Ամեն անգամ հանգստից վերադառնալիս մտածում եմ Հայրենիքիս, ավելի շուտ՝ նրա անվան մասին:
Առաջին կասկածներս, որ անվան հետ ինչ-որ բան այն չէ, առաջացան արդեն իտալական օդանավակայանում: Տաքսու վարորդի պարտադիր “Վեր ար յու ֆրոմ” հարցին ես պատասխանեցի, ինչպես հարկն է, սակայն նա միանգամից հարցրեց. “Թո՞ւրքիշ”: “Մի՞թե այս հիասքանչ երկրի տաքսու վարորդները այդքան տեղեկացված են Աջարիայում թուրքական տնտեսական էքսպանսիայի մասին եւ արդեն հասցրել են ապագայի կանխատեսումներ անել”,- մտածեցի ես, ապա նախատեցի տաքսու վարորդին, նվիրեցի նրան մեր 5 թեթրիանոց մետաղադրամն ի հավելումն մինչեւ հյուրանոց ուղեվարձի` ասելով, որ մենք Թուրքիայի հետ ուղղակի հարեւաններ ենք, եւ ահա` մենք մեր սեփական փողն ունենք: Եվ ընդհանրապես, որպես նման ֆուտբոլային գերտերության ներկայացուցիչ, ինչպիսին Իտալիան է, ինչպե՞ս նա կարող է ինչ-որ բանի հետ շփոթել Վրաստանը, չէ՞ որ մենք այդքան անգամ հանդիպել են նախընտրական փուլերում եւ ոչ մի անգամ չենք գցել աշխարհի քառակի չեմպիոնների պատիվը, մի անգամ նույնիսկ 2 ինքնագոլ ենք խփել մեկ խաղում: Տաքսու վարորդն ասաց, որ ամեն ինչ հասկացավ: Սակայն ես նրան մինչեւ վերջ չհավատացի, քանի որ նա զեղչ չարեց:
Նոր էինք տեղավորվել Վենետիկում հյուրանոցի համարում, երբ մեզ անհանգստացրեց հյուրանոցի աշխատակցի զանգը: «Ի՞նչ է պատահել,- հարցրեցի ես, - ամեն ինչ նախօրոք վճարված է»: «Բայց դուք չէիք նշել, որ ապրում եք ԱՄՆ-ում, իսկ ամերիկացի զբոսաշրջիկների համար մեզ մոտ հավելավճար կա»,- շարունակում էր պնդել հյուրանոցային բիզնեսի ցերբերը: Պարզ է՝ տեղի է ունեցել Հայրենիքիս եւ ամերիկյան նահանգի անվանումների միջեւ ավանդական խառնաշփոթը: Խնդիրը լուծվեց աշխարհի քաղաքական քարտեզի շնորհիվ: «Բլեք սի, Քոքասուս, - ասում էի ես, - սա մենք ենք: Իսկ սա Ջորջիան է ԱՄՆ-ում, սա մենք չենք»:
Հանգստիս առաջին օրերին պիցերիաներում կամ հուշանվերների խանութներում հաճելի իտալացիների հետ սիրալիր զրույցների ժամանակ բացատրում էի, որ աշխարհում կա նաեւ այլ «Ջորջիա», թեթրի էի նվիրում, սակայն հետո թուլացա, քանի որ հասկացա, որ միայնակ կովբոյ-լուսավորչի այս առաքելությունն անհույս է: Թող մեր ԱԳՆ-ը ջանքեր գործադրի:
Նախկին կառավարության օրոք մեր դիվանագետները տարբեր երկրներում բանակցություններ էին վարում, որպեսզի մեզ «Վրաստան» չկոչեն: Կհոգա՞ն այդ մասին արդյո՞ք նոր իշխանությունները, չգիտեմ. անհայտ է, թե որքան սկզբունքային է դա իրենց համար: Խառնաշփոթ չլինելու համար կարող եմ միայն խորհուրդ տալ միջազգային բառապաշարում ներառել «Սաքարթվելո» անվանումը, վերջ ի վերջո, այդպես նաեւ ավելի հայրենասիրական կլինի:
Կա նաեւ այլ տարբերակ: Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ տարիների վեճերի եւ դատավարությունների օրինակով վերջինիս անվանման շուրջ փոխհատուցում կամ հատուցում պահանջել ամերիկացիներից, չէ՞ որ իմ երկիրը շատ ավելի շուտ է ծնվել, իսկ դա իսկական գրագողություն է նշանակում: Սակայն, վերջին տարիներին ԱՄՆ-ն այնքան առատաձեռն է ֆինանսավորել եւ ֆինանսավորում Վրաստանը, որ դա կարելի է որպես հատուցում ընդունել «Ջորջիայի» համար: Լավ, կարելի է չդիմել Հաագայի դատարան, սակայն գոնե պահանջել, օրինակ, մեզ անհապաղ ՆԱՏՕ-ի անդամ ճանաչել:
Վերջնականապես համոզվեցի, որ պետք է Հայրենիքի անվանման հետ կապված միջոցներ ձեռնարկել մի հաճելի կնոջ հետ զրույցից հետո: Նա իմ հետաքրքրված հայացքը բռնացրեց եւ, գրողը տանի, հարցրեց. «Վեր ար յու ֆրոմ»: «Ջորջիա, - ասացի ես եւ միանգամից հավելեցի, - նո Ամերիկա: Բլեք սի, Քոքասուս»: Բայց նա նորից հարց տվեց. «Ռաշա՞»: Այդ պահին արդեն չէի կարող անպատասխան թողնել մեր անկախության դեմ այս նողկալի ոտնձգությունը եւ պատմեցի նրան 2008թ. պատերազմի, գրավված տարածքների եւ այլնի մասին: Ինչո՞ւ ես փչացրեցի նրա հանգիստը: Նրա աչքերում այնքան թախիծ տեսա քաղաքական աշխարհագրությունը ոչ բավարար ծանոթ լինելու պատճառով, այնքան անհանգստություն, որ հավելեցի. «Ջորջիա` ֆորմեր Սովյեթ Յունիոն»: Եվ այդ պահին նրա դեմքը ծաղկեց: Դա իրեն ծանոթ էր: «Սովյեթ Յունիոն` Ռաշա» հաղթանակած տոնով ասաց նա: Ես էլ հոգոց հանեցի…
Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: