Հրադադարը միայն խորացրել է թշնամանքը - Mediamax.am

Հրադադարը միայն խորացրել է թշնամանքը
3675 դիտում

Հրադադարը միայն խորացրել է թշնամանքը


Ամեն անգամ կարդալով, թե ինչ են գրում Ղարաբաղի մասին սահմանագծի այն կողմում, միանշանակ եզրակացության եմ գալիս. հրադադարը միայն խորացրել է թշնամանքը: Բաքվի ԶԼՄ-ները համառորեն պնդում են, որ հայերի փոխարեն կռվել են ռուսները, եւ Ադրբեջանը պարտվել է ռուսաստանյան բանակի գնված ստորաբաժանումներին: Այդ բազմամյա քարոզչության արդյունքը դարձել է այն, որ դրան արդեն անկեղծորեն հավատում են իմ բազմաթիվ մոսկովյան ծանոթները` ադրբեջանցի մտավորականները:

Երկար չեմ քննարկի, թե դա ինչի համար է արվում. այնպես էլ հասկանալի է: Բացի այդ, ես չպետք է դատեմ: Ի վերջո, ոչ թե «հայկական ավազակախմբերի», այլ «աշխարհի էլիտար բանակներից» մեկի կողմից պարտություն կրած ազգային ԶՈՒ պատիվը բարձրացնելը պետական կարեւորության խնդիր է: Միայն թե անհասկանալի է ստացվում: Փորձում եմ Բաքվի կայքերի տեքստերը կարդալ առավելագույնս անաչառ, սակայն, միեւնույն է, հարցեր են առաջանում, որոնք պարզունակ վերլուծության արդյունքում հանգեցնում են տխուր պատասխանների «ռուսական հետքի» հայեցակարգի մշակողների համար:

Եթե Բաքվում վստահ են, որ պարտություն են կրել ռուսներից, ինչո՞ւ են վերջինները հայերի համար ավելի լավ կռվել, քան ադրբեջանցիների: Չէ՞ որ Ադրբեջանում չեն վիճարկում ռուսների մասնակցությունը ադրբեջանական զինված կազմավորումներին: Նշանակում է, հայկական ճշմարտությունն ավելի համոզիչ է հնչել, եթե ռուսներին թեքել է իր կողմը: Նշանակում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի արդյունավետ է եղել, իսկ այն կյանքի կոչող անձինք ավելի գրագետ են եղել իրենց հակառակորդներից: Մի՞թե շրջափակված եւ գրեթե երկու անգամ պակաս տարածք ու բնակչություն ունեցող Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ ուներ վարձելու նախկին խորհրդային ռազմական մասնագետների, քան նավթակիր Ադրբեջանը: Իսկ եթե Բաքվում պնդում են պատերազմը ֆինանսավորած հայկական սփյուռքի անսահման հնարավորությունների մասին, դա միայն պատիվ է բերում համախմբված հայերին, որոնք ամբողջ աշխարհում ավելի շատ չեն, քան ադրբեջանցիներն Ադրբեջանում: Այդ դեպքում ստացվում է, որ արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայ խիստ հայրենասեր է` պատրաստ տալ իր վերջին ունեցածը, ինչը չես ասի հարեւանների, նրանց մտածելակերպի եւ հսկայական սփյուռքի մասին: Մի տեսակ հակասական է եւ նույնիսկ աբսուրդային...

Դմիտրի Պիսարենկոն լրագրող է: Ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Լուսաբանել է ղարաբաղյան պատերազմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի իրադարձությունները: Երկար տարիներ աշխատել է НТВ հեռուստաընկերությունում: Ապրում է Մոսկվայում, աշխատում է հասարակական հաղորդակցությունների բնագավառում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մի քիչ ռուսը»

Սարյանի գույները

Մասնատվող Հայաստան

Ղարաբաղсhina
Մեր ընտրանին