150 դրամ ՝ էքստրեմալ երթեւեկության դիմաց - Mediamax.am

150 դրամ ՝ էքստրեմալ երթեւեկության դիմաց
3605 դիտում

150 դրամ ՝ էքստրեմալ երթեւեկության դիմաց


Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագինը թանկացավ: Հուլիսի 20-ից ավտոբուսով եւ երթուղային տաքսիով երթեւեկելիս վճարելու ենք 150 դրամ, իսկ տրոլեյբուսով`100 դրամ:

«Իսկ ի՞նչ էիք ակնկալում»՝   կասեն ոլորտի պատասխանատուները եւ երթուղայինների գծի տերերը. համաշխարհային ճգնաժամ, ամբողջ աշխարհում դիզվառելիքի գնի կտրուկ աճ, համատարած թանկացումներ եւ այլն: 

Սակայն թանկարժեք մեքենայով երթեւեկող գծատերերի այս արդարացումները, եթե դրանք, իհարկե լինեն, դժվար թե մեղմացնեն գերծանրաբեռնված, անվտանգության եւ սանիտարահիգենիկ կանոններին չհամապատասխանող ավտոբուս/երթուղայինով  երթեւեկող շարքային քաղաքացու դժգոհությունը:

Թվում է՝ մեծ գումար չէ՝ ընդամենը 50 դրամ ավել ենք վճարելու, բայց պարզ հաշվարկ կատարենք ու տեսնենք, թե այդ թանկացումն ինչպե՞ս է անդրադառնալու ամեն օր բուհ հաճախող ուսանողի, «համեստ» աշխատավարձով աշխատանքի գնացող երեւանցու, ինչպես նաեւ ամեն օր մարզերից Երեւան աշխատանքի եկող մեր մյուս համաքաղաքացիների գրպանի վրա:

Ինքս ամեն օր կենտրոն եմ հասնում ավտոբուսով, երբեմն անգամ ստիպված եմ երկու տրանսպորտ փոխել կամ օգտվել մետրոյից:  Այսպիսով, ես եւ իմ նման հազարավոր շարքային երեւանցիներն առանց այդ էլ օրական միջինը տրանսպորտի վրա ծախսում են ավելի քան 500 դրամ: Իսկ այժմ, թանկացումից հետո, պիտի վճարեմ գրեթե 1000 դրամ:  

Հարգելի քաղաքային իշխանավորներ եւ գծատերեր, իսկ հիմա բարի՛ եղեք քաղաքացիներին բացատրել: Մենք վճարելու ենք.
 
•    Առավոտյան եւ երեկոյան ժամերին գերծանրաբեռնված, կեղտոտ, առանց օդափոխման համակարգի տրանսպորտի համար;

•    Հնամաշ, վթարային տրանսպորտի համար;

•    Նյարդային, կենսաթոշակային տարիքի վարորդով ավտոբուսի համար;

•    Կանգնած, կիսանստած երթեւեկելու համար;
•    Կանգառից դուրս կայանվող, երթեւեկության կանոններին չհետեւող տրանսպորտային միջոցի համար;

•    Երեկոյան ժամերին իրենց կամայականությամբ սպասարկման գծից դուրս եկած ավտոբուս/երթուղայինի համար:

Այս ցանկը կարող ենք երկար շարունակել: Փաստացի, 150 դրամ վճարում ենք էքստրեմալ երթեւեկության համար: 

Կարծում եմ, բոլորս հասկանում ենք, թե այս շղթայում ի՞նչ կամ ինչքա՞ն են շահելու «գծատերերը», բայց չեմ տեսնում, թե որտե՞ղ է քաղաքացու շահը: Հարց է առաջանում. երբ  քաղաքային իշխանությունները համաձայնվում էին սակագնի թանկացմանը, ինչու՞  նույն «գծատերերի» առջեւ չէին դնում տրանսպորտային միջոցների թարմացման, դրանց կարգի բերման հարցը:

Համաձայնենք՝ 150 դրամ սակագնով հնամաշ, գերծանրաբեռնված ավտոբուսներն ու երթուղայինները բնավ չեն համապատասխանում քաղաքային իշխանության կողմից նախընտրական շրջանում հռչակված «բոլոր երեւանցիների համար հարմարավետ ու գրավիչ Երեւան» կարգախոսին:

Եկատերինա Պողոսյանը Մեդիամաքս-ի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին