Նայե՛ք ձեր երեխայի աչքերի մեջ որպես հավասարը՝ հավասարին - Mediamax.am

Նայե՛ք ձեր երեխայի աչքերի մեջ որպես հավասարը՝ հավասարին
5554 դիտում

Նայե՛ք ձեր երեխայի աչքերի մեջ որպես հավասարը՝ հավասարին


Մինչ երեխայի ծնունդը, կյանքն այլ հարթակից ես դիտում, իսկ նրա ծնունդը ստիպում է անձնական սահմաններից դուրս տեսնել մեկ այլ աշխարհ, որը նոր է ստեղծվել եւ ցանկություն ունի ամեն բան ճանաչել՝ ապրելու միտմամբ։ Ճանաչումը մեծահասակների տեսանկյունից շատ պարզ, նույնիսկ անիմաստ թվացող գործողություններով է պայմանավորված, որոնք երեխայի համար ինքնության բացահայտման եւ հետագայում՝ ինքնաարտահայտման միջոցներ են ծառայում։ 

 

Մեծահասակը, կամա թե ակամա, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար երեխայի ներկայությամբ ցանկանում է դրսեւորվել՝ ելնելով իր հասակի եւ զարգացվածության մակարդակից։ Այս ամենը նրան դրդում է լինել ավելի խելացի, ճկուն, լուրջ կեցվածքով, իմաստուն հայացքով, կյանքի ուսուցչի դերում։ Մենք նույնիսկ չենք էլ մտածում, որ իսկական իմաստուններն այն փոքրիկ մարդուկներն են, որոնք ամեն կերպ իրենց լայն ժպիտով փորձում են մեզ՝ փորձառուներիս, ենթարկեցնել իրենց անապակ կյանքին։ 

 

Հասարակության մեջ կա կարծիք, որ նորածինը ոչինչ չի հասկանում, նրան հատուկ են զուտ ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարարելու ունակությունները, մինչեւ կմեծանա եւ կսկսի ճանաչել աշխարհը։ Կա կարծիք, որ մի քանի ամսական երեխան չի կարող լինել հուզական, զգալ որոշակի կոնտեքստային վերաբերմունքի արտահայտումներ, լինել խոցելի կամ ինքնասածի։ 

 

Ես ընդունել եմ մի պարզ ճշմարտություն, որ երեխաները հնարավորությունների սահմաններում հասկանում եւ զգում են ամեն բան, եւ իրենց հիմնական զարգացումն ու սեփական մարմնի ու գոյության գիտակցումը կատարվում է հենց վաղ հասակից սկսած մինչեւ երկու-երեք տարեկան։ Եթե մի պահ վայր դնենք մեր պաշտպանական զենքերը, որոնք չգիտես ինչու միշտ պատրաստ կրում ենք սեփական երեխայի հետ շփման ժամանակ, ապա կտեսնենք իր միջավայրում հասուն մի մարդու։ Մարդու, որն իր անելիքն ու ցանկությունները շատ լավ զգում եւ գիտակցում է, նույնիսկ՝ պահանջում։ Նա չի վախենում մերժված կամ չհասկացված լինելուց, նա չի վախենում ծիծաղելի կամ խեղճ երեւալուց։ Երեխաները, այդ թվում՝ մենք՝ իրենց տարիքում, ունեցել ենք մի մաքուր, պարզ սոցիալական հմտություն, որն աստիճանաբար՝ արհեստականացման ճանապարհին կորցրել ենք. դա անկեղծությունն է։ 

 

Այդ անկեղծությունն իր սնման եւ գոյատեւման պայմաններն ունի, որոնք ենթադրում են ապահովության զգացում, ընդունված լինելու, անշահախնդիր սիրելու, անվախության առկայություն։ Հարազատ մարդկանց եւ ջերմություն հաղորդող միջավայր, ինչը, աստիճանաբար, վերանում է սոցիալականացման նորմերը յուրացնելու ճանապարհին։ Մտածողությունը, որ երեխան փոքր տարիքում ունի մի առաքելություն՝ ուղղակի մեծանալ մինչեւ մի որոշակի տարիք՝ երեք-չորս տարեկան, արդեն սխալ ուղու վրա է դնում նրա առողջ զարգացումը։ Նման մտածողությունը երեխային մատնում է մի շարք տրավմածին իրավիճակների մասնակցության, նրան դարձնում է մեծահասակների կամքի թելադրման իրականացնող: Եթե ասում են «չի կարելի», ապա ուղղակի չի կարելի եւ վերջ։ Նման մտածողությունը սպանում է երեխայի գոյության իրավունքը՝ որպես անհատի։ 

 

Նույն վերաբերմունքը շարունակվում է նախադպրոցական տարիքում։ Թվում է, թե արդեն մեծ է, կարելի է քննարկել երեխայի հետ արարքները, հաշվի առնել ցանկություններն ու հետաքրքրությունները, բայց ոչ, երեխային տանում են տարբեր խմբակներ, զբաղեցնում նրա կյանքի ամենաթանկ եւ իմաստալից ժամանակահատվածը։ 

 

Իրականում, երեխան կյանքն ու աշխարհը սկսում է ճանաչել եւ ինքն իրեն զգալ որպես գոյություն ունեցող անհատ ծնված պահից։ Նրան օգնում են այն մի փունջ զգայական ընկալիչները, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել մեր կենսաբանական մարմինը։ Իսկ հոգեկան մարմինը ձեւավորվում է զգայականի լիարժեք ամրապնդումից հետո։ Այն շատ անհատական է, եւ անհնար է ասել, թե որ երեխան երբ է սկսում զգալ հոգեկան մարմնի արժեհամակարգային բաղադրիչները։ Երեխան կյանքը զգում է, շոշափում, համտեսում, լսում, տեսնում։ Այս ամենը հնարավորություն է տալիս իրերն ընկալել այնպես, ինչպես կան, առանց հետին մտքերի եւ բովանդակությունների։ Իսկ դա այն վերոհիշյալ անկեղծությունն է, որը, անցնելով հասարակության կողմից մշակած նորմերի յուրացման ճանապարհը, կորցնում է իր բովանդակությունն ու մարում։ 

 

Իրական մարդը, որը ղեկավարում է իր մարմինն ու մտքերը, այլ ոչ թե հակառակը, աշխարհի հետ ծանոթանում է հենց այս կենսաբանական զգայարանների միջոցով եւ դրանք ընկալում հայելային մաքրությամբ։ Եթե կա ցանկություն հասկանալ կյանքի իմաստն ու իրական առաքելությունը, նայե՛ք ձեր երեխաների աչքերի մեջ, իջե՛ք հավասարը-հավասարի մակարդակի։ Մի՛ վախեցեք սխալվել կամ փոքր լինել ձեր մտածողության սահմաններում։ Թո՛ւյլ տվեք երեխային ուղղորդել եւ հասցնել ձեզ իրական արժեքների։ Լսե՛ք նրանց ցանկությունները, որպեսզի ռեալ գնահատեք ձեր հնարավորությունների սահմանները։ Պետք է մերթ ընդ մերթ  դուրս գալ սեփական հարմարավետության սահմաններից, որպեսզի իրականանա ինքնաճանաչումը։ Իսկ քանի դեռ դու չես ճանաչում ինքդ քեզ, չես կարող պիտանի լինել սեփական երեխային եւ օգնել նրան ամուր քայլերով գնալ առաջ։

 

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին