Անհավատալի բացահայտումներ՝ ամսական $ 5.99-ով - Mediamax.am

Անհավատալի բացահայտումներ՝ ամսական $ 5.99-ով
9079 դիտում

Անհավատալի բացահայտումներ՝ ամսական $ 5.99-ով


90-ականների սկզբին երաժշտությունն ինձ համար ամեն ինչ էր: Եթե երաժշտությունը չլիներ, վստահ չեմ, որ կհաղթահարեի պատանեկությանը բնորոշ բոլոր դժվարությունները: 

 

1990-1992 թվականներին մեծ ընտրություն չկար: Հիմնականում դասական ռոք էի լսում՝ Deep Purple, Led Zeppelin, The Doors: Շատ այլ խմբերի անուններ, իհարկե գիտեի, նրանց հիթերին էլ ծանոթ էի, բայց երբեք, օրինակ, The Who-ի կամ Դեվիդ Բոուիի ամբողջական ալբոմ չէի լսել: Կամ չկար Երեւանում, կամ շատ բարդ էր գտնելը: Բացի այդ՝ սիրելի խմբերն այնքան սիրելի էին, որ ափսոս էր ժամանակը «վատնել» ուրիշների վրա: 

 

Իհարկե, նոր խմբեր եւս լսում էի, բայց՝ հատուկենտ երգեր: Լավ հիշում եմ, որ 1993 թվականին, երբ անհնարին բան էր եղել ու սովորական 1-2 ժամով «լույսը տալով»՝ մոռացել էին անջատել, գիշերվա ժամը 2-ին պատը թակեց մեր տարեց հարեւանուհին եւ պահանջեց, որ անջատեմ R.E.M. խմբի Losing My Religion երգը, որն ամբողջությամբ ձայնագրված էր մի կասետի վրա:

 

Հետո սկսեցի ավելի ու ավելի քիչ երաժշտություն լսել, ինչ-որ մի պահի էլ՝ գրեթե ամբողջությամբ դադարեցի: Ինչ-որ որոշման հետեւանք չէր, պարզապես այդպես էր ստացվել: Ոչ էլ նեղվում էի երաժշտություն չլսելուց. 1999 թվականին Մեդիամաքսը հիմնելուց հետո այնքան զբաղված էի, որ երաժշտության համար, երեւի, տեղ չէր մնում:

 

Առաջին «վերադարձը» երաժշտությանը նույնքան անսպասելի ստացվեց, որքան դրանից «հրաժարվելը»: Մոտ 10 տարի առաջ հանգստանում էինք ծովափին, ընկերս iPod էր լսում: Հավեսս տվեց, խնդրեցի որ փոխանցի ինձ: Հին ռոքի հավաքածու էր, լսեցի մի քանի երգ ու ինքս ինձ հարց տվեցի. «Բայց ինչո՞ւ էիր քեզ այս հաճույքից 10 տարի զրկել»: Այդ դեպքից հետո վերսկսեցի պարբերաբար երաժշտություն լսել:

 

Երկրորդ «վերադարձը» տեղի ունեցավ մոտ կես տարի առաջ ու կրկին անսպասելի: Մի օր Apple-ից նամակ եկավ այն մասին, որ ամիսը 5.99 դոլարով կարող եմ բաժանորդագրվել Apple Music-ին: Սեղմեցի բաժանորդագրվելու կոճակը՝ առանց երկար-բարակ մտածելու, թե ինչիս է պետք: Սեղմեցի ու մոռացա: Հիշում էի ամիսը մեկ, երբ հաղորդագրություն էր գալիս այն ամիս, որ բանկային քարտիցս գանձվել է 5.99 դոլար: 

 

Որոշ ժամանակ անց այն նույն ընկերս, որի iPod-ը ժամանակին ինձ հետ բերեց երաժշտության աշխարհ, մի երգի հղում ուղարկեց: Սեղմեցի, լսեցի ու մեկ էլ հասկացա, որ կարող եմ ամբողջ ալբոմը ներբեռնել Apple Music-ից: Անցել է արդեն մոտ կես տարի, բայց մինչեւ հիմա հավատս չի գալիս, որ դարձել եմ հսկայական հարստության տեր՝ ուզածս երաժշտությունը հայտնվում է հեռախոսիս մեջ հաշված րոպեների ընթացքում՝ ամիսը ընդամենը 5.99-ով:

 

Ես շատ եմ քայլում, օրական առնվազն 1 ժամ՝ կես ժամ աշխատանքի գնալիս եւ կես ժամ՝ վերադառնալիս: Իսկ դա նշանակում է, որ արդեն կես տարի գրեթե ամեն օր ես լսում եմ երկու նոր ալբոմ, կամ էլ, երբեմն, վերհիշում եմ հները, որոնք վերջին անգամ լսել էի 20-25 տարի առաջ:

 

Այս ընթացքում մեծագույն բացահայտումս Վէն Մորիսոնն է (Van Morrison): 1990-ականներին, իհարկե, գիտեի նրա անունը, բայց երբեք չէի լսել: Բացի դրանից, այն տարիներին մեզ համար կար միայն մեկ Մորիսոն՝ The Doors-ի երգիչ Ջիմ Մորիսոնը եւ ուրիշ Մորիսոն լսելը դավաճանության պես մի բան էր: Այս ամիսներին լսել եմ Վէն Մորիսոնի երեք ալբոմ. Astral Weeks, Moondance, His Band and the Street Choir եւ պարզապես շշմած եմ այդ երգչի տաղանդից: Լսեք անպայման:

 

Կարծում եմ, որ Էլիս Քուպերին (Alice Cooper-ին) ոչ միայն ես, այլեւ շատերը լուրջ երաժիշտ չեն համարել, հիմնականում ընկալելով որպես շոումեն: Բայց լսեցի նրա 1973 թվականի Billion Dollar Babies ալբոմը եւ հասկացա, որ պարզապես հիմար եմ եղել՝ մեծ երաժիշտ է:

 

Եղան նաեւ «վերաբացահայտումներ»: Լսեցի Deep Purple-ի Who Do We Think We Are ալբոմը, որը վերջին անգամ լսել էի պատանի տարիքում: Ալբոմի երգերը մեկը մյուսի հետեւից սկսեցին դուրս գալ հիշողությանս թաքստոցներից եւ դա անեւերակայելի, գրեթե ֆիզիկական հաճույք էր: Գրեթե նույն զգացողություններն ունեցա Led Zeppelin-ի In Through the Out Door ալբոմը երկար ընդմիջումից հետո լսելիս:

 

Հետ դառնամ R.E.M.-ին. մեծ ուրախություն էր բացահայտել, որ 1991 թվականի Out of Time ալբոմում, Losing My Religion-ից բացի, շատ այլ հոյակապ երգեր կան: 

 

1990-ականներին «թնդում» էր Pearl Jam-ի անունը, բայց ես մի երկու երգ էի լսել երեւի: Վերջերս լսեցի նրանց 1991 թվականի Ten ալբոմը ու հասկացա, թե ինչու են այն անվանում նորագույն ժամանակների լավագույն ռոքային ալբոմներից մեկը:

 

The Beatles-ի մոլի երկրպագու լինելով, 90-ականներին  The Rolling Stones գրեթե չէի լսում: Իհարկե, գիտեի հիմնական հիթերը, բայց միայն այդքանը: Հիմա եմ իմ համար բացահայտում ռոլինգերին ու հասկանում, որ, օրինակ, 1981 թվականի Tattoo Me ալբոմը պարզապես հրաշք է:

 

Իսկ հիմա ժամանակն է պատմել մի քանի շլացուցիչ բացահայտումների մասին՝ կապված կոնկրետ երգերի հետ: Պարզվեց, որ Start Me Up երգը, որը 2015 թվականի երեւանյան System of a Down-ի համերգի ժամանակ երգում էր Տարոն Մալաքյանը, իրենցը չէ, այլ հենց Tattoo Me-ի ալբոմի առաջին երգն է: Շատ-շատ զարմացած էի:

 

Մյուս բացահայտումը Դեվիդ Բոուիի հետ էր կապված: Չնայած ներբեռնել էի նրա` 1970 թվականի The Man Who Sold the World ալբոմը, դրա անվանմանն ուշադրություն չէի դարձրել: Կիրակի ցերեկ էր, քայլում էի Այգեձորով՝ Բոուի լսելով, զանգ եկավ, երաժշտությունն ընդհատվեց: Ավարտեցի խոսելը, սեղմեցի ականջակալի կոճակը, մեկ էլ տեսնեմ՝ Nirvana է նվագում: Ջղայնացա, մտածեցի, որ չգիտես ինչու shuffle ռեժիմը միացավ ու հեռախոսը սկսեց իր ընտրությամբ տարբեր երգեր հրամցնել ինձ: Հետո մտածեցի՝ «լավ, մեկ ա սիրում եմ էս երգը, լսեմ, հետո նորից կփոխեմ Բոուի»: Լսում ու զգում եմ, որ մի բան էն չի: Հանեցի հեռախոսը գրպանից, նայեցի էկրանին ու տեսա, որ գրված է՝ The Man Who Sold the World – David Bowie: Երաժշտության իրական գիտակները կարող են ծիծաղել, բայց իսկապես չգիտեի, որ երգը Բոուիինն է:

 

Երրորդ բացահայտումը այս շաբաթ տեղի ունեցավ: Ներբեռնել էի Պաթի Սմիթի (Patty Smith) 1978 թվականի Easter ալբոմը: Փաթի Սմիթի մասին, իհարկե, գիտեի, մի քանի տարի առաջ էլ գրել էինք, որ նա «Կարապներ» է նվիրել Արտավազդ Փելեշյանին, ինչը, իհարկե շատ հաճելի էր: Բայց նրա որեւէ ալբոմ լսած չկայի: Լսեցի ու շատ հավանեցի, իսկ ամենամեծ բացահայտումն այն էր, որ Because the Night երգը, որն այդքան շատ եմ սիրում ու նախկինում լսել էի տարբեր կատարումներով, իրականում Փաթի Սմիթն է գրել:

 

Երբ The Beatles-ի մոլի երկրպագու ես, մի յուրօրինակ հաճույք է առավոտյան գործի գնալիս լսել Փոլ ՄքՔարթնիի ամենավերջին՝ The Egypt Station ալբոմը, իսկ երեկոյան տուն դառնալիս՝ 1984 թվականի՝ Give My Regards to Broad Street-ը, ու հասկանալ, որ երկուսն էլ հրաշք են, թեեւ՝ շատ տարբեր:

 

Բայց չկարծեք, որ միայն «հին բաներ» եմ լսում: Apple Music-ը պարբերաբար նոր բաներ է առաջարկում, ես էլ չեմ հրաժարվում: Թվարկեմ վերջին ամիսներին լսած նոր (ինձ համար) խմբերից մի քանիսը՝ Cage the Elephant, Catfish and the Bottlemen, Chelsea Wolfe, Mike Shinoda, Morcheeba, Nothing But Thieves, Royal Blood: Փորձեք, լսեք, հաստատ մի բան էլ դուք կհավանեք:

 

Մի քանի ամիս է, ինչ պարբերաբար լսում եմ ամերիկյան Hollywood Undead խմբի 2009 թվականի դեբյուտային Swan Songs ալբոմը: Hollywood Undead-ը հեվի մեթալի եւ ռեփի անհավանական հաջող համադրություն է, որն առավոտյան օգնում է արագ դուրս գալ քնաթաթախ վիճակից: Երգերի մեծ մասում լսում էի «Չարլի Շին» անունը եւ կարծում էի, որ հոլիվուդյան դերասանի հետ կապված ինչ-որ պատմություն ունի խումբը: Ու մոռանում էի համացանցում կարդալ, հասկանալ, թե կապը որն է: Այս սյունակը գրելուց կարդացի: Ոչ մի կապ էլ չկա. խմբի բոլոր անդամները կեղծանուններ ունեն, մեկի անունն էլ Charlie Scene-ն է, որը սխալմամբ որպես «Չարլի Շին» էի ընկալում: Եթե f բառից չեք «խրտնում» (շատ շատ է Hollywood Undead-ի մոտ), խորհուրդ եմ տալիս լսել: Եվ առհասարակ՝ շատ քայլեք ու լավ երաժշտություն լսեք: Օգտակար է ե՛ւ մարմնի, ե՛ւ հոգու համար:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին