, կարդալ ու շփվել ինձ պեսների հետ, ինչի շնորհիվ կտրվում եմ առօրյայից եւ էներգիայի մի հավելյալ աղբյուր ստանում, որը եզակի է, տեսնում ու հասկանում ենք, թե իրարից անտեղյակ, աշխարհի տարբեր անկյուններով ցրված, որքան նման ենք եղել մենք՝ մետալհեդերով հենց սկզբից, որքան նման ենք մտածել, զգացել մեր սիրելի երաժշտությունը:

Մեթալ լսողներս այսօր էլ մի համաշխարհային համայնք ենք, շեշտված ինքնությամբ, իրար հանդեպ եղբայրության զգացողությամբ՝ անկախ տարածությունից եւ ազգությունից, ու, եթե անկեղծ խոսենք, իհարկե մի քիչ էլ մեծամտությամբ՝ մյուս պոպուլյար երաժշտական ժանրերին վերեւից նայելու սովորությունը ցանկացած մետալիստի արյան մեջ է, իսկ այսպես կոչված մետալ էլիտիզմը համանցային մեմերից է:

Ինքնակազմակերպում, ինքնություն, հակակոմերցիոն ոգի

Այդուհանդերձ մեզնից շատ բան կա սովորելու:

Օրինակ, ինքնակազմակերպման սկզբունքը:

Հեվի մեթալ երաժշտությունը ժամանակին կայացել է ի հեճուկս երաժշտական բիզնեսի եւ երաժշտական մեդիայի արհամարանքի, անտեսման եւ նույնիսկ՝ թշնամության: Խմբերը ձեւավորվել ու գոյատեւել են շնորհիվ երկրպագուների եւ երաժիշտների ցանցային փոխօգնության, որը սկզբում ձեւավորվել է Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, իսկ հետո տարածվել Եվրոպայով ու Հարավային Ամերիկայով՝ ստեղծելով ինտերնետ նախքան ինտերնետը:

Եթե խոշոր երաժշտական կամպանիաները չէին ձայնագրում մեթալ խմբերին, ապա ֆաները տարածում էին դա կասետներով: Մամուլը չէր գրում, բայց ֆաները ստեղծում էին իրենց սամիզդատը՝ այսպես կոչված «զիները» (zines): Ցայսօր էլ հեվի մեթալը գոյատեւում է մեյնսթրիմի եւ անդերգրաունդի սահմաններին, եւ ամեն նոր մեթալ ժանր, իսկ այդպիսիք այսօր հաշվում են տասնյակներով, որպես կանոն ձեւավորվում է նախ անդերգրաունդում, եւ հետո միայն դուրս գալիս մեյնսթրիմ, եթե ընդհանրապես դուրս է գալիս:

Մեթալ ֆաները ծայրահեղության աստիճան ուշադիր են, որպեսզի իրենց սիրած խմբերը չդառնան կոմերցիայի զոհ՝ զարմանալի հատկություն այսօրվա աշխարհում: Ճիշտ է, մեթալ համայնքում խոսակցություններն այս կամ այն խմբի «սելաութի»՝ ծախվելու մասին, հաճախ հասնում են պարանոիկ ծայրահեղության, բայց մյուս կողմից այդ անզիջում մոտեցումն է թույլ տվել իր էությամբ ոչ կոմերցիոն ժանրին գոյատեւել արդեն 4 տասնամյակ, եւ սա այն դեպքում, երբ կոմերցիոնալիզմն ի զորու եղավ փաստացի վերացնել կամ գոնե խեղճացնել այնպիսի հզոր ժանրեր ինչպիսիք նույն դասական ռոքն է, բլյուզը, քանթրին, ռեփը: Մեթալի կոմերցիոնալիզացման փորձեր շատ են եղել, այդ թվում հաջողված, բայց ամեն անգամ մեթալ անդերգրաունդը տվել է իր այսպես ասած արժանի հակահարվածն՝ այդ թվում ստեղծելով ավելի ու ավելի ծայրահեղ ու բարդ երաժշտական ֆորմաներ, որոնք շուկան ի զորու չէր հեշտությամբ յուրացնել: Իսկ եթե յուրացնում էր, ապա առավել հաճախ կանոնների թելադրողը երաժիշտներն էին:

Փախուստ դեպի իրականություն

Մեթալը շատերը համարում են ռոմանտիկ փախուստ իրականությունից:
Իհարկե, մեթալի մեջ ուժեղ է եվրոպական ռոմանտիզմի ենթաշերտային ազդեցությունը: Օրինակ, հակումը միջնադարյան էսթետիկային, միստիկային, կյանքի մռայլ կամ նույնիսկ սարսափ դրսեւորումներին: Բայց այս հակումն էլ հետաքրքիր էֆեկտներ է տալիս:

Օրինակ, երբ անցած տարվա սկզբին սկսվեց կորոնավիրուսի ապոկալիպսիսը, որը, եթե հիշեք, այն ժամանակ թարմ ու բավականին տպավորիչ էր՝ դատարկ փողոցներ, դիմակներ, անցակետեր մայրուղիներին, անսովոր զգացողություններ, թերեւս, հոգեբանորեն առավել պատրաստ դուրս եկան նման իրավիճակին եւ թեթեւ տարան դա մեթալ համայնքի անդամները: Մեզ համար սա կարծես այն ապոկալիպտիկ թեմաների իրականացումը լիներ, որոնց մասին այդքան սիրում են երգել տարբեր ժանրերի մեթալ խմբերը: Նույնիսկ զավեշտալի էր ինչ-որ չափով, եւ մեթալ համացանցում շատ կատակներ կային այդ թեմայով, երգացանկեր էին կազմվում երգերից, որոնք կարծես բառացի կանխատեսումը լինեին իրավիճակի:

Պարզվեց՝ մեթալն այնքան էլ փախուստ չէ իրականությունից: Հակառակը՝ նա հիշեցնում է ինքն իրենից շատ գոհ ու ինքնավստահ մարդկությանը, որ կա կյանքի ստվերոտ կողմը: Որ որքան էլ ապահով, անվտանգ ու կոմֆորտ թվա այսօրվա կյանքը, դա ի վերջո մեկ ակնթարթում կարող է բացահայտել իր պատրանքային բնույթը: Պարզվեց, որ իրականությանը գուցե ավելի մոտ է հենց հեվի մեթալը իր թվացյալ փախուստով իրականությունից: Որքան էլ առաջին հայացքից ռոմանտիկ, հեվի մեթալի շեշտը կյանքի օբյեկտիվ, վերանձնական կողմն է, անհատից ավելի հզոր, տարերային ուժերը: Պատահական չէ, որ այս ժանրում լռելյայն տաբու կա անձնական զգացմունքների, հատկապես՝ սիրո մասին բառերով երգերի վրա, եւ երբ, այդ չգրված օրենքը խախտվում է, եւ մեկը սկսում է երգել իր անձնական դարդուցավերի մասին, ապա որքան էլ արտաքուստ ծանր հնչի երաժշտությունը, մեթալ համայնքն անմիջապես կասկածի տակ է առնում կատարողի «իսկական», «թրու» լինելը:  

Ի վերջո հեվի մեթալը պատմում է մի պարզ բան՝ կյանքում կա ոչ միայն լույսն, այլեւ ստվերը, ոչ միայն սերը, այլեւ ատելությունը, նաեւ՝ կատաղությունը, ագրեսիան, բռնությունը: Եվ դրանք որքան էլ կյանքի ստվերոտ կողմերն են համարվում, բայց անբաժանելի են կյանքից, իսկ որոշ իրավիճակներում էլ անխուսափելիորեն անհրաժեշտ են: Օրինակ ... պատերազմների ժամանակ:

Ծանր օրեր, ծանր երաժշտություն

Ծանր երաժշտության նշանակությունն իմ կյանքում ես առավել լավ հասկացա... պատերազմի օրերին: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես գործ կարող եմ անել միայն երաժշտության ուղեկցությամբ: Դա իմ ուղեղը միացնող խթանիչն է: Բոլոր հոդվածներս գրվել են երաժշտության ուղեկցությամբ: Հենց հիմա էլ այս տողերը գրվում են Այրոն Մեյդենի տակ:

Բայց պատերազմի օրերին բացահայտեցի, որ չեմ կարողանում լսել որեւէ համեմատաբար սովորական (ինձ համար) երաժշտություն, թեկուզ նույն Զեփփելին, Մեյդեն կամ Մետալիկա: Դրանք չափազանց բարի ու թույլ էին թվում ինձ այդ օրերին, չափազանց պոզիտիվ...

Բացահայտեցի, որ միակ բանը, որ այդ օրերին կարող է ինձ հոգեբանական նեցուկ լինել մեթալի առավել ծանր, ծայրահեղ ժանրերն են, որոնք մեծ քանակով նույնիսկ ես չեմ կարող անընդհատ լսել: Նվազագույն ծանրությունը եւ նեգատիվիզմն՝ Սլեյերի չափ, իսկ ավելի լավ է՝ դեթ կամ բլեք մետալ:

Դրանց ագրեսիվությունը, անզիջողականությունը, զրո կոմպրոմիսը դարձան այն դոպինգը, որը թույլ էր տալիս ինձ դիմանալ տեղեկատվական պատերազմում իմ այն ինքնակոչ եւ համեստ դերին, որը ես ինքս ինձ համար ընտրել էի՝ հասկանալով, որ մի կողմից ճակատում ինձ նմանից օգուտ չկա, իսկ մյուս կողմից՝ իմ պետությունը երբեւէ չի ֆայմի ինձ պեսներին, եւ ինձնից էլ լավերին այլ կերպ մոբիլիզացնել՝ օգտակար լինելու համար երկրին այդ վճռական պահին: Ես ընտրեցի միակ բանը, որն ինձ հասանելի էր այդ պահին՝ իմ հրապարակային խոսքի ազդեցությունը:

Ու իմ միակ օգնականն ու ընկերն այդ օրերին, բացի ինձ կարդացող հարյուրավորներից ու հազարներից՝ անողոքության աստիճան ծանր երաժշտությունն էր, էքստրեմալ մեթալը: Սերն այդ երաժշտության նկատմամբ ինձ միշտ տարբերել է հայկական կիրթ խավի միջին ներկայացուցիչների մեծ մասից, եւ այդ տարբերությունը անսպասելիորեն վճռական դեր խաղաց նաեւ ճգնաժամային պահին, որովհետեւ պարզվեց, որ այդ տարբերությունը պատահական չէ, կենսական է, որովհետեւ մենք տարբեր կերպ ենք ապրում, շնչում ու զգում աշխարհը: Այնքան տարբեր, որ ես հաճախ չեմ հասկանում, թե ոնց կարող էի շփվել այդ մարդկանց հետ, որոնք իրենց երկրի համար վճռական պահին չունեցան ասելիք ու անելիք, դիրքորոշում, իսկ ունենալու դեպքում էլ՝ եղածը լղոզված շփոթն էր, մի թաքստոցում սսկվելը ու ծակ փիլիսոփայությունը, էլ չասած գռեհիկ ու գարշելի պարտվողականության մասին:

                                                                   Will we ever heal our old wounds,
                                                                             like forever darkness worn
                                                                           Fighting for their lives again
                                                                    so come on now, don't be afraid
                                                                             This is where destiny lies,
                                                                           just to let us breathe again

Հրանտ Տէր-Աբրահամեանը պատմաբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին