Մեր փխրուն խաղաղության պահապանները - Mediamax.am

Մեր փխրուն խաղաղության պահապանները
11555 դիտում

Մեր փխրուն խաղաղության պահապանները


Նախօրեին Պաշտպանության նախարարությունում հավատարմագրված քսանից ավելի լրագրողներով վերադարձանք Արցախից: Մեկնել էինք երկու օրով՝ զորամասում եւ դիրքերում տիրող առօրյային ծանոթանալու նպատակով: Առաջին անգամ էի մեկնում դիրքեր: Ծրագրով նախատեսված էր, որ պետք է գիշերեինք զորամասում, նախաճաշեինք զինվորների հետ: Անգամ Արցախ մեկնեցինք նույն մեքենայով, որով ծառայության են մեկնում զինակոչիկները: Ճանապարհը բարդ էր, հոգնեցուցիչ:



Երեկոյան հասանք Մարտունու զորամասերից մեկը: Մեզ դիմավորեց զորամասի հրամանատարը, ում հետ զրուցելուց հետո տեղավորվեցինք մեզ համար նախատեսված սենյակներում: Ընթրեցինք սպայական ճաշարանում, ուր առավելապես հաճախում են պայմանագրային զինծառայողները: Ընթրիքը շատ չէր տարբերվում նրանից, ինչ մենք սովոր ենք տեսնել տանը: Ավելի ուշ ԼՂՀ Պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ սննդի պակաս բանակում չի զգացվում, եւ այն չի տարբերվում այլ զորամասերում մատուցվող սննդից:          

Մինչ Մարտունու այդ զորամաս հասնելը ՝ լսել էինք, որ այն Արցախում լավագույն եւ ամենակարգապահներից մեկն է: Այստեղ են ժամանակին ծառայել Մոնթե Մելքոնյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Ընթրիքից հետո հանդիպում ենք զինվորների հետ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն է ելույթ ունենում տղաների առջեւ: «Հիշեք, յուրաքանչյուրիդ պետությունը մի հատված է տվել, որին պետք է տեր կանգնեք»,- ասում է նա:

Զրուցում է զինվորների հետ, հարցեր տալիս ռազմական ոլորտից, պատմությունից, խոսում հակառակորդի մասին, խրախուսում երկխոսությունը զինվորների հետ: Առաջին հայացքից, զինվորները կաշկանդված են, չեն կարողանում ձերբազատվել լարվածությունից, ամաչում են պատասխանել հարցերին: 

Հանդիպման ավարտին նրանք արդեն ավելի ազատ են, տրամադրված են խոսելու, պատմելու իրենց առօրյայի մասին: Ինձ մոտեցավ Երեւանից զորակոչված մի զինվոր ու ասաց. «Ուզում եմ պատասխանել ձեր տված հարցին, որն անպատասխան մնաց հանդիպման ժամանակ: Բանակում ծառայում եմ արդեն շուրջ 4 ամիս: Հեշտ չընտելացա այս կյանքին, բայց հիմա հասկանում եմ, թե ինչ եմ անում ու ինչի համար: Ավելին, դարձել եմ ավելի կազմակերպված, վստահ որպես անձնավորություն ու զորակոչվելուն պատրաստվող տղաներին էլ ուզում եմ ասել, որ թող շատ բաների, որ լսում են, ուշադրություն չդարձնեն: Իհարկե, լավ կլիներ, որ դպրոցում ռազմագիտություն առարկան ավելի լավ դասավանդվեր ու մենք էլ ավելի լավ սովորեինք, որ հետո բանակ գալուց շատ բաներ մեզ համար նորություն չլինեին»:



Երեւանցի զինվորի հետ խոսելուց հետո զգում եմ, որ դեպի մեզ են ձգվում նոր զինվորներ, ուզում են խոսել, հասկանալ մեր այցի նպատակը: Այդ պահն հասկանում ես, որ որպես լրագրող որքան սխալ ես աշխատում՝ նստելով աշխատասենյակում, համակարգչի դիմաց գրում ենք բանակի, զինվորի մասին՝ երբեք չայցելելով զորամաս: Ինչքան ենք մենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներս՝ Երեւանում նստած, խտացնում գույները բանակում տիրող վիճակի մասին, հաճախ չափազանցնում, ավելի լարում կրքերը՝ գեթ մեկ անգամ չմտածելով դիրքերում կանգնած տղաների ու նրանց ծնողների ապրումների մասին:

«Բա սա բանակ է, դժվար է, հեշտ չէ: Բայց հենց էդ դժվարությունն է քեզ կոփում, փոխում, տղամարդ դարձնում: Երբ մերոնք սկսում են շատ զանգել, ես իրենց ասում եմ, որ դուք ինձ ավելի խանգարում եք, քան օգնում»,- անկեղծանում է կողքիս զինվորը: 

Հաջորդ օրն առավոտյան մեկնում ենք առաջին գիծ: «Վիլիս» -ով մոտ մեկ ժամ ճանապարհ ենք կտրում: Ահա մենք արդեն N համար մարտական դիրքում ենք: Անցնում ենք երկար ու անվերջ թվացող խրամատը: Մեզ ուղեկցող զինվորը պատմում է, որ աշնան ու ձմռանն այստեղով անցնելն իրոք բարդ առաջադրանք է:

Մինչ դիրքեր գնալը ՊՆ աշխատակիցները մեզ զգուշացրել էին անվտանգության կանոնների մասին՝ լուսանկարել առանց լուսարձակման, կտրուկ շարժումներ չանել եւ այլն: Մի պահ քեզ մարտաֆիլմի հերոս ես զգում, մինչդեռ մեր տղաների համար, ովքեր գալիս են դիրքեր հերթապահության 14 օրով, սա իրական աշխարհ է, երբեմն՝ ցավոք, ոչ բարի ավարտով:



Հասնում ենք դիրքակետ: Տղաների համար քաղցրավենիք ենք վերցրել՝ կարծելով, որ դիրքում նման հաճույքներից նրանք զուրկ կլինեն: Բայց ահա բացում ենք սննդի խցիկը՝ խտացրած կաթ, հյութեր: Դիրքապահների համար առանձնահատուկ պայմաններ են ապահովված: Ուսումնասիրում ենք մարտական դիրքի պայմանները: Այստեղ զինվորների փոքրիկ աշխարհն է՝ քնելու սենյակը, պատուհին դրված Աստվածաշունչը, «Վարդանանքը», փոքրիկ խաչը:

Դիրքերից ետ ենք վերադառնում, բայց մտքերով դեռ այնտեղ եմ՝ մեր փխրուն խաղաղության պահապանների հետ: Սկսում ես գիտակցել, թե ինչքան շատ բան դեռեւս պետք է անենք արդեն ծառայող ու ապագա զինվորի համար:

Մենք իրապես շատ կարծրատիպեր ունենք բանակի հետ կապված, որոնցից օր առաջ ձերբազատվելն ուղղակի անհրաժեշտություն է: Ու մենք՝ ԶԼՄ-ներս, այս հարցում մեծ անելիք ունենք: Ոչ ոք չի կարող ասել, թե բանակում ամեն ինչ կատարյալ է, բայց մեր այսօրվա ու վաղվա զինվորը նա է, ով ապրում է այստեղ, մեր կողքին, ով ընթերցում է նույն լրահոսը, ինչ մենք, ով ընդունում է այն արժեքները, որոնք այսօր քարոզվում են: Ու քանի դեռ մենք պատռում ենք փողոցում փակցված զինվորների պաստառները, նյութեր հրապարակում «կուսաթաղանթների ներմուծման» կամ արտահանման մասին, բանակում տիրող վիճակի համար պատասխանատու ենք մնում բոլորս:

Եկատերինա Պողոսյանը Մեդիամաքսի թղթակից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին