Մենք եւ մեր անբովանդակ պաշտամունքներն ու ծեսերը - Mediamax.am

Մենք եւ մեր անբովանդակ պաշտամունքներն ու ծեսերը
4489 դիտում

Մենք եւ մեր անբովանդակ պաշտամունքներն ու ծեսերը


Այս հոդվածը չի խոսելու Զվարթնոց օդակայանում բազմաթիվ ճամպրուկներով երկրից առհավետ մեկնողների մասին։ Մենք խոսելու ենք ավելի զավեշտալի, բայց դրանից ոչ քիչ ցավալի մեկ այլ երեւույթի շուրջ, որն ունի դարից ավելի պատմություն, սակայն հատկապես տարածվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։

 

Պատերազմի ընթացքում նախ ճապոնացիները, ապա ամերիկացիները օգտագործում էին Մելանեզիայի կղզիները ռազմական նպատակներով։ Արդյունքում տեղի բնակչությունը, որը մինչ այդ ընդհանրապես ծանոթ չէր քաղաքակրթության ձեռքբերումներին՝ արեւմտյան ուտելիքին, զգեստներին եւ այլ ապրանքներին, մի որոշ ժամանակով բարեկեցության աննախադեպ մակարդակ ունեցավ։ 

 

Ժամանակ առ ժամանակ հրաշք էր կատարվում եւ վայրէջք էին կատարում «երկաթյա թռչունները», բերելով բարիքներ, որոնցով զինվորները կիսվում էին տեղացիների հետ՝ ի պատասխան իրենց մատուցած ծառայությունների։ Ավաղ, պատերազմի ավարտից անմիջապես հետո տեղացիների երանությունը կտրուկ ավարտվեց։

 

Սակայն դեռ երկար տարիներ տեղի ցեղերը շարունակում էին կրկնօրինակել «սպիտակ» զինվորներին՝ օգտագործելով կոկոսի ընկույզի կեսերը որպես ականջակալներ, հնդկեղեգից կառուցելով օդանավերի ճշգրիտ պատճեններ, մթության մեջ լապտերներով լուսավորելով վազքուղին, որպեսզի վերստին գան այդ մեծ դիցական թռչունները եւ բերեն իրենց բարիքները։ Երբ որոշ ժամանակ հետո ոչինչ չփոխվեց, մարդիկ հրաժարվեցին նախկինից եկած պաշտամունքների ծեսերը իրականացնելուց եւ էլ ավելի կենտրոնացան օդանավերը ետ բերելու վրա։ Մի քանի տասնյակ տարիներ հետո միայն այդ պաշտամունքը վերջնականապես մարեց։ 

 

Այն անվանվում է «բեռի պաշտամունք» (cargo cult), քանի որ կապված է բեռնափոխադրման հետ։ Սակայն եզրույթը ընդհանրացվեց եւ կիրառվում է նույն բնույթի պաշտամունքները անվանելու համար։

 

Զավեշտա՞լի է։ Կարծում եք, այդպիսի երեւույթ կարող է լինել միայն հետամնաց մշակույթ ունեցող ազգերի մո՞տ։ Իսկ ի՞նչ կասեք, եթե ես ձեզ ներկայացնեմ Հայաստանում զանգվածային տարածում ստացած բեռի պաշտամունքի վառ օրինակներ։

 

Մեկ օրինակը կոչվում է «դիպլոմի պաշտամունք»։ Համարվում է, որ ամեն ընտանիք պիտի գումար չխնայի, որպեսզի երեխաները ինստիտուտ ավարտեն եւ դիպլոմ ստանան։ Գումարը կարող է ծախսվել ուսման դիմաց վճարելու համար կամ որպես կաշառք՝ գնահատական կորզելու նպատակով։ Կարեւորը բարձրագույն կրթության դիպլոմ ունենալն է։ Այն միանգամից ապահովում է երջանկություն, բազում բարիքներ, երիտասարդին եւ իր ընտանիքին տալիս է սոցիալական բարձր կարգավիճակ ։ Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ձեւավորվել են բազմաթիվ բուհեր, ուր ամենայն լրջությամբ եւ հետեւողականությամբ իրականացվում են այս պաշտամունքի ծեսերը։ Զարմանալին այն է, որ պաշտամունքը շարունակում է գոյատեւել այն պարագայում, երբ դրա հիմնադրույթները վաղուց չեն աշխատում։

 

Դպրոցներում կա «գնահատականի պաշտամունք»։ Համարվում է, որ եթե երեխան բարձր գնահատականներ է ստանում, ապա պատիվ է բերում ընտանիքին, գիտելիքներ է կուտակում եւ կհաջողի կյանքում։ Արդյունքում դպրոցները 9-եր են շարում կիսատ գիտելիքների դիմաց, քանի որ պաշտամունքի դեմ գնալը վտանգավոր է։

 

Սրանք միակ օրինակները չեն, մենք ունենք բազմաթիվ այլ պաշտամունքներ։ Հիշենք մեր մեծ գրողների պաշտամունքը, որոնց գործերը երբեք չենք կարդացել (մեզանից քանի՞սն են ընթերցել Նարեկացուն)։ Ունենք ժողովրդավարության պաշտամունքը՝ մեր պատկերացմամբ ժողովրդավարությունը կկայանա, եթե մեզանից ոմանք ժամանակ առ ժամանակ լուրջ տեսքով գնան ընտրությունների, ինչպես դա արվում է զարգացած երկրներում։

 

Բեռի պաշտամունքները վտանգավոր են, քանի որ արժեզրկում եւ վարկաբեկում են բուն երեւույթը։ Երբ մենք կրկնօրինակում ենք ձեւը առանց բովանդակության, արդյունք չի լինում եւ առաջանում է հիասթափություն։ Դա էլ իր հերթին հանգեցնում է ոլորտի ամայության։ Ամայի, լքված եւ կիսաքանդ են դառնում դպրոցները, հազիվ են գոյատեւում համալսարանները։ Ցուցադրական ժողովրդավարությունը ամայացնում է քաղաքական դաշտը։ Մարդիկ շարունակում են կատարել ծեսը, բայց հոգու խորքում ավելի եւ ավելի են գիտակցում դրա անիմաստ լինելը։ Շարունակում են ոչ այնքան իրենց համար, որքան շրջապատի կողմից պարտավորված զգալով։

 

Տհաճ է այս ամենը գիտակցելը, բայց քանի դեռ չենք գիտակցել, չենք ձերբազատվի այս եւ նման այլ զավեշտալի եւ անբովանդակ պաշտամունքներից։ Դրանցից հրաժարվել կարելի է միայն մի միջոցով՝ գործողությունները լցնելով բովանդակությամբ, որպեսզի հիասթափությունը նահանջի եւ տեղ տա իրական հավատին, որը հրաշքներ է գործում։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին