Մի՛ թաքցրեք ձեր խիղճը համակարգչի ստեղների արանքում - Mediamax.am

Մի՛ թաքցրեք ձեր խիղճը համակարգչի ստեղների արանքում
4342 դիտում

Մի՛ թաքցրեք ձեր խիղճը համակարգչի ստեղների արանքում


Քաղաքացիական պայքարը, ինչպես որ պետք է լիներ, որոշակի փուլից վերածվեց քաղաքական պայքարի: Շատ քաղաքացիներն այդ ոչ այնքան նուրբ պահը, գուցե, չնկատեցին կամ չզգացին, բայց տեղեկատվական պատերազմն ընթացքի մեջ է:

«Զորակոչը» սկսվեց, անդամագրվեցին ինչպես հայտնի, հանրային կարծիքի վրա ազդող սոցցանցային դեմքերը, այնպես էլ՝ կեղծ հաշիվներով օգտատերերը:

Քաղաքացիներն էլ, ովքեր դեռ հեղափոխությունից հետո առաջացած զգացմունքային ֆոնի եւ էյֆորիայի ազդեցության տակ են, կամա, թե ակամա մասնակցում են այդ պատերազմին:

Այս օրերին, սոցցանցերում ամենատհաճ բանը ոչ այնքան կեղծ հաշիվներով կռիվն է (դրանք մարդկային դեմք չունեն եւ ցանկացած պահի կարող են անհետանալ), այլ մարդկանց՝ միմյանց վրա ցեխ շպրտոցին:

Մարդիկ, ովքեր տարիներ ճանաչում են իրար, պետք է, որ իմանային՝ ով է դիմացինը, ինչ սկզբունքներ եւ արժեքներ ունի, բայց, արի ու տես, ընդհանուր զգացմունքային ֆոնի տակ, մոռանում են այդ ամենն ու մրոտում իրար: Տեղեկատվական պատերազմի այս օրերին ամենավատ բանը դիմացինի, ում որոշ չափով ճանաչում են, ազնվությունը կասկածի տակ դնելն է:

Երբ դեռ հեղափոխություն չէր եղել, նախկին վիրտուալ առօրյայում ինձ համար ամենատհաճն իշխանությանը հարող տարբեր սոցդեմքերի ու մեծ քանակի հետեւողներ ունեցող ֆեյքերի պահվածքն էր: Եթե որեւէ մեկը նրանց ոչ հաճելի գրառում էր կատարում, այս մարդկանց խումբը հարձակվում էր ու սկսում թրոլինգը: Այստեղ ցինիզմը հասնում էր գերադրական աստիճանին ու այդ մարդու խոսքը, իրենց պատկերացմամբ, հանրայնորեն արժեզրկում էին: Թե որքանով կարող ենք դա իսկապես արժեզրկում համարել, այլ հարց է:

Ես չեմ ուզում գրել ֆեյք տեղեկությունների եւ օգտատերերի  կռվի մասին, միայն ասեմ, որ ինձ համար այս օրերին դարձյալ փշրվեց այն կարծիքը, որ ձեւավորվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ տպավորություն եղավ, թե մեր հասարակությունն ավելի մեդիագրագետ է դարձել:

Այն, ինչի մասին ուզում եմ կարդան մարդիկ այս սյունակում, գոնե ինձ համար, ավելի կարեւոր է: Պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի հանկարծ զգացմունքային ֆոնի ազդեցության տակ չվիրավորենք ու չնեղացնենք իրար:

Քաղաքականությունը կեղտոտ բան է, ու դա մեր՝ սովորական քաղաքացիներիս համար չէ, եթե ի սկզբանե չենք ընտրել այն: Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կարող են ամբիոններից իրար վիրավորել, սուր մեղադրանքներ հնչեցնել ու սեւացնել մարդկանց պատիվը, իսկ ժամեր կամ օրեր անց նույն այդ մարդկանց հետ նստել սեղանի շուրջ եւ ջերմ շփվել, ասես ոչինչ չի եղել:

Մենք այդպես չենք կարող: Երբ սկսում ենք մրոտել մարդու անունն ու կասկածի տակ դնել նրա ազնվությունը, մտածենք, որ այս ամենն անցնելու է, օրեր անց հանդիպելու ենք փողոցում, ինչպե՞ս ենք նայելու միմյանց աչքերի մեջ, ինչպե՞ս ենք բարեւելու իրար:

Ես հասկանում եմ՝ երբ հասարակությունն ակամա բաժանվում է ճամբարների, էյֆորիկ վիճակում գտվող զանգվածների մոտ կշռադատված եւ ադեկվատ խոսքը միանգամից ենթատեքստերով է ընդունվում, բայց մի պահ կանգ առեք ու ինքներդ ձեզ հարցրեք՝ ես վաստակե՞լ եմ այս մարդու անկեղծությունը կասկածի տակ դնելու իրավունքը, կամ նա ինձ տվե՞լ է դա:

Հանուն արդարության եկեք ասենք, որ որքան տհաճ է իշխանամետ սոցդեմքերի հարձակումները մարդկանց գրառումների տակ, նույնքան էլ տհաճ է այդ արարքը, երբ արվում է մյուս կողմից: Ոչ ոք չի ասում, որ դուք պարտավոր եք հավատալ մարդու խոսքին, բայց եկեք համաձայնենք, որ պարտավոր ենք հարգել այն, եթե ցանկանում ենք ապրել ժողովրդավար երկրում: Մենք չենք ուզում նախկինի պես ապրել, ուրեմն՝ եկեք չկրկնենք նախկինների սխալները նաեւ այս տիրույթում:

Ցանկացած իրավիճակում ամենակարեւոր բանը մարդկային արժեքները պահպանելն է: Ու մի մոռացեք, որ ձեր շպրտած ցեխը կարող է տեղ չհասնել, քանի որ կան մարդիկ, ովքեր շարունակում են ադեկվատ դատել: Արդյունքում դուք դիմացինին ոչինչ չեք անում, բայց որոշ ժամանակ անց այդ մարդուն հանդիպելիս բաց ճակատով նրան նայել չեք կարողանա:

Մի՛ թաքցրեք ձեր խիղճը համակարգչի ստեղների արանքում:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին