Կեր, խմի, քեֆ արա - Mediamax.am

Կեր, խմի, քեֆ արա
17339 դիտում

Կեր, խմի, քեֆ արա


Այսօր ցանկանում եմ խոսքս հարսանիքից սկսել: Մարդիկ հարսանիքից տարբեր հիշողություններ են ունենում: Ոմանք հարսի եւ փեսայի պարն են հիշում, ոմանք` հարսանեկան զգեստը, երաժշտությունը, իսկ ոմանք էլ` հարբածների կռիվը:

Իսկ իմ հիշողությունը բոլոր հայկական հարսանիքներից ուտելիքն է: Ուտեստների համը չէ, քանի որ համը սովորաբար չի տպավորում: Ապշեցնում է դրա քանակությունը: Ոչ ոք ի վիճակի չէ նման քանակության սննդամթերք ուտել, որքան իրեն առաջարկվում է համտեսել սովորական հայկական հարսանիքի ժամանակ: Յուրաքանչյուրին առաջարկվում է համտեսել հինգ աղցաններից յուրաքանչյուրից գոնե մեկ գդալ, մեկական կտոր սառը միս, երշիկ, երեքական տարբեր տեսակների աղի ձուկ, բաստուրմա, լոլիկ, վարունգ եւ այլ թարմ ու մարինացված բանջարեղեն եւ կանաչի, մի քանի կտոր պանիր եւ մի կտոր քյուֆթա: Յուրաքանչյուր նորմալ ախորժակով նորմալ մարդ, որը սկսում է ուտել դատարկ ստամոքսով, այդ պահին արդեն կկշտանար մինչեւ զկռտոց: Սակայն դա միայն սկիզբն է: Դրանից հետո կլինեն եւս մի քանի ճաշատեսակներ` ներառյալ պարտադիր խորովածի կտորը, հավի խորովածը, տապակած կարտոֆիլը, եւ ապա, երբ մարդը դժվարությամբ այդ ամենը ճխտում է իր ստամոքսի մեջ, խեղդվելով եւ ծանր շնչելով` բերում են ձուկը: Որպես վերջաբան նա պետք է կուլ տա հարսանեկան տորթի մեկ կտոր եւ վրայից միրգ ուտի:

Մեզանից ո՞վ, մտածելով սիրելի բարեկամների մասին, նրանց համարում է անխելք բկլիկներ, որոնք ամեն ինչ մեծ քանակով են ուտում եւ այդ ամենը մի քանի լիտր թունդ ալկոհոլով համակցում: Մեր բարեկամների մեծ մասը մի քանի կիլոգրամ կորցնելու պատրանք ունեցող կանայք են, որոնք օրեցօր տանջում են իրենց` ավելորդ հացի կտոր չուտելով: Ինչո՞ւ ենք մենք իրենց համար նման դժոխային փորձություն պատրաստում: Ո՞ւմ ենք ցանկանում ուրախացնել դրանով: Քի՞չ են մեր բարեկամների մեջ մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն սրտի կամ ստամոքսային տրակտի հետ: Ինչո՞ւ հրահրել նրանց ուտելիքների առատությամբ: Մի՞թե նոր կյանք մտնող նորապսակների մոտ այդքան ավելորդ գումար կա: Ինչո՞ւ շռայլել այն փողերը, որոնք կարող էին ընտանիքի ավելի անհրաժեշտ եւ օգտակար բաների վրա ծախսվել: Եվ, ի վերջո, ինչո՞ւ աղբ դարձնել տասնյակ կիլոգրամ համեղ եւ օգտակար սննդամթերք, որի վրա ջանքեր են ծախսվել:  

Պատմական հիշողությունը մարդկանց հետ դաժան է վարվում: Ինչպես մարդը, որը մի քանի օր չի կերել, գցվում է ուտելիքի վրա` անգամ գիտակցելով, որ դա կարող է թունավորման եւ մահի բերել, այնպես էլ մենք` պահելով մեր պատմական հիշողության մեջ սովի եւ զրկանքի օրերը, փորձում ենք ուտելիքի առատություն ցուցաբերելով՝ ազատվել անցյալից ժառանգած սովի վախից: Ճիշտ այնպես, ինչպես քաղաքի խանութ մտած գյուղացի երիտասարդը գնում եւ կրում է ամեն փայլունն ու վառը, ինչպես անսպասելի կերպով հարստացած մուրացկանը փողերը վատնում է անարժեք զվարճանքների վրա, այդպես էլ մենք պարծենում ենք զանգվածային կերպով սննդամթերք կլանելով, համընդհանուր սննդի չարաշահման սեանսներ կազմակերպելով՝ գրեթե միշտ առողջության համար հետեւանքներով, եւ պարծենում ենք առատ կերակուրով բարձած սեղաններով:  

Այս խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, քան թվում է առաջին հայացքից:  Ընդհանրապես, մենք բավականին անպատասխանատու կերպով ենք սպառում մեր միջոցները՝ թույլ տալով ավտոմեքենայի պատուհանից աղբ նետելու շքեղությունը, բնության գրկում պիկնիկից հետո կենցաղային աղբի մեծ կույտ թողնելը, ավտոմեքենաները լեռնային գետի մաքուր ջրով լվանալը, եւ այլն: Եվ միայն առաջին հայացքից սեղաններին սննդի առատության եւ մեզ մոտ այդքան տարածված այդ տհաճ սովորությունների միջեւ տարբերություն կա: Դրանք բոլորը միեւնույն խնդրից են ծագում, որի համար մենք անգամ հատուկ բառ ունենք՝ «չտեսություն»: Դա սովածների եւ նվաստացվածների, ցանկություններից եւ վախերից վեր չբարձրանալու ունակություն չունեցողների ժլատությունն է: Նման մարդի չեն կարող իրենց ստիպել մտածել եւ հոգ տանել ուրիշների մասին, անգամ այն ժամանակ, երբ առատությունը նրանց պատել է: Նրանք, միեւնույն է, մտածում են միայն իրենց մասին, անգամ եթե հյուրերի համար սեղանները ջարդվում են ուտելիքից, քանի որ դա հոգածություն չէ, դա ունայնության տոնավաճառ է, իրենց հարստության դրսեւորումը:

Հենց այդ նվաստացվածի ագահությունն է ստիպում արդեն հնարավոր բոլոր եկամուտներով ապահովված պաշտոնյային շարունակել կաշառք պահանջել՝ անգամ հասկանալով, որ կոռուպցիան ոչնչացնում է, վառում է իր երկիրը: Հենց այդ նվաստացվածների ագահությունն է, որ ստիպում է տաքսու վարորդին խաբել զբոսաշրջիկին, չնայած նա հասկանում է, որ իր ապագա եկամտի համար զբոսաշրջության զարգացումն օդի պես անհրաժեշտ է: Հենց դա է, որ ստիպում է խցանումներից եւ ծխից խեղդվող քաղաքում գնել մեծ, չտնտեսող ավտոմեքենա, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ «կարգավիճակ» ունես դու: Հենց այդ ագահությունն է, որ ստիպում է մարդկանց իրենց ձայները վաճառել ընտրությունների ժամանակ: 

Ես շատ եմ ցանկանում, որպեսզի մենք ազատվենք բնավորության այդ գծից: Ժամանակն է հանգիստ պարծանքով լցվել: Այն պարծանքով, որին հարկավոր չեն անիմաստ փողերը, բնությունը, մարդկանց եւ մեր երկրի ապագան շռայլելը: Այն պարծանքով, որում կա խոնարհություն: Այն պարծանքով, որի համար բոլորը մեզ իսկապես կհարգեն: 

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին