Երեւանն ԱՆհարմարեցված քաղաք է հետիոտնի համար - Mediamax.am

Երեւանն ԱՆհարմարեցված քաղաք է հետիոտնի համար
1497 դիտում

Երեւանն ԱՆհարմարեցված քաղաք է հետիոտնի համար


Երեւանն իմ տեսած ամենից ԱՆհարմարեցված քաղաքն է հետիոտնի համար։ ԱՆհարմարեցված և ոչ թե անհարմար, որովհետեւ դժվար թե քաղաքը նախագծողները մայթերը հատուկ հնարավորինս նեղ ու առանց ծառերի նախատեսեին։

Իսկ այն մասին, որ քաղաքը ժամանակի ընթացքում և առանձնակի ջանքերով է անհարմար դարձել քայլելու համար, վկայում է, օրինակ, Բաղրամյան և Պուշկին փողոցների համեմատությունը։ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մայթով քայլելու դեպքում, որտեղ փողոցին մոտ կառուցապատումներ չեն արվել, հանգիստ՝ առանց կյանքին եւ առողջությանը սպառնացող լուրջ վտանգների, քայլել հնարավոր է։ Նույնը չեմ կարող ասել Պուշկինի դեպքում՝ մայթերի մի մասը զավթել են սրճարանները, մի մասն էլ՝ բարակել, նեղացել է կառուցապատողների ագահությունից։

Օգոստոսի սկզբին Իսպանիայում էի՝ ամենատուրիստական քաղաքներից մինչև քիչ գովազդված ու հանգիստ քաղաքներում ամեն բան արված է, որպեսզի դրանք մարդուն հարմար լինեն։ Մեքենաների համար բացվող կանաչ լույսի համեմատ՝ հետիոտնի համար բացվող լույսը երկու անգամ ավելի երկար է պահում, մայթերը լայն են, հանրային տրանսպորտի և տաքսիների համար առանձին երթուղիներ կան, հեծանիվների և ինքնագլորների համար՝ առանձին։ Հատկապես քաղաքի կենտրոնում կայանված անթիվ, անհարմար մեքենաները չկան։ Չկան, որովհետեւ կենտրոնում կայանելը թանկ արժե և ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ օրինակ՝ մի քանի ժամ կայանելու համար ավելի քան 30 եվրո վճարել։  Ամեն ինչ արված է, որպեսզի սեփական մեքենա ունենալը ձեռնտու չլինի։ Արդյունքում՝ խցանումները քիչ են կամ գրեթե չկան, իսկ մարդիկ հանգիստ կարող են ոտքով կիլոմետրեր քայլել՝ առանց լարվելու, որ ամեն պահի որևէ մեքենա կարող է «ոտքդ տրորել»։ Իհարկե, դրան զուգահեռ կա նաև հանրային տրանսպորտային համակարգ, որը մենք ամենալավ երազում էլ չենք տեսնի մոտ ապագայում և որի մասին անկատար խոստումները սկիզբ ունեցել են, վերջ՝ երբեք։

Սկզբի ու վերջի մասին. ամեն առավոտ աշխատանքի ոտքով գնալիս մտածում եմ, որ վերջս հենց այսօր է լինելու, որովհետեւ Օրբելիից Աբովյան փողոց հասնելու ընթացքում մի քանի անգամ հրաշքով փրկվում եմ հետեւից եկող ինքնագլորներին բախվելուց։ Վերջին ամիսներին անվնաս աշխատանքի հասնելը իսկապես բախտի հարց է դարձել։

Մեկ տարում մեր քաղաքում զգալիորեն ավելացել են հեծանիվներն ու ինքնագլորները։ Առաջին հայացքից՝ ցանկացած նորմալ մարդու համար սա միայն ուրախալի կլիներ, բայց միայն առաջին հայացքից ու միայն եթե այդ մարդը Երեւանի բնակիչ չէ։ Այն, որ գերծանրաբեռնված երթեւեկությամբ քաղաքի համար այլընտրանքային և էկոլոգիապես անվնաս փոխադրամիջոցները փրկօղակի պես բան են, կասկածից վեր է, բայց այդ փոխադրամիջոցների համար նախատեսված երթուղիների բացակայությունն այդ փրկօղակը վերածում է պոտենցիալ «մահօղակի»։  

Ինքնագլորների ավելանալուն զուգահեռ ավելացել են նաեւ դրանք անզգուշորեն վարելու հետեւանքով պատահարների և մարդկանց վնասվածքներ հասցնելու դեպքերը։ Դժգոհություններն արդեն ամիսներ է, որ կան, իսկ պատկան մարմինների միակ պատասխանն այսքան ժամանակ եղել է այն, որ կարգավորումներ առկա չեն։ Ամեն մեկը պատասխանատվությունը մյուսի վրա է գցում, իսկ թե ով է կարգավորումների բացակայության պայմաններում տրամադրել թույլտվությունները, որով ինքնագլորները հայտնվել են Երեւանի փողոցներում, կարելի է միայն կռահել։

Ու քանի դեռ այս անորոշությունը կա, հետիոտները, որոնք առավելապես ԱՆհարմարեցված մայթերով են քայլում, ստիպված են նաեւ «գոյաբանական» կռիվ տալ ինքնագլորների դեմ։

Սիրելի հեծանվորդներ եւ ինգնագլորավարներ, ես՝ որպես Երեւանի բնակիչ, իրականում, ձեր դեմ ոչինչ չունեմ, հակառակը՝ ես ուրախ կլինեմ, եթե ստեղծվեն համապատասխան երթուղիներ և կարգավորումներ, դա գուցե օգնի բեռնաթափել Երեւանի ծանրաբեռնված երթեւեկությունը, իսկ մենք էլ մի քիչ ավելի մաքուր օդ շնչենք։

Բայց մինչ այդ՝ քանի դեռ դուք չեք երթեւեկում ձեզ համար նախատեսված ուղիով և որեւէ կարգավորմամբ պատասխանատվություն չեք կրում հնարավոր պատահարների համար, բարի եղեք ազդանշան չտալ մայթով անցնելիս, իսկ լավ կլինի, որ մայթով ընդհանրապես չերթեւեկեք, որովհետեւ ես չեմ պատրաստվում ձեզ զիջել այն մայթը, որն առանց այն էլ արդեն հնարավորինս մաշեցրել են կառուցապատումներով եւ սրճարաններով։  

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին