Մեր հաղթանակը՝ հանուն մեծ սիրո եւ մեծ սիրով - Mediamax.am

Մեր հաղթանակը՝ հանուն մեծ սիրո եւ մեծ սիրով
2286 դիտում

Մեր հաղթանակը՝ հանուն մեծ սիրո եւ մեծ սիրով


Մի աչքս՝ փակ, մյուսը՝ կիսաբաց, սահում է հեռախոսիս էկրանով: Մի քանի վայրկյան ու պատերազմ բառը մեխվում է գլխումս, ստիպում կայծակնային արագությամբ վեր թռչել տեղիցս:

Առաջին բանը, որ տեսնում եմ սենյակի դուռը բացելուց հետո, զինվորական համազգեստի գույներն են. եղբայրս՝ կռացած ձգում է կոշիկների երիզները:  

- Ստեփանակերտին են խփել, կռիվ ա, - ասում եմ ես կիսաձայն ու զուգահեռ մտածում, թե ինչու է եղբայրս կիրակի օրով զորամաս գնում (պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել բանակում):  

- Դրա համար Սասունին տագնապով կանչեցին,- ասում է մայրս՝ ինձ համար զարմանալի հանգստությամբ (տղան մեծ մարդ է դարձել, վստահում է տղային):

- Եթե Ադրբեջանը Ստեփանակերտին ա խփել, էդ արդեն լավ չի, - մտքերիս արանքից դուրս են փախչում բառերը: Եղբայրս, ով զբաղված է զինվորական կոշիկները փայլեցնելով, ադրբեջանցիների գործողությունների մասին լսելուց հետո արձագանքում է հրապարակման համար ոչ ենթակա բառերով եւ ինքնագոհ ժպիտով:

Տագնապ, պատերազմ, հրետակոծություն, Ստեփանակերտ, Ռուբեն... Աչքերով եղբորս եմ հետեւում, ով գնում-գալիս եւ պատրաստվում է տնից դուրս գալուն, իսկ միտքս պտտվում է միանգամից մի քանի ուղղություններով ու կենտրոնանում վերջինի վրա: Ռուբեն:

Ռուբենը մորեղբորս տղան, ով երեք ամիս է՝ ծառայում է Պաշտպանության բանակում: Իրադարձությունների աշխարհագրական քարտեզը մի փոքր պատկերացնելուց հետո՝ արյունս կանգ է առնում:

***

Օգոստոսյան արեւը վառում է այտերս, որոնք անհանգստությունից կրկնակի կարմրած են: Նստած եմ անկյունային պատի տակ, դիմացը հին մեքենա է, որի հետեւում փորձում եմ «թաքնվել» ավելորդ հարցերից ու աչքերից:

«Ապաստարանումս» տեղակայվել եմ այն բանից հետո, երբ կենտրոնական զինվորական հավաքակայան մտնելու վերջին փորձս պսակվեց անհաջողությամբ:
Մեկ ժամ սպասումից եւ մի քանի զանգերից հետո հեռախոսի մյուս ծայրից լսում եմ մամայի հուսահատ ձայնը.

-Ռուբոն Արցախ քաշեց, Ասկերան, սկզբում էլ՝ ուսումնական զորամաս, բայց անունը չգիտեմ: Թմբուկում մենակ էդ մի զորամասն էր Արցախ, էդ էլ քաշեց:

Տաքսու մեջ արդեն զանգում եմ Ռուբենին ու հարցնում՝ հո չի նեղվել, որ Ասկերանում է ծառայելու:

-Չէ, Մար, ինչի՞ց պիտի նեղվեմ,- հարցիցս զարմացած ասում է փոքր եղբայրս,- ամեն ինչ լավ ա, քիչ անց կշարժվենք:

-Ասկերանը Ղարաբաղի ամենալավ զորամասն ա, հատկապես էն բանից հետո, ինչ Ջալալը դարձավ հրամանատար: Նեղվելու բան ընդհանրապես չկա: Ես էլ եմ էդ զորամասում ծառայել, - շտապում է հանգստացնել տաքսու վարորդն ու մինչեւ տուն հասնելը գովում հրամանատարին,- Ջալալը իսկական կարգուկանոն մտցրեց զորամասում, Ջալալը իսկական հրամանատար ա:

***

- Ջալալը իսկական հրամանատար ա,- հիշում եմ տաքսու վարորդի խոսքերն ու կարդում հրամանատարի մարտակոչը. «Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը»:

Մեր երեխաների ապագան... Բայց Ռուբենն ինքը երեխա է, ինձնից 12 տարի փոքր, իմ ձեռքերում մեծացած, իմ օգնությամբ քայլել սովորած: Ու այնպես է ստացվում, որ մենք՝ մեր երեխաների հետ միասին, ամեն անգամ ստիպված ենք լինում պաշտպանել մեր հայրենիքում մեր ապրելու իրավունքը՝ մեզանից մի մասի՝ այդ իսկ իրավունքը զոհելով:

Ու այդ մի մասը սկզբում թիվ է, ինչպես երեկ գիշերը 16 էր, հետո դառնում է անուններ, որոնք խաչաձեւ ու շտապ կարդում ես՝ ծանոթ անուն-ազգանուն չգտնելու հույսով: Հետո երկար ժամանակ ամաչում ես արածիցդ ու խիղճդ սկսում է կրծել քեզ ներսից: Որոշ ժամանակ անց այդ անուններ դարձած թիվը դեմքեր է ստանում, երբ տարածվում են տղաների լուսանկարները, իսկ ծանրությունն էլ ավելի է մեծանում՝ նստելով սրտիդ վրա, կախվելով կոկորդից ու սառելով օդում:

- Երեւի էս անգամ մի քիչ էգոիստ եմ դարձել, կամ դեռ ինձ մեղավոր եմ զգում, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ մի քանի օր շարունակ առանձնահատուկ չեմ անհանգստացել մյուս եղբորս՝ Դավոյի համար, չեմ առանձնացրել նրան մյուս զինվորներից,- ինքս ինձ փորձում եմ արդարացնել առավոտյան ոտքով Բաղրամյան փողոցն անցնելիս: Դավոն Ռուբենի հարազատ եղբայրն է, եւ ընդամենը երեք ամիս էր, ինչ ծառայում էր Ջաբրայիլում, որ սկսվեց ապրիլյան պատերազմը:

***

Փայտի վառարանում աննշան կրակ է մնացել: Դավոն բացում է դուռը, մի քանի փայտ դնում վառարանի մեջ ու առանց դեմքի որեւէ մկան շարժելու պատմում, թե ինչպես բարձրացան դիրքեր: Օրեր առաջ զորացրված եղբայրս պատմում է Ապրիլյան պատերազմի օրերի մանրամասները, իսկ աչքերը սառած են, առանց զգացմունք: Ես լաց եմ լինում՝ հնարավորինս անձայն:

- Պատերազմը երեւի սպանում է մարդկանց էմոցիաները, պատերազմից հետո մարդիկ լրիվ ուրիշ են դառնում,- մտածում եմ՝ շարունակելով լսել սարսափազդու պատմությունները, որ եղբայրս պատմում է այնքան սառնասրտորեն:

Լսում եմ պատմությունները, գլխումս գծագրելով դիրքերը, վերակազմելով այդ օրերի պատկերներն ու փորձելով հիշել տղաների դեմքերը... բոլորինը, հերթով:

***

Եւս 58 կյանք, որոնց դեմքերը դեռ պիտի փորձենք մտապահել, անունները՝ հիշել, որոնց տեղը լրացնելն անհնար է, իսկ փոխարենը լրացնելը՝ պարտականություն: Կիսատությունն էլի ծանրանում է մեզ վրա:

Գործընկերս մտնում է սենյակ ու քարտեզի վրա սկսում փնտրել հարավային ուղղությունը՝ իր որդու հավանական ուղղությունը: Լուռ զսպվածությամբ, բայց նաեւ դողացող անհանգստությամբ են աչքերը փնտրում տեղանունները:

Քարտեզի սանտիմետրերի վրա մատները սահում են այնքան հեշտորեն, իսկ զինվորական ծանրացած կոշիկները հեշտությամբ չեն պահում այդ սանտիմետրերը: Մեծ դժվարությամբ են պահում, բայց մի քանի անգամ էլ ավելի մեծ սիրով:

Մեծ սիրով, որի ամենասիրուն նկարագրությունը տվել է սահմանապահ Մովսես գյուղի քահանան՝ Տեր Աբելը. «Նայեցի զինվորների աչքերին և հասկացա՝ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն»: Հանուն այդ մեծ սիրո եւ այդ մեծ սիրով՝ մեր հաղթանակն այլընտրանք չունի:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին