Գնդակը հիմար չէ - Mediamax.am

Գնդակը հիմար չէ
3310 դիտում

Գնդակը հիմար չէ


Սվինը ռուսական բանակ է ներմուծել Պետրոս I-ը, իսկ Սուվորովի ժամանակաշրջանում, ում երակներում հոսել է նաեւ հայկական արյուն, այն դարձել է հարձակման ահեղ զենք: Այնպես, ինչպես դրան տիրապետել են Ռուսաստանում, ուրիշ ոչ մի տեղ չեն տիրապետել: Գործը հասել է նրան, որ 1864թ. եվրոպացիները, Ղրիմյան պատերազմում շանթահարված ռուս սվինահարներից, Ժնեւյան կոնվենցիայով Ալեքսանդր II-ին պարտադրել են հրաժարվել սուվորովյան դպրոցից: Եթե նախկինում հարվածում էին որովայնի խոռոչին, ապա այժմ խոցվում էր կուրծքը: Խախտման դեպքում սպառնում էին քաղաքակիրթ Եվրոպայի պատժամիջոցները: Սակայն միամտություն է կարծել, թե հաջորդ պատերազմներում հակառակորդները անզեն հարձակման էին դիմում` խստորեն հետեւելով ժնեւյան կանոններին:  

Մի քանի տարի առաջ ես հեռուստաակնարկ էի պատրաստում Ռուսաստանում սվինի պատմության մասին: Հիշում եմ, թե ինչպես զարմացավ ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Ալեքսանդր Լովին. «Իսկ ո՞վ ինձ պատժեց, որ ես ֆաշիստին սխալ տեղից հարվածեցի: Ընդհակառակը. մեդալ տվեցին»: 

Ահա ես էլ եմ թերահավատ շփման գծից ղարաբաղյան դիպուկահարներին միակողմանի կարգով հեռացնելու մասին ԵԱՀԿ Գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի առաջարկի գնահատման հարցում: Գաղափարն, անշուշտ, գեղեցիկ է: Եվ պետք է արժանին մատուցել Լիտվայի արտաքին գործերի նախարարին. առաջինը դիմելով Բակո Սահակյանին` նա ընդգծեց, որ Իլհամ Ալիեւին այդպիսի բան առաջարկելը, անկասկած, անիմաստ է: Իսկ ահա հայկական կողմը հնարավոր է սատարի մեծահոգի եվրոպական նախաձեռնությանը: Շնորհակալ եմ հայրենակցիս (ես քառորդ չափով լիտվացի եմ) վստահության համար: Բացի այդ, հրապարակայնորեն հայտարարելով, որ ԼՂՀ չի մեկնել անվտանգության նկատառումներից ելնելով, նա ակամայից Եվրոպային հասկացնել տվեց, որ Ղարաբաղի սպառնալիքն այն է, որ հարեւան կողմից դեռ կրակում են: Բակո Սահակյանը, ինչպես հայտնի է, մերժել է ԵԱՀԿ-ին: Դրդապատճառը պարզ է. Ստեփանակերտի՝ դիպուկահարներին միաժամանակ առաջնային գծից հեռացնելու կոչը բազմիցս է հնչել, սակայն Բաքվում այն ոչ մի անգամ ըմբռնում չի գտել: ԼՂՀ նախագահը հատկապես ընդգծել է, որ Ադրբեջանը այդ տարիների ընթացքում մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունները, այդ պատճառով նման պայմաններում Ղարաբաղը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի այդպիսի որոշում կայացնել: Թվում է` սովորական քաղաքական հայտարարություն է: Սակայն, ըստ իս, այն շատ հստակ բնութագրում է Ադրբեջանի ստանձնած արեւելյան գովելի դիվանագիտության սկզբունքները, որը, միաժամանակ, ձգտում է եվրոպական թափանցիկության:  

Այդ առթիվ հիշեցի մի դեպք: Մի անգամ, հրավիրված լինելով ՌԴ ԱԳՆ թանգարանում հերթական ցուցահանդեսի բացմանը, հանդիպեցի պաշտոնաթող դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովին, ով երկար ժամանակ համանախագահել է ԵԱՀԿ Մինսկի խմբում: Զրույցի բռնվեցինք: Բնականաբար, այն մասին, թե ինչպես են ընթացել ԼՂ շուրջ բանակցությունները: Եվ նա բացարձակ անկեղծ ափսոսանք հայտնեց, որ, չնայած Ալիեւ ավագի նկատմամբ խորը հարգանքին, վերջինս հաճախ խախտում էր ձեռք բերված գաղտնի համաձայնությունները: Կամ հրապարակայնորեն արտահայտում էր հակառակ տեսակետ, կամ պարզապես հեռանում թեմայից: Ընդ որում, նա այդպես էր բանակցություններ վարում` դեռեւս լինելով Նախիջեւանի ինքնավար հանրապետության առաջնորդ: Կազիմիրովի խոսքերով, Հայաստանի եւ ԼՂՀ-ի ղեկավարների հետ հարաբերություններում ոչ մի անգամ այդպես չի եղել. այնտեղ տված խոստումը կարողանում են պահել: Այնպես որ, ոչ մի կասկած չկա. դիպուկահարների միակողմանի դուրսբերումը չի ուժեղացնի մերձեցումը բանակցություններում, իսկ ահա Ղարաբաղի դիրքում` չդադարող հրաձգային պայքարում, կթուլացնի այն: 

Հրադադարի ընթացքում առաջնային գծի նկարահանումների ժամանակ ես երկու անգամ ղարաբաղյան զինվորների սպանության ականատես եմ դարձել: Հակառակորդի դիպուկահարների ակտիվությունը սովորաբար համընկնում էր նշանավոր օրացույցային իրադարձություններին: Մի դեպքում դա Շուշիի ազատագրման հերթական տարեդարձն էր` Ստեփանակերտում ընթացող շքերթով, մյուս դեպքում` Ղարաբաղում նախագահական ընտրությունների օրը: Կրակոցները բացատրվում էին սովորական ռեւանշիստական տրամադրություններով: Ում համար` հաղթանակի տոն, ում համար` վրիժառության ծարավի հրահրող խայտառակության օր: Միայն թե վրեժը ստոր ու խորամանկ էր: Ղարաբաղը մեկ կրակոցով վերադարձնելն անհնարին է: Հնարավոր է միայն զինվորին թույլ չտալ տուն վերադառնալ: Դժվար թե շարքային զինվորին սպանելը հանդիսանա իսկական դիպուկահարի մարտական խնդիրը: Ի՞նչ կտա դա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հարցում. կհանգեցնի միայն պատասխան միջոցների եւ արդյունքում` կորուստների սեփական շարքերում: Այդպես էլ եղավ այն երկու չարաբաստիկ դեպքերում` Մարտունու եւ Ասկերանի ուղղություններով, երբ մեր կողքին դիպուկահարի գնդակից մահացան այն երիտասարդները: Նրանց հրամանատարները երկար հետեւում էին ադրբեջանական խրամատներին, ձեռքն էին վերցնում Դրագունովի դիպուկահարային հրացանը եւ մեզ խնդրում էին դադարեցնել նկարահանումները...

Դմիտրի Պիսարենկոն լրագրող է: Ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Լուսաբանել է ղարաբաղյան պատերազմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի իրադարձությունները: Երկար տարիներ աշխատել է НТВ հեռուստաընկերությունում: Ապրում է Մոսկվայում, աշխատում է հասարակական հաղորդակցությունների բնագավառում: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մի քիչ ռուսը»

Սարյանի գույները

Մասնատվող Հայաստան

Ղարաբաղсhina
Մեր ընտրանին