Ինչու՞ չունենք լրագրության մեր փառատոնը - Mediamax.am

Ինչու՞ չունենք լրագրության մեր փառատոնը
5402 դիտում

Ինչու՞ չունենք լրագրության մեր փառատոնը



Ապրիլի 25-29 իտալական Պերուջա քաղաքում վեցերորդ անգամ անցկացվեց Միջազգային լրագրության փառատոնը ( Internataional Journalism Festival 2012), որի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 500 միջազգային «սփիքերներ» այնպիսի ԶԼՄ-ներից, ինչպիսիք են BBC-ն, The Guardian-ը, The Economist-ը, The New York Times-ը, Deutsche Welle-ն, Al Jazeera-ն, Euronews-ը, Sky News-ը եւ 400 կամավորներ աշխարհի 25 երկրներից:

5 օրվա ընթացքում Պերուջա քաղաքը վերածվել էր միջազգային լրագրության ոլորտի խնդիրների, առկա մարտահրավերների քննարկման «բաց թատերաբեմի»: Ոչ միայն փառատոնի մասնակիցները, այլեւ քաղաքում սովորող ուսանողները, շարքային քաղաքացիները ազատ մուտք ունեին հրավիրված «panel-discussion»-ներին, եւ դահլիճները լեփ-լեցուն էին հատկապես քաղաքացիական լրագրության, «Արաբական գարնան» միջազգային լուսաբանման, եւ աշխարհը ցնցած, ռեկորդակիր Kony 2012 տեսաժապավենի մասին քննարկումների ժամանակ:

Ես, Հայաստանից, եւ ընդհանրապես Հարավային Կովկասից միակ մասնակիցս, սկզբում չէի հավատում, որ նույն դահլիճում եմ գտնվում Պուլիցերյան մրցանակակիր, The New-York Times-ի լրագրող Իզաբել Ուիլքերսոնի (Isabel Wilkerson), գրող, ակտիվիստ, բրիտանական կառավարության եւ պառլամենտի անդամներին մշտապես անհարմար իրավիճակի մեջ գցող լրագրող, ակտիվիստ Հիվեր Բրուքի (Heather Brooke), Vanity Fair-ի ռազմական թղթակից Իմմա Վիտելիի (Imma Vitelli) եւ շատ այլ բարձրակարգ լրագրողների հետ, որոնք ոչ միայն աշխատում են միջազգային բրենդ դարձած լրատվամիջոցներում, այլեւ դասավանդում են Արեւմուտքի լավագույն համալսարաններում եւ քոլեջներում:

Ներքուստ մեծ հիացմունք էի զգում, որ նման մասնագետների շրջապատում եմ,  կարող եմ հարց տալ, արձագանքել նրանց ելույթներին, քննարկումից հետո պարզապես մոտենալ ու սուրճի ընդմիջման ընթացքում ուղղակի զրուցել մասնագիտական թեմաների շուրջ: Դա մի բան էր, ինչի մասին ես ու, համոզված եմ, իմ հասակակից լրագրող-գործընկերներս շատ ենք երազել ուսանողական տարիներին, պատկերացրել մտքում, բայց երբեք չենք արտահայտվել:

Ու օրեր անց, երբ դուրս եկա «փառատոնյան էյֆորիայից» եւ վերադարձա հայաստանյան լրատվական առօրյային, մի միտք ծագեց ինձ մոտ: Մեր լրագրողական համայնքը շատ է խոսում, դժգոհում հայրենական լրատվադաշտի մեղմ ասած ոչ բարվոք վիճակից՝ անվերջ copy-past-ով, առանց հեղինակային իրավունքների պահպանման աշխատաոճից, «դեղնագույն» լուրերից: Այս շարքը կարող ենք շարունակել անվերջ:

Իսկ ինչու՞ մինչ այժմ մեզ մոտ չենք փորձել կազմակերպել Լրագրության հայկական կամ էլ Հայկական լրագրության փառատոն: ՓԱՌԱՏՈՆ, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ անցկացվող վարպետության դասեր, սեմինարեր, քննարկում-հանդիպումներ, որոնք հաճախ անցնում են տարօրինակ խորագրերով, կիսադատարկ դահլիճներում, հորանջող մասնակիցներով: Ինչու՞ չենք հավաքվում Երեւանում, կամ թեկուզ մեր իսկ Ծաղկաձորում, Դիլիջանում, հրավիրում ոլորտի  լավագույն, թեկուզ միայն հայաստանյան մասնագետներին: Մի՞թե մենք, ունակ ենք մեր լրատվադաշտի խնդիրների մասին բարձրաձայնել, դժգոհել, քննադատել միայն Facebook-ում: Մի՞թե մենք չենք կարող ունենալ մեր «լրագրության կուռքերը», որոնց հետ հանդիպումներ կփնտրենք, նրանց նկատառումներին, կարծիքներին անհամբեր կսպասենք մեր նյութերի «comment» բաժնում: Մի՞թե լրագրության ֆակուլտետի մեր ուսանողները երբեք չեն ունենալու իրենց ապագա խմբագիրներին հանդիպելու, նրանց հետ զրուցելու նման լավ հնարավորություն:

Համոզված եմ, որ նման փառատոն ունենալու, մեր «ներքին» խնդիրների մասին անկեղծ խոսելու, դրանց  շուրջ բաց քննարկումներ ծավալելու արդյունքում մեր մասնագիտական դաշտի առողջացման համար մենք կանենք ավելին, քան անում ենք այսօր ՝ամեն օր բողոքելով սոցցանցերում: Այս գաղափարի իրագործումից, կարծում եմ, կշահեն բոլորը՝ մեդիա դաշտում գործող կազմակերպությունները, խմբագիրները, լրագրողները, լրագրության բաժնի ուսանողները, եւ արդյունքում նաեւ ընթերցողը:    

P.S. Փառատոնի ընթացքում տեղեկացա, որ Իտալիայում լրագրող աշխատելու համար անհրաժեշտ է հանձնել հատուկ մասնագիտական քննություն եւ անցնել երկամյա չվարձատրվող պրակտիկա: Վատ չէր լինի այս պրակտիկան կիրառել նաեւ մեզ մոտ: 
  
Եկատերինա Պողոսյանը Մեդիամաքսի թղթակից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին