Ինչպես կոնյակ խմեցինք Ստեփանակերտի օդակայանում - Mediamax.am

Ինչպես կոնյակ խմեցինք Ստեփանակերտի օդակայանում
2504 դիտում

Ինչպես կոնյակ խմեցինք Ստեփանակերտի օդակայանում


Ստեփանակերտից «Մենք ենք մեր սարերը» հուշարձան ճանապարհը հեռու չէ, այնտեղից էլ Ստեփանակերտի օդակայան՝ մի քանի քայլ, կարող ենք ոտքով էլ գնալ:

Հուլիսյան արեւի հետ կռիվ տալով՝ ես եւ ընկերուհիս որոշում ենք ոտքով հասնել՝ լավ չպատկերացնելով, որ իրականում այդ ճանապարհն այնքան էլ «մի քանի քայլի» բան չէ: Որոշումը հաշված րոպեներում կայացնելուց հետո՝ ճամփա ենք ընկնում ու քայլում դեպի թեեւերը բացած օդակայանը, որն ինձ համար այնքան մեծ խորհուրդ ունի եւ որի գործարկման մասին վերջին տարում պարբերաբար հոդվածներ եմ գրում՝ հույսով, որ մի օր էլ ես կլինեմ այդ օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռի ուղեւորը:

Արեւը գնալով ավելի ու ավելի է այրում, իսկ ես՝ անապատում հայտնվածի եւ օազիսի մասին երազողի պես, շարունակում եմ քայլերս՝ աչքերիս առաջ պահելով թռիչքի պատրաստ թռչունի հիշեցնող օդակայանի շենքը:

-Սիրուն ջան, վերջապես քեզ կտեսնեմ,- մտքում անդադար կրկնում եմ:

«Մենք ենք մեր սարերը» հուշարձան չհասած՝ ճանապարհին, խորհրդային արտադրության մեքենա է կանգնում եւ վարորդը հարցնում է, թե ուր ենք գնում: Մենք, ոգեւորված ու իրար հերթ չտալով, պատմում ենք, թե ովքեր ենք եւ ինչու ենք ոտքով ճանապարհ ընկել: Վարորդը նախ, համբերատար, լսում է, հետո քթի տակ ծիծաղելով մեր միամտության վրա՝ սկսում բացատրել, որ իրականում օդակայանը մեր պատկերացրածի չափ մոտ չէ:

- Ես ձեզ կտանեմ, բայց մինչեւ էդ մի պահ պիտի մտնենք Խոջալու, իմ տուն: Մի պահ կսպասեք, հետո կտանեմ:

Համաձայնում ենք՝ առանց երկար-բարակ մտածելու: Ճանապարհին հասկանում ենք, որ վարորդը, ում անունը եւ մեր զրույցի մանրամասները, ցավոք, հիմա լավ չեմ հիշում (2012 թիվն էր), ինչ-որ կապ ունի օդակայանի հետ: Առաջին կանգառը բարեհաջող անցնելուց հետո՝ ուղեւորվում ենք Ստեփանակերտի օդակայան, որի մոտ կանգնած ոստիկանին վարորդն ինչ-որ բան է բացատրում, կարճ ժամանակ անց՝ ոստիկանը թույլ է տալիս մտնել օդակայանի տարածք:

Անհամբեր երեխայի նման՝ շենքից բավական հեռու մեքենայի կանգ առնելուն պես, բացում ենք դուռը եւ նույն արագությամբ էլ փակում՝ վարորդի արագ արձագանքից հետո:

- Հիմա չեք կարող իջնել: Նստեք մեքենայի մեջ, շուտով ուղղաթիռ է գալու, ես այնտեղ աշխատանք ունեմ անելու, ուղղաթիռից իջնող մարդիկ կգնան, հետո կգամ ձեզ կտանեմ շենքը ցույց տալու:

Անցնում է մոտ կես ժամ, ուղղաթիռը դեռ չկա, մեր հանդեպ այնքան բարեհամբույր վարորդը պարբերաբար մի փոքր մոտենում է մեքենային, մեզ ձեռքով ինչ-որ նշաններ ցույց տալիս ու նորից վերադառնում շենքի հետնամաս, որտեղ մի քանի հոգի են հավաքված:

Մեր կայանելուց մոտ 40 րոպե անց վերջապես նկատում ենք թռիչքուղուն մոտեցող ուղղաթիռը, հատուկ պատրաստությամբ շարված մարդկանց մոտ այն վայրէջք է կատարում, իսկ մենք՝ լայն բացած աչքերով, նայում ենք դրանից իջնող ուղեւորներին:

- Նախագահն է, Բակո Սահակյանն է,- միաբերան կրկնում ենք ես ու ընկերուհիս՝ հնարավորինս ներքեւ իջեցնելով մեր գլուխները, որպեսզի դրսից որեւէ մեկը չնկատի օդակայանի տարածք գաղտագողի ներթափանցածներին:

- Պատկերացնո՞ւմ ես՝ էս մարդն իմանար լրագրող ենք՝ մեզ երբեք էսքան արտոնություններ չէր տա:

Անցնում է մոտ 10 րոպե, Արցախի նախագահը՝ իրեն ուղեկցողների հետ, հեռանում է մեքենայով, իսկ մեր վարորդը որոշ ժամանակ անց վերադառնում մեզ մոտ՝ հավանաբար, հույսով, որ չենք ճանաչել նախագահին: Դե մենք էլ որոշում ենք հուսախաբ չանել:

Վերջապես գալիս է սպասված պահը: Ես եւ ընկերուհիս, որ ոտքով ճամփա ընկնելու սկզբում առավելագույնը հեռվից օդակայանի ֆոնին լուսանկարվելու հույսեր ունեինք, մտնում ենք չքնաղագույն  շենքն ու բարձրանում աստիճաններով: Մի քանի սենյակ են մեզ ցույց տալիս, հետո մտնում ենք «շեֆի» աշխատասենյակ: Թե իրականում ով էր շեֆը եւ ինչ պաշտոն ուներ, հիմա լավ չեմ հիշում, բայց հիշողությանս մեջ շատ վառ մնացել են նրա վառվռուն աչքերը: Տղամարդը ջերմ բարեւում է մեզ ու վայրկյաններ անց սեղանին դնում կոնյակի շիշն ու շոկոլադե կոնֆետների տուփը:

- Դուք չգիտեք, թե ինչ հատուկ օրով եք եկել այստեղ,- ասում է նա ու կոնյակով լի բաժակներն ուղղում մեզ:

- Մենք չենք խմում, շնորհակալություն, արդեն մեծ բան արեցիք, որ թույլ տվեցիք տեսնել շենքը ներսից,- առարկում ենք մենք:

- Չենք խմում չկա, երեխա եմ ունեցել, աչքալուսանք ենք խմելու,- տղամարդու փաստարկը առավել, քան համոզիչ է լինում:

Հիմա Արցախում պատերազմ է, բայց ես գիտեմ, որ այդ պատերազմն այս սյունակում նկարագրած արցախցի բարի, ուժեղ ու հյուրասեր մարդկանց խաղաղ ապրելու իրավունքի համար է, ես համոզված եմ, որ Ստեփանակերտի օդակայանում եւ Արցախի մյուս սիրուն շենքերում նորից խմելու են նորածին երեխայի աչքալուսանքի կենացը:
 
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին