Նոր հին հնարավորություններ իրանական ուղղությամբ - Mediamax.am

Նոր հին հնարավորություններ իրանական ուղղությամբ
11726 դիտում

Նոր հին հնարավորություններ իրանական ուղղությամբ


Վերջին շրջանում շատ են խոսում այն նոր հնարավորությունների մասին, որոնք բացվում են Հայաստանի համար Իրան-Արեւմուտք երկխոսության արդյունքում։ Մասնավորապես, նշվում է, որ Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների վերացումը նոր իրավիճակ է ստեղծելու տարածաշրջանում եւ աշխարհում, որից Հայաստանը կարող է օգտվել։

Սակայն իրականությունն, ինչպես միշտ, մի փոքր այլ է։

Պատկերացնելու համար, թե ինչ պատժամիջոցների վերացման մասին է խոսքը, պետք է ընդգծել, որ Իրան-«վեցնյակ» բանակցությունների լավագույն արդյունքը լինելու է Իրանի վերադարձն արտաքին առեւտրի այն ռեժիմին, որը գործում էր մինչեւ 2010 թվականը, երբ սկսեցին կիրառվել միջազգային պատժամիջոցները։ Եթե ավելի ընդհանրացնենք, ապա հայ-իրանական տնտեսական համագործակցության հնարավորությունները պատժամիջոցների վերացումից հետո կվերադառնան այն մակարդակին, որն առկա էր հենց մինչեւ 2010-ը։

Կվերականգնվեն Իրանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման ծավալները, կդյուրանան ֆինանսական գործարքները հայկական եւ իրանական բանկերի միջեւ ու, ամենալայն հավանականությամբ, Հայաստանում կթանկանա գառան միսը, քանի որ Իրանը նորից վճարունակ կդառնա այն գնելու համար։ Փաստացի կվերականգնվի այն, ինչն առկա էր մինչ 2010 թվականը եւ պատժամիջոցներից եկող վնասներն, այսպիսով, կվերանան։ Սակայն որեւէ հրաշք կամ ճեղքում հայ-իրանական հարաբերություններում տեղի չի ունենա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ տնտեսական համագործակցությունն Իրանի եւ Հայաստանի միջեւ արդեն իսկ գերհագեցած է։

Սակայն վերը նշվածն, իհարկե, վերաբերում է մոտակա տարիների հեռանկարին եւ այն «փաթեթին», որը դրված է Իրան-«վեցնյակ» բանակցությունների սեղանին այսօր։ Իսկ եթե ենթադրենք, որ բանակցություններն էլ ավելի հեռուն կգնան եւ, ասենք, 3 տարի անց Իրանն ու Արեւմուտքը որակապես կկարգավորեն հարաբերությունները, ապա նման հեռանկարը իրապես նոր իրողություններ կստեղծի, որոնց արդյունքներն Հայաստանի համար ստույգ կանխատեսել հնարավոր չէ։

Ենթադրում որ, որ զարգացումները կապված կլինեն իրանական գազի՝ եվրոպական շուկա մուտքի հետ։ Քաղաքական խնդիրների կարգավորելուց հետո մոտ 100 մլրդ խմ իրանական գազ կարող է ԵՄ մտնել՝ նոր հիմք ստեղծելով իրանա-եվրոպական էներգետիկ դաշինքի համար։

Լավ է արդյո՞ք սա Հայաստանի համար։

Եվ այո, եւ ոչ։ Այո, որովհետեւ կնվազի ադրբեջանական գազի կարեւորությունը ԵՄ համար, ինչը որոշակի քաղաքական վերադասավորման կբերի Եվրոպայի կովկասյան քաղաքականությունում։ Ոչ, քանի որ իրանական գազը, որքան էլ մենք Երեւանում բարի ցանկություններ չհայտնենք, Եվրոպա է գնալու Թուրքիայի, այլ ոչ թե Հայաստանի, Վրաստանի կամ Ուկրաինայի տարածքով, ինչը կտրուկ ավելացնելու է թուրքական պետության դերը թե միջազգային էներգետիկ համակարգում, թե միջազգային հարաբերություններում։

Նույնն էլ վերաբերում է նավթային ոլորտին։ Իրանական նավթի լիարժեք վերադարձը միջազգային շուկա կարող է բերել նավթի գների անկման եւ վերջապես կասեցնել Ադրբեջանի աճող շահույթները։ Սակայն նավթի գնի անկումը, մյուս կողմից, կբերի մակրոտնտեսական իրավիճակի վատթարացման Ռուսաստանում, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր հայեր, որոնք էլ իրենց դրամական փոխանցումներով լուրջ դեր են խաղում ՀՀ մակրոտնտեսական կայունության պահպանության գործում։

Ասածս այն է, որ ուրիշի խաղից լավ ակնկալիքներ ստանալու պլանավորումը անշնորհակալ, հակասական եւ ինչ-որ տեղ նաեւ բացասական բան է, քանի որ այդ ակնկալիքները սեփական ճակատագրի պատասխանատվությունը դնում են գործընթացների վրա, որոնք մեզ հետ որեւէ անմիջական կապ չունեն։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին