Տեր կանգնենք զոհվածների ընտանիքներին - Mediamax.am

Տեր կանգնենք զոհվածների ընտանիքներին
1689 դիտում

Տեր կանգնենք զոհվածների ընտանիքներին


Պատերազմը նորից սառեց օդում: Եղբայրս շուտով տուն կգա:

Երկու օր է՝ չի զանգել, չենք խոսել հետը: Ու եթե նախորդ օրերի չզանգերից սիրտս քարանում էր, հիմա գոնե իր համար հանգիստ եմ, էլ կռիվ չկա: Հիմա ուղղակի ուզում եմ գալուց առաջ անպայման զանգի, անակնալ չգա, որպեսզի եղբորս խնդրեմ իր հետ վարդագույն քաղցր բամբակ բերի եւ որպեսզի քրոջս աղջիկը մեր տանը լինի այդ օրը:

Մարիան փոքր է, չգիտեմ՝ այդ պահն ինքը կհիշի հետո, թե ոչ, բայց ես ուզում եմ, որ եղբայրս վերադառնա ճիշտ նույն տեսարանով, ինչ առաջին պատերազմից՝ քեռիս. զինվորի շորերով, երկար բեղերով ու վարդագույն քաղցր բամբակը ձեռքին: Ուզում եմ, որ Մարիան էլ իր քեռուն դիմավորի ճիշտ այնպես, ինչպես ես՝ իմ քեռուն: Ուզում եմ՝ իմ մանկության հաղթանակի սիմվոլիկան նորից վերապրել՝ որպես գալիք հաղթանակի տեսիլ: Որովհետեւ այս պատերազմն էլ, առաջինի պես, ուղղակի սառեց օդում, ու հաջորդը դեռ, հավանաբար, լինելու է: Հաջորդն առաջինի պես ավարտելը դեռ մեր սուրբ պարտքն է դառնալու:

Իսկ ներքեւում թողնում եմ 2013թ.-ին՝ Արցախյան շարժման 25-ամյակին գրածս ու կարեւոր խնդրանք. որպես հասարակություն եկեք հետամուտ լինենք ու պահանջենք, որ վիրավոր ու զոհված տղերքի ընտանիքները մենակ չմնան, անօգնական չլինեն, անուշադրության մատնված չապրեն: Դա մեր կարեւոր պահանջը լինի պետությունից ու ինքներս մեզանից:

...

Վարդագույն քաղցր բամբակ ու քեռիիս մուգ սեւ մորուքը. Արցախյան շարժումը երկու տարեկան հասակիցս մնացած մի քանի հիշողություններից մեկն է: Էդ տարիքից շատ բան չեմ հիշում: Մեր տունը փողոցին մոտ էր: Գյուղում միայն մի ավտոբուս կար, որ մեր գյուղից քեռիենց գյուղ էր գնում:

Տարիներ հետո, երբ այդ դեղին ավտոբուսը կանգնում էր տան մոտ, ինձ թվում էր, որ քեռիս կիջնի` զինվորի շորերով: Հեռվից կտեսնեմ նրա մուգ սեւ մորուքն ու ձեռքի վարդագույն քաղցր բամբակը: Բայց պատերազմն ավարտվել էր, քեռիս էլ, որ այն ժամանակ կռվում էր, վերցրել էր ընտանինքն ու տեղափոխվել Ռուսաստան: Երբ մեծացա, միշտ նույն բանն էի հարցնում ինքս ինձ` ինչու՞ քեռիս գնաց երկրից… Էդ հարցի պատասխանը հիմա եմ հասկանում` ընտանիքին պետք է լավ պահեր:

Այսօր Արցախում կռված շատ տղաների ընտանիքներ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Երկու տարի առաջ ծանոթացա Արծրուն Միքայելյանի կնոջ եւ դստեր հետ: Արծրունը զոհվել է պատերազմում: Ընտանիքն այսօր անգամ տուն չունի: Սենյակը, որ հեռուստացույցի տուփի չափ փոքր էր, Արծրունի կնոջ քրոջն էր: Ապրում էին, մինչեւ մի հնար լինի: Արծրունի դուստրը առողջական լուրջ խնդիրներ ուներ…

Կարդում էի տարբեր պաշտոնյաների հայտարարությունները Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի մասին: Սովորական ճառեր… իսկ իրականում այդ Շարժման ու դրանից հետո էլ պատերազմում հաղթած, Արցախն ազատագրած տղաների նկատմամբ պետության ուշադրությունը, մեղմ ասած, քիչ է: Այդ շարժումն էլ, պատերազմն էլ ու մյուս բոլոր իրադարձությունները մարդիկ են: Պետք չէ մոռանալ նրանց:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին