Տափի ամրոցը, Մարտական եղբայրությունն ու Ելից գիրքը - Mediamax.am

Տափի ամրոցը, Մարտական եղբայրությունն ու Ելից գիրքը
2250 դիտում

Տափի ամրոցը, Մարտական եղբայրությունն ու Ելից գիրքը


Երեւան-Արտաշատ ճամփից, Խոր Վիրապի խաչմերուկն անցած, մայրուղուց ձախ ենք անում՝ Ոսկեթափ՝ սովետական շրջանում հիմնականում թրքաբնակ նախկին Շիրազլու գյուղի մոտից, Ավշար ու Արարատ չհասած՝ դեպի Վեդի: Վեդին ու մի երկու գյուղ անցնելուց հասնում ենք Ուրցաձոր գյուղը: Այս կողմերում երբեք չեմ եղել, չնայած Հայաստանի շրջանների մեծ մասում գոնե մի անգամ ոտս դրել եմ, բայց Հայաստանն այդքան փոքր լինելով, այնքան մեծ է, որ միշտ չեղածդ տեղերդ ի վերջո ավելի շատ են, քան եղածներդ:

Սա Հին Հայաստանի Ուրծ գավառն է, որն ունի իր համեստ հիշատակումները պատմության մեջ: Այստեղ եղել է մի փոքր նախարարություն՝ Ուրծեաց, որի իշխանները հիշատակվում են ճակատամարտերի տարեգրություններում: Գավառը կպած է Արարատյան դաշտի կենտրոնին՝ Արտաշատ մայրաքաղաքին (այսօրվա Խոր Վիրապի, այլ ոչ թե այսօրվա Արտաշատ քաղաքի տարածքին), Ոստան հայոց գավառին, բայց իր պայմաններով տարբեր է ու հակադիր: Այստեղ գերիշխողը Մասիսը չէ, թեեւ մոտ է, եւ տեղ-տեղ երեւում, այլ Ուրծի ծալքավոր լեռները, որոնք հաճախ ունեն անսովոր ձեւեր եւ գույներ՝ դեղնավունի երանգներով: Ավելի բարձր սկսվում է Խոսրովի անտառն ու Գեղամա հրաբխային լեռները, որոնք լրիվ այլ լանդշաֆտ են եւ լրիվ այլ ծագում ունեն: Ուրծի լեռներն ավելի հին են, բարձր էլ չեն, իսկ Գեղամա լեռները երկրաբանական տեսակետից՝ գրեթե նոր են ձեւավորված:

Վեդիբասարը 100 տարի անց

Ավելի ուշ՝ այս տարածքը դարձել է գերազանցապես թուրքաբնակ՝ հայտնի Վեդիբասար անունով: 1919-1920 թթ.-ին այն եղել է բավականին հյուծիչ կռիվների վայր Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայից եկած սպաների միջոցով ամրացված տեղական ապստամբ թուրք ուժերի միջեւ: 1919-ին Հայաստանի կառավարությունը բավականաչափ վճռականություն չի ունեցել լուծելու Վեդիի հարցը, ինչպես եւ մյուս հարցերը՝ հույսը դնելով միջազգային հանրության վրա, նաեւ զգուշանալով պարլամենտում ընդդիմության քննադատությունից, որը շատ նրբանկատ էր «աշխատավոր թուրք գյուղացիության» իրավունքների խախտման նկատմամբ: Արդյունքում Վեդին, այլ թուրքաբնակ շրջանների հետ դուրս է մնացել ՀՀ վերահսկողությունից, եւ թշնամական դիրք բռնել:

Տասնյակ եւ հարյուր հազարավոր տաճկահայ փախստականներ մահացել են անտուն եւ սոված Երեւանի փողոցներում, քանի որ չեն գտել Հայաստանում մի որեւէ ազատ եւ հարմար բնակվելու տեղ: Ի դեպ, սրանք՝ Հայաստանում սովից մահացածները զգալի թիվ են կազմում Մեծ Եղեռնի ընդհանուր զոհերի քանակի մեջ: Սա սովորական հայկական քաղաքականություն էր՝ հավատ միջազգային հանրության մոգական ուժին եւ պարլամենտարիզմ՝ երկուսը միասին արժեցել են նորանոր կորուստներ: Ոչինչ չի փոխվել հայկական երկնքի տակ:

Երբ 1920 թվականի ամռանը քաղաքականությունը վերջապես փոխվեց, հայկական պետությունն ընդամենը երկու-երեք օրում լուծեց ապստամբ Վեդիի հարցը, որը մինչ այդ արժեցել էր այդքան զոհեր ու ապարդյուն ջանքեր: Տաճկահայ փախստակաների մնացորդները փրկվեցին շնորհիվ Վեդիի եւ այլ շրջանների ազատագրման եւ հայացման: Եթե չլինեին 1920 թվականի այս դեպքերը, Վեդին, ինչպես նաեւ մի քանի այլ շրջաններ, այսօր լինելու էին Ադրբեջանի մաս, ինչպես Ադրբեջանի մասն են Նախիջեւանը, Շարուրի դաշտը եւ այլն: Եթե 1919-ին վճռականություն լիներ լուծել նույն կերպով նաեւ Ղարաբաղի հարցը, չէր լինի այսօր ո՛չ Ղարաբաղի հարց, ոչ էլ պատերազմ: Ինչեւէ, սրա մասին, ժամանակին մանրամասն գրել եմ:

Հայի եւ թուրքի միակ տարբերությունը

Վեդիով արագ անցանք: Բավականին մեծ բնակավայր էր՝ իմ պատկերացրածից գոնե: Քաղաքի մեջ, ճանապարհին վերջին պատերազմում ընկածների նկարներով ու անուններով մեծ պաստառներ էին: Նման պաստառներ չեմ տեսել Երեւանում կամ Աշտարակում: Գուցե ուշադիր չեմ եղել: Գուցե այլուր կան, բայց Վեդիի այս տրամադրությունը գուցե հետեւանք էր հին բնազդի եւ հիշողության: Ի դեպ, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին սահմանազատման արդյունքում, մեր ճանապարհը դեպի Վայոց Ձոր անցնելու է այստեղով՝ Վեդիով դեպի Ուրցաձոր եւ այստեղից դեպի Զանգակատուն՝ շրջանցելով Քյարքիի լեռնանցքը: Իհարկե, զավեշտալի է այս ճամփեն եւս անվտանգ համարել: Զավեշտալի է նաեւ կարծել, որ Ադրբեջանում չեն հիշում «իրենց» Վեդիբասարը: Այսօր արդեն Բաքվի մետրոյում փակցված ցուցանակները հիշեցնում են՝ Վարդենիս չի՝ Բասարգեչար է, Մասիս չի՝ Զանգիբասար է, Սյունիք չէ՝ Զանգյազուր է եւ այլն: Այս անունները Հայաստանում ցայսօր միայն պատմությամբ հետաքրքրվող փոքրամասնությունս գիտենք, բայց լավ կլինի սկսենք հիշել ու սովորել՝ կեղծ անվտանգության զգացումը հաղթահարելու համար: Կամ շարունակենք անլուրջ ընդունել եւ համարել, որ դա արվում է «ներքին օգտագործման» համար:

Ի դեպ, հետաքրքիր հարց, եթե մի օր Ադրբեջանը մտավ Սյունիք, ու պահեց այն իր վերահսկողության տակ, ինչպես մենք էինք պահում 26 տարի Քարվաճառն ու մնացածները, ի՞նչ են ասելու մեր իմաստուններն այդ նոր՝ Սյունիքի հարցի լուծման մասին: Արդյո՞ք հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ուժային բալանսները հավասար չեն, պետք է հրաժարվենք ուժին ուժ հակադրելու փորձից: Չէ, ես հասկանում եմ, գիտեմ ինչ հակափաստարկներ կբերվեն: Թե բա Սյունիքը Հայաստանի ճանաչված մասն է եւ այլն՝ միջազգային հանրությունը, բանը: Բայց ճանաչված մասը կապ չունի ուժային բալանսի հետ, որը դրանից չի փոխվում, իսկ միջազգային հանրությունը, եթե հանդուրժել է Քարվաճառից Հորադիզ հայկական վերահսկողություն, կհանդուրժի Սիսիանից մինչեւ Արտաշատ ադրբեջանականն էլ՝ մինչեւ ուժով հետ չբերես: Ու ճիշտ կանի, որովհետեւ միջազգային հանրությունը հայ չի ու գիտի դարերով ի վեր աշխատող խաղի կանոնները:

Իմիջիայլոց, վստահ լինենք, որ այդ դեպքում Ադրբեջանը մեզ պես չի վարվի, այլ կիրականացնի գրավյալ տարածքների արագ եւ ինտենսիվ վերաբնակեցում՝ փաստի առաջ դնելով բոլորիս, այդ թվում մեր սիրելի ու փայփայելի միջազգային հանրությանը: Որովհետեւ հայի եւ թուրքի իրական տարբերությունը մեկն է՝ թուրքը հասկանում է ռեալ քաղաքականությունից, իսկ հայը իդեալիստ է, այսինքն՝ քաղաքական բանականություն չունի: Մնացած ամեն ինչում կարող եք համարել մեզ ու թուրքերին հավասար, կամ թեկուզ մեզ թուրքերից տաս գլուխ բարձր: Բայց այս մի առավելությամբ թուրքերը մեզ միշտ հաղթել են ու կհաղթեն՝ ոչ թե քանակով, բալանսով ու նավթով, այլ քաղաքական տարրական խելքով՝ ռեալիզմով:

Ուրիշ Հրանտը

Ուրցաձոր հասնելով՝ բուն ճամփից թեքվում ենք ձախ: Այստեղից ճամփեն գնում է դեպի Խոսրովի անտառ, որին չհասած՝ Ուրցաձորից մի քանի կիլոմետր հյուսիս-արեւմուտք Տափի բերդն է կամ Գեւորգ Մարզպետունու ամրոցը՝ փոքրիկ մի ամրություն, որի ներսում մի նույնպես փոքրիկ ինքնատիպ եկեղեցի է, եւ որն ինքը հին Ուրծ քաղաքատեղիի մի հատվածն է: Ամրոցը 10-րդ դարի է համարվում, նորոգվել է 13 դդ.-ում:

Դեպի ամրոց տանող ճանապարհը թեեւ կարճ է, բայց շատ վատն է՝ քարուքանդ եղած: Վերջին ասֆալտը երեւի փռվել է Նուրի փաշայի ժամանակ: Հետո ասֆալտն էլ ավարտվում է, եւ սկսվում է գրունտայինը, որն ավելի տանելի է:

Մարտական եղբայրության անդամներով ենք՝ եկել ենք գիշերակացով, սեպտեմբերի 20-21-ին՝ անկախության տոնը նշելու մեծ քաղաքների ժխորից հեռու: Մութն արդեն ընկել էր, երբ հասանք տեղ: Առավոտյան հետ շարժվեցինք:

Դեռ մի տարի առաջ, նույնիսկ կես տարի առաջ տղերքից գրեթե ոչ մեկին չէի ճանաչում: Իրանց միջից էլ շատերն իրար հետ նոր են ծանոթացել, կամ նույնիսկ հենց այս օրն են իրար առաջին անգամ տեսնում: Բոլորին, բացի ինձանից, միավորում է կամավոր մասնակցությունը վերջին պատերազմին: Կան նաեւ 2016-ի պատերազմի մասնակիցներ: Իսկ մեր միջի միակ լեհը՝ Հրանտ Սվյատիցկին հասցրել է նույնիսկ մասնակցել առաջին պատերազմին՝ 13 տարեկանում՝ 1992-ին փախնելով տնից դեպի Շուշի: Ինչպես ինքն է կատակում՝ ոչ թե մասնակցել եմ, այլ խանգարել եմ Շուշիի ազատագրման մարտերին: 2020-ին նույնպես եղել է Շուշիի մոտ: Իսկ մեր մյուս եղբայրը՝ Սերգոն, մասնակցել է նաեւ Քեսաբի կռիվներին՝ Սիրիայում:

Լյուտվակի ճամփեքով

Անծանոթ ծանոթներով գնում ենք անծանոթ վայր՝ գիշերակացով: Ճամփի բարդությունը դուրս գալիս է: Սա այն ճանապարհն է, որն ուզում եմ: Մի ճանապարհ, որը ոչ ոք չի տեսնում, որով ոչ մեկ չի պատկերացնում գնալ, դեպի մի վայր, որը մեծ հռչակ չունի, մի կորած փոքրիկ ամրոց, Հայաստանի ոչ ամենահայտնի տեղանքներից մեկում: Լեդ Զեփելինի No Quarter երգում երգում է՝ «They choose the path where no-one goes, they hold no quarter»: Սա հենց այդ ճանապարհն է, որը ոչ ոք չի ընտրում, եւ հենց դրանով նա ամենա ճիշտն է:

Ճգնաժամային իրավիճակում չկան սովորական, «ճիշտ» լուծումներ: Ելք գտնելու համար, պետք է մտովի հեռանաս իմացածից, ու փնտրես՝ չիմացածդ, դժվարը, ճամփից շեղվողը: Սա ռոմանտիկա չէ, այլ ամենամեծ ռեալիզմը: Հայաստանի պարտությունից գրեթե մեկ տարի է անցել, բայց մարդիկ շարունակում են կրկնել ու կրկնել իրենց անգիր արած ճանապարհներն ու խոսքերն՝ այնպես կարծես ոչինչ չի եղել:

Հիշում եմ Լյուտվակի Ստրատեգիան, որը սկսվում է այն օրինակից, որ պատերազմը միակ համակարգն է, ուր վատ ճանապարհը կարող է ավելի լավ լինել, քան լավ ճանապարհը: Որովհետեւ լավ ճանապարհով հարձակումն այն է, ինչ սպասում է քեզնից թշնամին, եւ պատրաստվում է, իսկ վատ ճամփեն՝ այն է, ինչ անսպասելի է, եւ դրա շնորհիվ կարող է հաղթանակ բերել: Լյուտվակի հաստափոր ամբողջ գիրքը կառուցված է այս օրինակի տրամաբանությամբ՝ պատերազմն ասում է, նա, ունի ոչ թե սովորական, այլ պարադոքսալ տրամաբանություն: Բայց ուր է, թե հայկական քաղաքական կամ նույնիսկ ռազմական էլիտան նման բաներով իր ուղեղը զբաղեցներ: Ընդհանրապես հայ գիտունիկն՝ ամեն ինչ գիտի ի սկզբանե, նա հո չի դնի պատերազմի մասին գրքեր կարդա, առավել եւս՝ տրամաբանության կամ փիլիսոփայության:

Լյուտվակի օրինակն, ի դեպ, բառացի իրականացավ մեր գլխին՝ թուրքերը Շուշին գրավեցին՝ առանց Շուշիի տանող որեւէ ճանապարհ վերցնելով՝ Կարմիր Շուկան էլ, Լաչինն էլ մնաց մեր ձեռքում, իսկ թուրքերը Շուշի մտան՝ վատ ճանապարհով, եթե դա ճանապարհ կարելի է անվանել ընդհանրապես՝ անտառային արահետներով: Ադրբեջանցիք կարող են Լյոտվակ չկարդալ: Նախ՝ որովհետեւ ունեն քաղաքական բնազդ, երկրորդ՝ ունեն Թուրքիա մեծ եղբայր, որի զինված ուժերը կառուցվել է արեւմտյան հաղթող մոդելով:

Ո՞րն էր պատերազմի ամենադաժան պահը

Կեսգիշեր է, լիալուսին: Նստած ենք կրակի շուրջ, եղանակը տաք է: Մարդու շունչ չկա մի քանի կիլոմետր շառավիղով: Մենակ աստղերն են երկնքում, մեկ էլ դաշտամկները ներքեւում: Խոսում ենք, կատակում ենք, կենացներ ենք ասում: Տղերքը հիշում են պատերազմի օրերը, պատմում դեպքեր: Մատաղիսի կռիվները, Ջաբրայիլի կռիվները, Շուշին...:

«Հիշո՞ւմ ես, որ վիրավոր էի, գիտակցությունս գնում-գալիս էր, դու էլ կողքս նստած էիր գռանատը ձեռքիդ, որ եթե գերի ընկնելուց լինենք՝ տրաքցնես: Մեկ էլ ինչ-որ մարդիկ երեւացին հեռվում, գալիս էին մեր կողմ: Չգիտեինք, թուրք էին, թե հայ: Բախտներս բերեց, որ հայ էին, թե չէ երկուսիս էլ էն աշխարհ էիր ուղարկելու»:

Հայաստանի բոլոր վայրերից, բոլոր խավերից, տարբեր մարդիկ են, որոնց միավորել է պատերազմին կամավոր մասնակցելը: Եղեգնաձորցի, տավուշցի, ավանցի, թալինցի...: Բայց որ արմատները փորես, մի պատմություն դուրս կգա: Ժառանգական շղթայով փոխանցվել է պայքարի ոգին, անկախության նկատմամբ սերը: «Մայրս պատմության ուսուցչուհի է, ուրիշներին սովորեցնում է, որ հայրենիքի համար զոհվելը ճիշտ է, ես չէի կարող չգնայի»: «Քեռիս ու հայրս մասնակցել են առաջին պատերազմին, ես մանկուց պատրաստ եմ եղել, սպասել եմ այդ պահին, երբ օրը գալու է, ու մենք պայքարելու ենք մեր հողի, մեր գաղափարի համար», «Պապուս 1942 թվականին բռնել են Դրոյի հետ համագործակցելու համար, տարել են, հետքերը կորցրել», «Փեթարա Իսրոն մեր գյուղացին էր, պապս հետը շատ մոտ էր»....:

Նորից խոսակցություններ, կատակներ, կենացներ, երգեր: Հետո նորից ավելի լուրջ խոսակցություններ:

Ու մեկ էլ մեկը. «Պատերազմի առաջին պահից, բոլորն ասում էին, դաժան տեղ եք գնում, պատերազմը դաժան է, մսաղած է; Պատերազմի սկզբից սպասում էի, երբ այդ դաժան պահը գալու, ո՞ւր է պատերազմի դաժան պահը: Վերջին օրերին հասանք Շուշի, ասեցին՝ այդ ո՞ւր եք գնում, էդտեղ շատ դաժան է: Մտածեցի՝ դաժան պահն այդտեղ կտեսնեմ, բայց չտեսա: Տենց էլ չհասկացա՝ ո՞րն է պատերազմի դաժան պահը», ասում է այն նույն մարդը, որը նոր պատմում էր, թե ոնց էր ինքը վիրավոր, իսկ ընկերը հետը նստած նռնակը պատրաստ պահում էր, որ եթե թուրքերը գան տրաքցնի իրեն էլ, վիրավոր ընկերոջն էլ: ....

Գայլոց գիրքը

Ու ես ուզում եմ, որ գրվի Ելից գիրքը:

Պետք է դուրս գաս այսօրվա Հայաստանից, որ հասնես ...իրական Հայաստան:

Պետք է չմասնակցես պարտադրված խոսակցություններին, որ լեզու առնես, սկսես խոսել:

Մեռելները թող թաղեն իրենց մեռելներին:

Թող շները անվերջ կրծեն հին ոսկորները:

Դու ապրի այնպես, կարծես այդ ամենը չկա, գոյություն չունի:

Որովհետեւ այդ ամենը մեռած է, միայն թվացյալ գոյություն ունի: Վիրտուալ Հայաստանն է իր պատրանքային գոյությամբ, իր դեկորատիվ էլիտայով, իր խաբուսիկ անվտանգությամբ:

Անկախությունը, իրական Հայաստանը, կենսունակն ու կենսատուն դուրս է այդ աշխարհից եւ թաքնվել է անմարդաբնակ վայրերում՝ լքված ամրոցի պես սպասում է իրեն գտնողին: Դուրս արի բոլոր ցանցերից, անցյալի կապանքներից դեպի արձակ դաշտեր, լիաթոք շնչի Հայաստանի օդը: Գայլի հոտառությամբ փնտրի ու գտի արահետները, որոնք տանում են դեպի վեր, դեպի սառնորակ աղբյուրներ ու լուսնի արծաթ: Եղիր ուժեղ, խորամանկ, համբերատար ու երդվի լուծել դավաճանված հայրենիքիդ ոխը՝ քայլ առ քայլ, քար առ քար, տարի առ տարի, տասնամյակ առ տասնամյակ՝ թող ոչ ոք չներվի, ու ոչ ոք չճողոպրի քո ճամփից այն ժամանակ, երբ պատրաստ լինեն բոլոր զենքերը, բոլոր թակարդները ու բոլոր թույները:  

Հրանտ Տէր-Աբրահամեանը պատմաբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին