«Վախենալ միայն վախերից»՝ ինքնությունը բուժելու դինքյան բանաձեւը - Mediamax.am

«Վախենալ միայն վախերից»՝ ինքնությունը բուժելու դինքյան բանաձեւը
2576 դիտում

«Վախենալ միայն վախերից»՝ ինքնությունը բուժելու դինքյան բանաձեւը



Պոլսահայ մտավորական, «Ակօս» շաբաթաթերթի համահիմնադիր ու նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահից անցել է 17 տարի: Մենք կարող ենք սկսել այս նյութն այն կետից, որ այլեւս անցած 17 տարիների ընթացքում այդպես էլ չդատապարտվեցին նրա սպանության իրական պատվիրատուները, Դինքի ընտանիքը շարունակեց հուսահատ պայքարը թուրքական գոյություն չունեցած արդարադատության հետ կամ ասել, որ Դինքի՝ 17 եւ ավելի տարվա խորքից առաջ քաշված «խաղաղության» օրակարգը ձախողվեց, ձախողվում եւ ձախողվելու է:

Սակայն դրա մասին չէ, որ կարիք զգացի գրելու Դինքի մահից 17 եւ Արցախի կորստից ամիսներ անց:

Այլ փաստելու, որ այսքան տարի անց էլ Հրանտ Դինքի իրական ֆենոմենի մասին Հայաստանում գրեթե չխոսվեց, իսկ մեր պատմական հայրենիքի արեւմտյան հատվածում մնացած դինքերի մասին ցանկացած խոսույթ կա՛մ ավարտվում է «հասնինք Սասուն, մտնինք Վան»-ով, կա՛մ «թուրքացածների» հանդեպ խոր անտարբերությամբ ու հեգնանքով՝ դոգմատիզմի խոր ճահճում թաղելով թեման:

Ի՞նչ պիտի սովորեինք ցեղասպանությունից տասնամյակներ անց Մալաթիայում ծնված, Պոլսի հայկական գիշերօթիկ դպրոցում մեծացած, թուրքական բանակում ծառայած եւ իր մահկանացուն իր իսկ հիմնած թերթի խմբագրատան դիմաց կնքած Հրանտ Դինքից:

Կսիրեի՞նք նրան, եթե իրապես կարդայինք, դե՞մ կգնայինք իր գաղափարներին, թե՞ կնախընտրեինք չկարդալ ու սգալ որպես ցեղասպանության հերթական զոհ:
Մենք առանձնացրել ենք Դինքի՝ տարբեր տարիներին գրած սյունակներից որոշների ուշագրավ հատվածները, որոնք անհավատալի կերպով սեղմում են այսօրվա հայաստանյան ամեասուր վերքերին:

«Ինտեգրացիան»՝ ինչպես որ կա

«Ակօս»-ի՝ 2003 թ.-ի սեպտեմբերի 12-ի համարում Դինքը ուշագրավ հոդված է հրապարակել, որն այսօր՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ձախողված «ինտեգրացիայից» հետո կարդալն առավել ուշագրավ է:


Լուսանկարը՝ REUTERS

1915-ից հետո Թուրքիայում մնացած որբերի ու նրանց ժառանգների ոդիսականը առավել խնամքով ուսումնասիրելու դեպքում ինչպիսի՞ն կլինեին այդ դեպքում Արցախի՝ Ադրբեջանի կազմում հնարավոր ապագայի մասին քննարկումներն Արցախի ներսում կամ դրանից դուրս, բանակցային սեղաններին կամ բոլորիս խոհանոցներում. հրետորական այս հարցի շուրջ շրջափակման օրերին շատ եմ մտածել:

… «Ինձ հարցրին՝ «Դուք՝ հայերդ, ձեր դպրոցներում  «Թուրք եմ, շիտակ եմ, աշխատասեր եմ» երդումն արտասանո՞ւմ եք: Եվ եթե այո՝ ի՞նչ եք զգում այդ պահին:

Բոլոր հայերի անունից չէ, բայց անձամբ իմ անունից այսպես պատասխանեցի.

«Այո, մեր դպրոցներում այս երդումը մեզ միշտ արտասանել են տալիս: Չեմ հիշում, թե մանկության տարիներին այն արտասանելիս ինչ եմ զգացել, սակայն հիմա զգացածս հետեւյալն է՝ շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ: Թուրքիայի հայ եմ»:

Նախ՝ հայերս այս երկրում որքան էլ արտասանենք «Թուրք եմ, շիտակ եմ, աշխատասեր եմ», միեւնույնն է՝ «ուրիշ» ենք, երկրորդն էլ՝ ազգայնական թուրքերի՝ նրանցից մեկը չլինելու մասին մշտապես շեշտադրող հիշեցումները կարելի է ասել մեր բաժին հացն են դարձել»:

Նույն հոդվածի մեկ այլ հատվածում Դինքը հարցադրումներ է առաջ քաշում Թուրքիայի ազգային օրհներգում տեղ գտած եւ բազմազգ այդ երկրի համար բավականին խնդրահարույց արտահայտության վերաբերյալ.

«Ասեք ինձ, Աստծու սիրուն, ազգային օրհներգի այդ ոտանավորն ի՞նչ է.  «Հերոս ցեղիս մի վարդ»…

Հիմա երեւի կասեն՝ «Մեհմեդ Աքիֆ Էրսոյն քո ընկալած ձեւով չի գործածել այդ բառը, հանգավորելու համար է արել եւ «ժողովուրդ» իմաստով է օգտագործել»:

Ընդունենք, թե այդպես է եւ ողորմած հոգին այդ իմաստով է բառն օգտագործել: Բայց ես այդպես չեմ ընկալում, ախր: Իմ իմացած ցեղը սոցիալական տերմին լինելուն զուգահեռ նաեւ կենսաբանական տերմին է եւ նպաստում է կենդանիներին ու մարդկանց կենսաբանական ու սոցիալական տարբերությունները շեշտադրելուն: Ոչ միացնելուն:

Այսպիսով՝ ազգային օրհներգում ցեղը/ազգը շեշտադրելը խթանում է ոչ թե միասնականությունն, այլ խտրականությունը, ավելին՝ դրա ամենածանր տեսակը՝ ռասիզմը/ազգայնականությունը:

Լավ, մի հոգեցունց հարց էլ: Թուրքիայում ապրող բոլորս մեկ ազգի՞ց ենք: Չէ՞ որ թուրք կա, հույն կա, քուրդ կա, հայ կա… Կան ու կան: Նույնիսկ եթե ես ընդունեմ «մեկ ազգի» թեզը, անկասկած արժանանալու եմ «Էս ինչ ես խոսում, այ հայի ծնունդ, հայն ու թուրքն ինչպես կարող են մեկ ազգից լինել» տիպի վիրավորանքների: Է եթե այդպես է, եթե տարբեր ազգից ենք՝ ի՞նչ եք այդպես իրար կողք շաված միասին բղավում, թե՝ «Հերոս ցեղիս մի վարդ»… Թե՞ դուք ձեր, ես էլ իմ ազգին ենք գոչում այս ազգային ու միավորող մեր օրհներգով:

Այս ինչ անջատողականություն էր»...

Արարատը մե՞ր լեռն է կամ՝ մի ուրիշ «տարածքային ամբողջականության» մասին

…«Հայկական աշխարհում ո՞վ, ինչ սկզբունքով է Սփյուռք համարվում: Այս հարցի պատասխանը փնտրողների մի մասը կարճ ճանապարհ ընտրելով մոտավորապես այսպես է ձեւակերպում այն. «Այսօր այլեւս Հարավային Կովկասում կա սահմանները հստակեցված, անկախություն վաստակած Հայաստան պետություն, հետեւաբար՝ այն աշխարհի երեսին ապրող բոլոր հայերի մայր հայրենիքն է: Այս սահմաններից դուրս ապրող բոլոր հայերը ներկայացնում են Սփյուռքը:

Սա մի նկարագիր է, որը կիսել խիստ դժվարանում եմ:

Սա իրականությունը միայն աշխարհագրության մեջ փնտրողների մեթոդն է:

… Չգիտեմ դուք ոնց՝ ինձ բացառապես պատմության կամ աշխարհագրության կամ երկուսի վրա միասին հիմնված մոտեցումները բնավ չեն գոհացնում: Բացառապես անցյալի եւ այսօրվա վրա հիմնված նկարագրերը ոչ միայն չեն ներառում ապագան, այլեւ այսօր զարգացող ունիվերսալ հայեցակարգերի հետ չեն համընկնում, դառնում են անպտուղ:

… Այս դարում, երբ մարդն ինքնին էապես ավելի կարեւոր գործոն է, քան սահմանները, իրավիճակը ներկայացնել միայն «հայրենիք, հող, դրոշ» հրետորաբանության ներքո ու հայկական աշխարհի մասին խոսել միայն այս հասկացություններից ներս, հայության ապագան կապանքների մեջ դնելու պարզագույն մոտեցում է, ոչ ավելին:

... Հայկական աշխարհին մեզ պարտադրված այս հայեցակարգերից դուրս նայելու ժամանակը վաղուց եկել, գուցե եւ անցել է»:

«Ակօս»-ի՝ 2002թ.-ի փետրվարի 22-ին գրված իր այս սյունակում արտահայտած մտքերը Դինքը շարունակում է նույն տարվա մարտի 1-ի սյունակում Սփյուռքի համայնքների կարգավիճակը համեմատում է կրիայի՝ պատյանի ներսում թաքնվելու հետ՝ շեշտելով, որ աշխարհի հայերը հին հայեցակարգերը փոխելու համար առաջին հերթին պետք է փոխեն իրենց հին «հագուստը»: Ըստ Դինքի՝ դա հեշտ գործ չէ, քանի որ հենց այդ ժամանակ են ի հայտ գալիս մեր «հիվանդությունները»՝ վախերը, տրավմաներն ու, ինչպես հենց Դինքն է գրում, «պարանոյաները»:

«... Սակայն հալչելու եւ սպառվելու այդ վախը փաստացի չի փրկել Հայկական աշխարհը «սպառվելուց», - նկատում է Դինքը եւ հավելում՝ «Ցավոք, վախերից փրկվելու, տագնապներից ազատվելու մասին բավականաչափ մտածող չի գտնվել: Երբ խոսում եմ նոր հայեցակարգերի, նոր մոտեցումների մասին՝ առաջին հերթին այս երկու ցավոտ հոգեւիճակներին վերջ տալու եւ «հալվելու» վախից ազատվելու մասին է խոսքս»:

Ու թեեւ Դինքն այս սյունակում խոսում է գլխավորապես Սփյուռքի համայնքների մասին՝ անհնար է դրանք չկարդալ նաեւ ներկա հայաստանյան իրականության «ակնոցով»:


Լուսանկարը՝ REUTERS

Ըստ Հրանտի՝ հայերը, երեք հազար եւ ավելի տարի բացառապես նստակյաց կյանք վարելով ու կրելով դրա առանձնահատկություններն իրենց մշակույթում, այսօր կարող էին լինել ժամանակակից քաղաքակրթության մեջ ամենակարեւոր ներդրողներից, սակայն այսօր արարելու նրանց ջիղը բթացվել է:

…«Մինչդեռ հայ ժողովուրդը բազմաթիվ իրավացի հիմքեր ունի ինքն իր հանդեպ վստահություն զարգացնելու: Պատմությունը սրա ամենաանբիծ վկան է: Մեր՝ արարելու տաղանը նորից կյանքի կոչելու ճանապարհին առաջին քայլը պարզ է՝ վախենալ մեր վախերից միայն»:

Պարադոքսալ է, բայց «Ակօս»-ի՝ 2003 թ.-ի դեկտեմբերի 19-ի համարում Դինքը հասցրել է խոսել նաեւ Արարատի՝ (եւ ոչ Արագածի) մեր ինքնության շերտերում գտած կարեւոր դերի եւ անգամ ՝ «տարածքային ամբողջականության» մասին: Իհարկե՝ ոչ մեր պատկերացրած տարածքային ամբողջականության:

«Սփյուռքը որպես երևույթ միայն հայ ժողովրդի հայրենազրկման մասին չէ, այլեւ դարեր շարունակ մեկտեղ ապրած ժողովրդի՝ աշխարհագրական իմաստով միմյանցից տրոհվելու մասին է: Սա մատնանշում է որեւէ ազգի բաղկացուցիչ մաս կազմող «տարածքային ամբողջականության» վերացումը: Այս ամենի՝ ազգային ինքնության վրա ունեցած ոչնչացնող ազդեցությունն անխուսափելի է:

... Այս ոչնչացման՝ հայ ինքնության վրա թողած ազդեցության արձագանքը հասկանալու համար պետք է անդրադառնալ Արարատ լեռան՝ Հայկական աշխարհում խաղացած այդ խորհրդանշական դերին: Այդ խորհրդանիշը հայ ժողովրդի՝ կորցրած «տարածքային ամբողջականության» հանդեպ կարոտն է որ կա: Սակայն այդ կարոտը միայն որպես որեւէ հողի կամ մի լեռան հանդեպ կարոտ ներկայացնելը շատ թերի կլինի: Հայ ժողովրդի համար Արարատի տարածած ստվերը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ չորս հազար տարվա գոյությունը: Նոյան տապանի ժամանակներից հավերժական գոյության գագաթն է սա: Սա միայն անցյալ չէ, այլ նաեւ ապագա: Քանի որ ընդունված է կարծել, որ այդ կարոտի ավարտման պահին «կավարտվի» նաեւ ինքնությունը»:

Հատկանշական է, որ այս ամենով հանդերձ Դինքը չի նսեմացնում Հայաստանի հանրապետության սահմաններից ներս կերտվող ինքնության դերն ու ազդեցությունը աշխարհի հայության համար, նույնիսկ նկատելով, որ եթե Սփյուռքը ցանկացած գաղութ հայկական ինքնությունը ապրեցնելու տեղ է, ապա Հայաստանը միակն է, որտեղ այդ ինքնությունը հնարավոր է ոչ թե «ապրեցնել», այլ հենց ապրել:

Թուրքիայի հայերը՝ որպես առաջին հայ-թուրքական կամուրջ եւ «թուրքից» չազատված հայկական ինքնության տենդագին ցնցումները

Դինքի մահվանը հաջորդած բոլոր տարիներին իսկապես ուշագրավ է նկատել, թե ինչպես է այս կամ այն պոլսահայ մշակութային, քաղաքական կամ հասարակական գործիչը Սփյուռքի եւ հայաստանյան շրջանակների կողմից պարբերաբար մեղադրվում հայ-թուրքական մերձեցմանը նպաստելու «գաղտնի» պլաններ ունենալու համար: Ու թեեւ այսօր դա ոչ բոլորն են խոստովանում, սակայն նման մեղադրանքներ պարբերաբար թափվել են նաեւ հենց Դինքի գլխին կյանքի օրոք:

Հատկանշական է, որ ինքը՝ Դինքը, ոչ միայն չէր հերքում դա, այլեւ ինքն էր առաջարկում Թուրքիայի հայերին դարձնել այդ կամուրջը:
       
«Մենք Թուրքիայի հայ ենք: Գիտենք մեր չափն ու մեր կարողության չափող առաջարկում, մեր սրտի մեծության չափ էլ խոսում ենք: Կընտրենք մեր մեջից 3-4 հոգի, կգնանք Հայաստան (նկատի ունի 2002-ին Երեւանում անցկացված Հայաստան-Սփյուռք համաժողովը), մեզ մեջտեղ կդնենք ու կասեն՝ «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում իսկապես անկեղծ եք՝ համեցեք, օգտագործեք մեզ որքան կուզեք»:

Միամտությու՞ն էր Դինքի նման երազանքը, թե՞ ոչ՝ չենք կարող ասել: Սակայն տարիներ անց, երբ Հայաստանը ձեռնունայն է գնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին՝ Դինքին չհիշել չի լինի:

«Հայ-թուրքական հարաբերություններում այս պահին հետեւյալ կետին ենք հասել. հայերն ու թուրքերն իրար նայելիս երկու ծանր հիվանդանոցային դեպք կարծես լինեն: Հայերն իրենց տրավմաներով, թուրքերը՝ պարանոյաներով:

… Քանի դեռ թուրքերը չեն որդեգրել կարեկից մոտեցում 1915-ի վերաբերյալ հայացքներում, հայկական ինքնության ցավոտ ցնցումները շարունակվելու են:

Իրականում ամենաէական խնդիրը հետեւյալն է՝ հայերն իրենց ինքնության ներսում ապրող այդ «թուրքից» կարողանալո՞ւ են ազատվել, թե ոչ»:

Դինքի՝ «Ակօս»-ի 2004 թ.-ի հունվարի 23-ի այս սյունակում գրված տողերը բավականին բարդ են մարսվել հատկապես թուրք ազգայնական շրջանակների կողմից: Ավելի ուշ՝ «Փրկվել «թուրքից» վերնագրով իր հաջորդ սյունակում նա փորձում է է՛լ ավելի բացել իր միտքը՝ շեշտելով, որ հայերն այլեւս չպետք է իրենց ինքնության «առողջությունը» թողնեն ֆրանսիացու, գերմանացու, ամերիկացու կամ նույնիսկ թուրքի՝ ցեղասպանությունն ընդունել-չընդունելու իրողությանը:

«Այս սխալից հեռանալու եւ «թուրքին» մեր ինքնության ներսում տրված այդ ազդեցիկ դերից ազատելու վաղուց ժամանակն է» - պնդում էր պոլսահայ մտավորականը: Նրա կարծիքով՝ սա կարող էր հնարավոր դառնալ երկու ճանապարհով՝ կամ եթե Թուրքիան որպես պետություն եւ հասարակություն ավելի կարեկից դիրք որդեգրի հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հենց Դինքը մոտ ապագայում հնարավոր չէր համարում, կա՛մ հայերն իրենց իսկ նախաձեռնությամբ եւ կամքով պիտի անեն դա:
«Իրականում նախընտրելի ճանապարհը հենց սա է»- շեշտում է Դինքը:

Սյունակի վերջում նա հավելում է.

«Հայկական ինքնության մեջ «թուրքից» ազատ մնացած դատարկությունը լցնելու շատ ավելի կենսական երեւույթ կա եւ դա անկախ Հայաստանի գոյությունն է»:

Նույն միտքը նա կրկնում է «Ակօս»-ի՝ 2004-ի փետրվարի 13-ի սյունակում՝ շեշտելով, որ «Թուրքից «դատարկված» այդ թունավոր արյանը փոխարինելու եկող մաքուր արյունը կա հայի՝ Հայաստանի հետ «ստեղծվելիք» նոր երակում»:

«Միակ զենքս անկեղծությունն էր»
               
Չենք սխալվի, եթե ասենք, որ վերը մեջբերված սյունակը ճակատագրական եղավ Հրանտ Դինքի համար եւ իր վստահ տեղը գտավ նրա դեմ մահարշավում՝ թուրք առաջին կին օդաչու եւ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի՝ Այնթապից առեւանգնված հայ որբ լինելը բացահայտող հոդվածին զուգահեռ:

Հաշված ամիսներ անց՝ 2004-ի ապրիլին Դինքը այս հոդվածում օգտագործած ձեւակերպումների համար ստիպված եղավ կանգնել դատարանի առաջ, նրա հանդեպ գործ էր հարուցվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Թուրք ժողովրդին ու Թուրքիայի Հանրապետության պետական կառույցները վիրավորելը):


Լուսանկարը՝ REUTERS

Արդեն 2007-ի հունվարի 19-ին՝ իր մահից հաշված ժամեր առաջ գրված վերջին հոդվածում Դինքը հիշում էր դատարանից դուրս գալու այդ օրն ու լրագրող գործընկերներին ուղղված խոսքերը.

«Ահա վճիռը հրապարակվեց, ու իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին: Հիմա արդեն մարդու հետ պատահող ամենածանր կացության մեջ էի: Դատավորը վճիռը կայացրել էր «հանուն թուրք ժողովրդի», եւ իրավաբանորեն այլեւս հաստատված էր «թրքությունը վիրավորելու արարքս»: Կարող էի ամեն ինչ հանդուրժել, բայց սրան դիմանալն անհնար էր:

Իմ համոզմամբ, էթնիկ կամ կրոնական որեւէ տարբերության պատճառով սեփական համաքաղաքացիներին անարգելը ռասիզմ է, եւ դա աններելի է:

Նման հոգեվիճակում էի, երբ դիմեցի մամուլի ներկայացուցիչ գործընկերներիս, որոնք սպասում էին դրսում եւ ցանկանում էին ճշտել, թե արդյոք պատրաստվում էի լքել երկիրը, ինչպես նախապես հայտարարել էի: Եվ ես հայտարարեցի . «Պետք է դիմեմ փաստաբաններիս: Պետք է դիմեմ Վճռաբեկ դատարան եւ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմելու դեպքում անպայման ներկա եմ գտնվելու նաեւ դատական նիստին: Այս ամենի արդյունքում եթե չարդարացվեմ, ապա կլքեմ իմ երկիրը, որովհետեւ նման հանցանքով դատապարտված մեկն իրավունք չունի բնակվել այն քաղաքացիների հետ, ում նա վիրավորել է»:

Այս խոսքերն արտասանելիս հուզված էի, ինչպես միշտ:

Միակ զենքս անկեղծությունն էր»:

Դինքի ֆենոմենը, թերեւս, հենց այստեղ է թաքնված: Ո՛չ «1.500 000+1» -ի, ո՛չ «թուրքերի հետ բարեկամանալ փորձող հայ»-ի, ո՛չ էլ անգամ «ցեղասպանության մասին խոսող թուրքահայ լրագրող»-ի կերպարների մեջ: Այլ հենց իր հավատացած ճշմարտությունը կենաց մահու կռիվ դարձրած, միակ զենքը անկեղծությունը դարձրած լրագրողի կերպարը: Ոչ թե ծափերի (կամ՝ մերօրյա լեզվով ասած «լայքերի») համար գրող ու խոսող, այլ մարդկանց տանջող ցավը թեթեւացնելուն իր կյանքը նվիրած, նոր մահերն ու տրավմաները կանխելու համար մղված պայքարի մեջ վտանգված, բայց չնահանջած լրագրողի կերպարը: Երբեմն հակասական, երբեմն՝ չհասկացված, երբեմն՝ երկու կողմերից էլ քարկոծվող, երբեմն՝ ոչ թե «հաղթելու», այլ դառը իրականության մասին պատմող, բայց, միեւնույնն է, անկեղծ մնացող լրագրողի կերպարը: Կերպարը, որի հետ համաձայնեք թե ոչ՝ փրկել է կյանքեր, շուռ տվել մտքեր ու հոգիներ, փոխել ճակատագրեր:

Մի երեւույթ ու կերպար, որի ծարավն է մնում ոչ միայն տոտալիտար Թուրքիան ու Ադրբեջանը, այլեւ, արի ու տես, Հայաստանը: Եվ երեւի թե սրա համար է, որ այսօր՝ Հրանտ Դինքի մահվանից 17 տարի անց եւ Արցախի կորստից ամիսներ անց պետք է խոսել անկեղծությամբ զինված լրագրողի մասին:

Սոֆիա Հակոբյանը արեւելագետ է, Մեդիամաքսի մշտական հեղինակը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին