Չինարի. պատերազմի եւ խաղաղության միջեւ - Mediamax.am

Չինարի. պատերազմի եւ խաղաղության միջեւ
12959 դիտում

Չինարի. պատերազմի եւ խաղաղության միջեւ


Ադրբեջանի հետ պատերազմը ավարտված չէ: Այս մասին վերհիշում ես, երբ ոտք ես դնում Տավուշի մարզի սահմանմերձ Չինարի գյուղ: Շուրջ 1400 բնակիչ ունեցող Չինարին Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի վերջին հայկական գյուղն է, որը գտնվում է ադրբեջանական հենակետերի մշտական հսկողության ներքո: 

Չինարին հակառակորդի պարբերական կրակահերթերի եւ դիվերսիոն հարձակումների թիրախն է: Հենց Չինարիի ուղղությամբ խախտելով հրադադարի ռեժիմը՝ 2012թ. հունիսի 4-ի լուսադեմին հակառակորդը փորձել է ներթափանցել Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Դիվերսիոն հարձակումը կասեցվեց, հայկական կողմը 3 զոհ տվեց…

Առաջին հայացքից թվում է, թե Չինարին չի տարբերվում հանրապետության այլ գյուղերից. այն ամբողջությամբ գազաֆիկացված է, ունի դպրոց, մշակույթի կենտրոն, մանկապարտեզ, ապահովված է գյուղտեխնիկայով: Գյուղապետ Սամվել Սաղոյանի  խոսքերով, մինչեւ տարեվերջ ամբողջությամբ կվերանորոգվի եւ կջեռուցվի գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 124 երեխա: Վերանորոգված եւ ջեռուցումով ապահովված է նաեւ գյուղի մանկապարտեզը: Սակայն այս փաստը քիչ է ուրախացնում մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանին: «Մանկապարտեզը գտնվում է ադրբեջանական հենակետերից  600 մետր հեռավորության վրա: Ամեն օր սրտի դողով եմ մանկապարտեզ բերում եւ տուն ուղեկցում երեխաներին: Գիտենք, որ ցանկացած պահի նրանց նշանառության տակ ենք»,- ասում է տնօրենը:


Մանկապարտեզի շենքը եւ ադրբեջանական հենակետերը

Մանկապարտեզի շենքի պատերին դեռեւս պահպանվել են կրակահերթերի հետքերը: Մանկապարտեզում կա փոքրիկ սենյակ, որը մանուկների թաքստոցն է դառնում, երբ թշնամին սկսում է կրակ արձակել: «Երեխաներին հավաքում ենք այդ սենյակում, բարձր երաժշտություն միացնում, մինչեւ կրակոցները դադարում են»,- ասում է Փառանձեմ Աղասյանը:





Մանկապարտեզից ոչ հեռու գտնվում է գյուղի գերեզմանատունը: Այն եւս «բաց դաշտ» է հակառակորդի արկածախնդիր գործողությունների համար: Եղել են դեպքեր, երբ կրակահերթեր են սկսվել հենց հուղարկավորթյան ժամանակ: Այդ իսկ պատճառով գյուղացիները նախընտրում են հանգուցյալին հուղարկավորել գիշերը՝ թշնամու աչքից հեռու:




Մշտական վախն ու տագնապը խաթարում է գյուղի սովորական առօրյան: Գյուղացիները պատմում են, որ ամեն անգամ տանից դուրս գալիս աղոթում են՝ ողջ տուն վերադառնալու համար: Գյուղի հատկապես վտանգավոր մասերում մարդիկ գրեթե չեն քայլում, մանուկները չեն խաղում, իսկ հողերը մնում են անմշակ: Գյուղացիների ապրուստի միջոցը հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելն է: Հակառակորդն այս մասին լավ գիտի եւ փորձում է վախի մեջ պահել դաշտ դուրս եկող գյուղացուն:

Մեզ հետ զրույցում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ մարզի 7000 հա վարելահող այսօր գտնվում է թշնամու նշանառության ներքո: Սա հակառակորդի մարտավարությունն է՝ դիվերսիոն հարձակումների եւ կրակահերթերի միջոցով ահ ու սարսափ տարածել սահմանամերձ գյուղերում՝ դրդելով բնակիչներին լքել գյուղը: Ի դեպ, մեր այցի օրը գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել էր երկու կրակոց:

«Սա մեր հողն է, մեր տունն է, պիտի պահենք: Մենք չենք բողոքում մեր ճակատագրից, երբեք չենք գանգատվում, թե ինչու ենք գտնվում հակառակորդի մշտական հարձակումների թիրախում: Մենք էլ մեր գյուղի զինվորն ենք»,- նշում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:


Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյան

Նա հատուկ ջերմությամբ է խոսում գյուղի բարեգործների եւ արտասահմանում գտնվող այն չինարեցիների մասին, ովքեր չեն մոռանում հայրենի գյուղը: Բարեգործների նվիրատվությունների շնորհիվ գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին տրամադրվում է 100-ական ԱՄՆ դոլար: Բացի այդ, Մոսկվայում բնակվող չինարեցիները հիմնել են հատուկ հիմնադրամ: Յուրաքանչյուր մոսկվայաբնակ չինարեցի այդ հիմնադրամին ամսական նվիրաբերում է 10 ԱՄՆ դոլար:
 
Գուցե տպավորություն ստեղծվի, թե Չինարին ուշադրության պակաս չի զգում, սակայն դա այդպես չէ: Չինարին ու մեր այլ սահմանամերձ գյուղերը զգում են ոչ միայն բարեգործների, հովանավորների, այլ մեր հասարակության բոլոր օղակների՝ մտավորականների, երիտասարդների ուշադրության կարիքը: Երեւանից սահմանամերձ գյուղեր այցելող յուրաքանչյուր ոք բարձրացնում է տեղի բնակիչների, հատկապես երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, ապացուցում, որ երեւանցիները չեն մոռանում նրանց մասին եւ բարձր են գնահատում Չինարիի՝ այդ սահմանապահ գյուղի առաքելությունը, ու որ վտանգի պահին մենակ չեն թողնի չինարեցիներին:









    

Եկատերինա Պողոսյանը Մեդիամաքս-ի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին