Ձերբակալություններ Վրաստանում` արդարադատություն, թե՞ սովորական վրեժ - Mediamax.am

Ձերբակալություններ Վրաստանում` արդարադատություն, թե՞ սովորական վրեժ
9851 դիտում

Ձերբակալություններ Վրաստանում` արդարադատություն, թե՞ սովորական վրեժ


Վաղուց եմ ցանկանում տեսնել որոշ եվրոպացի պաշտոնյաների աշխատավարձային տեղեկագրերը: Ոչ թե նախանձից կամ ագահությունից դրդված: Ինձ պարզապես հետաքրքիր է, կա՞ արդյո՞ք այնտեղ «երկակի չափանիշներ» վճարման սյունակ:  

Իսրայելի նախագահին կամ Իտալիայի վարչապետին կարելի է դատարան ուղարկել, ԿՀՎ-ի ղեկավարը պաշտոնը լքում է ամուսնական դավաճանության համար, եվրոպական տերությունների նախարարները լիազորությունները վայր են դնում, եթե նրանց մեղադրում եմ գրագողության  համար… Ցուցակը կարելի է շարունակել, եւ բոլոր  նման դեպքերում մարդիկ հիանում են, թե որքան լավն է այդ երկրների ժողովրդավարությունը, երբ օրենքի առաջ բոլորը հավասար են: 

Երբ 4 տարի առաջ Վրաստանում հանրաքվե էին անցկացնում, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք քաղաքացիներն աջակցում են երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ես կողմ քվեարկվեցի բոլորովին ոչ այն բանի համար, որ ցանկանում եմ իմ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեսնել: Չեմ ցանկանում ոչ ռուսականները, ոչ էլ ամերիկյանները տեսնել, ինձ ավելի հոգեհարազատ են մեր զինվորականները: Սակայն խնդիրն այլ է: Ինձ համար` որպես օրինապահ քաղաքացու, ՆԱՏՕ-ն ժողովրդավարության եւ ամուր պետական կառույցների բարձր արժեքների մարմնավորումն է: Այդ պատճառով էլ, երբ իմ երկրում շուրջ 180 հոգի պետք է օրերս քաղբանտարկյալի կարգավիճակ ստանան, ես հասկանում եմ, որ անդամակցությունը Դաշինք հետաձգվում է ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ չգիտեն, թե ինչպես մեզ ընդունել օկուպացված Աբխազիայի ու Հարավային Օսիայի եւ Մոսկվայի հետ չկարգավորված հարաբերությունների պայմաններում:  

Երբ այս աշնանը Վրաստանը քվեարկում էր Բիձինա Իվանիշվիլիի եւ «Վրացական երազանք»-ի օգտին, դա անում էր ոչ միայն էներգակիրների սակագների նվազեցման կամ թոշակների բարձրացման համար: Հասարակությունը հիվանդագին կերպով կարոտել էր արդարությունը, որքան էլ դա պաթետիկ եւ ճոռոմ չի հնչում:

Իմ հայրենիքից դուրս նոր իշխանությունների կողմից ՆԳՆ կամ պաշտպանության նախարարության նախկին կամ գործող պաշտոնյաների արագ եւ աղմկոտ ձերբակալությունների փաստը «անհանգստություն առաջացրեց»: Բիձինա Իվանիշվիլիի բրյուսելյան առաջին այցի ժամանակ «մտավախություն էին հայտնում», որ Վրաստանում ընտրողական արդարադատության դարաշրջան է սկսել: Կամ էլ քաղաքական ռեւանշի: Կամ էլ սովորական վրեժի, քանի որ ողջ նախընտրական տարվա ընթացքում «երազողներին» եւ նրանց կողմնակիցներին նեղում էին բոլոր հնարավոր միջոցներով: Եվրախորհրդարանի ղեկավար Շուլցը հայտարարեց, որ իր երկրում` Գերմանիայում, նոր իշխանությունները բանտ չեն ուղարկում նախկին նախարարներին: Գուցե՞ նրա երկրում պատճառ չկա ուղարկելու:

Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին առաջարկեց ներկայացուցիչներ ուղարկել Վրաստանում հետաքննությունների դիտարկումն անցկացնելու համար, սակայն վերջինս հրաժարվեց` ասելով, որ վստահում է: Բայց ստվերը գցած է, եւ երբ դու ինչ-որ բանի համար ստիպված ես արդարանալ, դա ի սկզբանե պարտվողական վիճակ է: 

Առավելագույն թափանցիկություն եւ անհերքելի ապացույցներ` սրանք են նման վիճակից խուսափելու դեղահաբերը: Օրինակ, բոլորը սպասում էին, որ նախկին նախարար Ախալայային կսկսեն հետապնդել իր գործունեության համար դեռեւս այն ժամանակ, երբ նա կալանավայրերի ղեկավարն էր: Գլխավոր դատախազությունը սկսեց նրանից, ինչը միանշանակ առկա է. բռնություններից զինվորների հանդեպ: Թող իրավագիտության լուսավոր ուղեղները հասկանան հիմնավորումը, դա իմ գործը չէ,  բայց ես, ինչպես եւ հասարակության ցանկացած այլ քննադատաբար մտածող անդամ, կհետեւեմ, որպեսզի արդարությունն իրականացվի փաստերի հիման վրա ու ոչ թե հիմնվելով նրա վրա,
«ինչի մասին բոլորը խոսում են»: Ինձ արտաքին որեւէ ազդակ հարկավոր չէ, եթե տեսնեմ, որ անգամ իրական սրիկաներին եւ ստահակներին (այս դեպքում՝ ոչ մի անձնական բան) պատժում են օրենքի խախտումով: Քանի որ ես ավելի շատ եմ ցանկանում ՆԱՏՕ-ն, քան ՆԱՏՕ-ն ցանկանում է ինձ: 

Բայց ինչո՞ւ էի խոսում երկակի չափանիշների մասին: Որովհետեւ ես ոչ «անհանգստություն», ոչ էլ «հուզմունք» չէի լսել, երբ վերջին 8 կամ 10 տարիներին երկրի ներսում ծաղրում էին ժողովրդավարությունը: Ոչ համոզիչ ապացույցների վրա կառուցված ձերբակալություններով, բողոքի ցույցերի արյունոտ ցրումներով եւ այլն: Նախագահի համար անձնական ինքնաթի՞ռ ուղարկել Գերմանիա` հայտնի մասաժիստուհու ետեւից: Խնդրեմ: Քաղաքապետարանի հաշվին Թբիլիսիում ստրիպտիզ-ակումբներ հաճախե՞լ, անգամ այդ հաճույքների համար վճարելու ժամանակ հաշիվ-ապրանքագրեր ուզե՞լ: Դրանից էլ հեշտ բան:

Վրաստանը հեշտությամբ էր արտահանում «ժողովրդավարության հաջողությունները»: Ընդ որում, նույն ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդունում էր վերջին տարիներին Վրաստանում էլիտար կոռուպցիայի աննախադեպ ծավալները: Ահա թե ինչու եմ ես ցանկանում մի պահ տեսնել ՆՐԱՆՑ աշխատավարձային տեղեկագրերը (ի դեպ, նաեւ մոսկվացի որոշ «գործընկերներիս», ովքեր ինձ ասում են, թե ինչն է մեզ մոտ այստեղ լավ, եւ ինչը՝ վատ): Հավատացեք, ես չար չեմ եւ գնահատում եւ գնահատելու եմ բոլոր այն լավ բաները, որոնք արվել են: Սակայն թող ամեն ինչ ազնիվ լինի, առանց երկակի չափանիշների: Որքան էլ դա միամիտ կամ ռոմանտիկ չհնչի:  

Միգուցե դա միայն Վրաստանի խնդիրը չէ, այլեւ այլ հետխորհրդային երկրների: Չէ՞ որ մենք չէինք գոյատեւի առանց նրանց միլիարդների, աջակցության, առավել եւս, երբ կողքիդ ոչ այնքան բարյացակամ հարեւան է: Ստացվում է, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Իսկ ի՞նչ անել հպարտության հետ:

Կարծում եմ, պատասխանը սա է` շարունակել: Հանգիստ, հավասարակշիռ, խոնարհվելով եւ շնորհակալություն հայտնելով, խոստանալով հաշվի առնել եւ առաջարկելով դիտարկողների ուղարկել, շարունակել: Կառուցել օրենքի պետություն: Ձերբակալել մեղավորներին, թեկուզ նրանք նախկինում նախարարներ էին եւ պատգամավորներ: Չձերբակալել անմեղներին, անգամ եթե բոլորն ասում են, որ նրանք սադիստներ են: Չէ՞ որ սա այնքան սովորական բաղադրատոմս է:

Եվ այդ պատճառով էլ՝ այդքան բարդ…

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին