300 դրամ աշխատավարձն ու ազնիվ լրագրողը - Mediamax.am

300 դրամ աշխատավարձն ու ազնիվ լրագրողը
2280 դիտում

300 դրամ աշխատավարձն ու ազնիվ լրագրողը


ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էի, եթե չեմ սխալվում՝ երկրորդ կուրսի: Մի քանի տեղ փորձել էի աշխատանք գտնել եւ քանի որ ժամը 13:00-ից հետո ազատ էի, կարծում էի՝ կկարողանամ թղթակցել որեւէ լրատվամիջոցի: Մտածում էի, որ արդեն մեծ եմ, ու ժամանակն է գումար վաստակելու եւ մի փոքր անկախանալու ընտանիքից: Որոշ փորձերից, տպագրվելուց եւ չվճարվելուց հետո՝ նեղսրտում էի:

Մի օր ես եւ ընկերուհիս որոշեցինք ինքներս մեզ ապացուցել, որ կարող ենք նաեւ վարձատրվել աշխատանքի դիմաց (հիմա գուցե ծիծաղելի հնչի այս արտահայտությունը, բայց այդ տարիներին իսկապես դժվար էր դա թվում), անգամ եթե այդ աշխատանքը մեր մասնագիտությամբ չէ:

Երկար մտորելուց հետո որոշեցինք գնալ Ռադիոտան հարեւանությամբ գտնվող փոքրիկ ծաղկի սրահ եւ ծաղկավաճառ կնոջը խնդրել թույլ տալ օգնել իրեն ծաղիկներ ձեւավորել ու դրա դիմաց սիմվոլիկ գումար ստանալ: Ծաղկավաճառ կնոջ վրա լուրջ տպավորություն թողնելու եւ համոզելու համար, որ մեզ աշխատանք տա, «ռազմավարական» պլան էինք մշակել:

Պլանն այսպիսին էր՝ կնոջն ասել, որ մրցույթի ենք մասնակցում, որի ընթացքում պետք է 1500 դրամ գումար վաստակենք՝ տարբեր աշխատանքներ անելով (դիտմամբ էինք ինքներս մեզ համար ցածր գին սահմանել, որպեսզի կարողանանք հաղթահարել մարտահրավերը):

Մեզանից մի կուրս բարձր տղաներից մեկին խնդրել էինք գալ մեզ հետ եւ հեռվում կանգնել՝ այնպիսի վայրում, որ կինը տեսնի նրան, իսկ նա՝ բոլորիս: Այս քայլով էլ մեզ ապահովագրել էինք հնարավոր իրավիճակից, որ կինը կվճարի առանց աշխատելու՝ զուտ օգնելու համար:

Նախ ներկայացրեցինք մեր հնարած փոքրիկ սուտը, հետո մատով ցույց տվեցինք հեռվում կանգնած տղային՝ ասելով, որ նա հսկիչն է, ու անպայման պետք է մեր ձեռքով ձեւավորենք ծաղիկը, այլապես գումարը վաստակված չի համարվի: Բարեբախտաբար, կինը համաձայնեց եւ մենք սկսեցինք ծաղկեփունջ ձեւավորել:

-Վայ թաղեմ քեզ, ի՞նչ էլ ուշադիր ա հսկում էրեխեքին,- մինչ կինն անիծում էր մեր ընկերոջը, մենք մանրակրկիտ շարում էինք ծաղիկներն ու հազիվ զսպում այդ բառերից առաջացած ծիծաղը:

Երբ ծաղկեփունջն արդեն պատրաստ էր, կինը մեզ 300 դրամ վճարեց, որից ես եւ ընկերուհիս՝ Յանան, այնքան էինք երջանկացել, որ անգամ լուսանկարեցինք: Հետո երկար ժամանակ ցույց էինք տալիս ծաղկեփնջի ու այդ 300 դրամի լուսանկարը՝ բոլորին ասելով, որ դա մեր առաջին աշխատավարձն է:   

Մեր առաքելությունը որոշ չափով կատարված համարելով՝ ես եւ ընկերուհիս դադարեցրիք այդ խաղը: Իսկ հաջորդ աշխատավարձս արդեն 15 հազար դրամ էր՝ ռադիոյում հեռարձակված երեք ռեպորտաժի դիմաց:

Մեզ՝ լրագրության ֆակուլտետի ուսանողներիս համար այդ տարիներին ամենակարեւոր բանը որեւէ լրատվամիջոցում հայտնվելն էր, դա մենք համարում էինք մեծագույն ձեռքբերում եւ պատրաստ էինք աշխատել ցածր վարձատրությամբ: Մեզ համար լրագրությունը մի հսկայական դղյակ էր, որի աստիճաններով բարձրանալու ճանապարհին ունեինք կարեւոր սկզբունքներ: Մեր լսարաններում ամեն օր հնչում էին՝ «անաչառություն», «օպերատիվություն», «ազնվություն», «ճշգրտություն» եւ նման այլ բառեր, որոնց իսկական իմաստն այդ պահին, գուցե, լավ չէինք էլ ըմբռնում: Հետագայում՝ ամեն նյութի վրա աշխատելիս, սակայն, դրանք զանգերի պես հնչում էին գլխումս եւ հիշեցնում ազնիվ լրագրողի կերպարի մասին:

Ես, երեւի, իսկապես բախտավոր ուսանող էի, քանի որ լավ վարպետների խմբում էի սովորում լրագրության արվեստը, եւ դասերի ընթացքում գրված ամեն նյութից հետո տեսնում էի, թե ինչպես եմ «շաղախված անմարմին կավից» լրագրողի կերպարանքը ստանում:

Այս ամենը պատմում եմ, որովհետեւ վերջին շրջանում հաճախ են տարբեր մարդիկ իրենց պարտականությունը համարում լրագրողներին դասեր տալ: Ու պատմում եմ նաեւ այն պատճառով, որ այդ մարդիկ իմանան, թե ինչքան կարեւոր է մեզ՝ իրենց գործին նվիրված լրագրողներիս համար այդ մասնագիտությունը: Իհարկե, լրագրողներն էլ այդ վերաբերմունքի համար իրենց մեղքն ունեն շատ հաճախ ու որոշ դեպքերում դա, իսկապես, արդարացի է: Բայց, մի բան կա այս իրավիճակում, որի հետ հաշտ չեմ՝ որոշ խմբի սխալների հետեւանքով այդ սխալների տակ չի կարելի ընդհանրացնել բոլորին:

Եթե որեւէ տնտեսագետ, բժիշկ, ֆիզիկոս կամ իրավաբան իր աշխատանքում անզիվ չի լինում, մեղադրանքները չեն ուղղվում այդ մասնագիտական ողջ հանրության դեմ: Ես չեմ մեղադրում մարդկանց եւ գիտեմ, որ նրանք նաեւ լավն են տեսնում: Պարզապես, որպես լրագրողի մասնագիտությանն ամեն օր սիրահարվող մարդ, ընդվզում եմ այն նվաստացնելու փորձերի դեմ:

Ընթերցող-լրագրող կապը երկուստեք է, եւ դուք իրավունք ունեք պահանջելու ավելի որակյալ ու անաչառ լրատվություն, բայց եկեք համաձայնենք, որ դուք ավելի լավ չեք տիրապետում լրագրողի գործի նրբություններին, ինչպես որ նա՝ ձեր մասնագիտությանը: Ուրեմն՝ ամեն մեկը թող իր գործով զբաղվի:

Ու միշտ հիշեք, որ ցանկացած պահի կարող եք փոխել հեռուստաալիքը կամ փակել կայքը, եթե համարում եք, որ լրագրողն ազնիվ չէ ձեզ հետ:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին