«Ջհանդամի» ճանապարհը կամ կրկնակի շրջափակվածները - Mediamax.am

«Ջհանդամի» ճանապարհը կամ կրկնակի շրջափակվածները
2523 դիտում

«Ջհանդամի» ճանապարհը կամ կրկնակի շրջափակվածները



Երբ Մեդիամաքսի հետ «Ձայն Հադրութի» նախագիծն էինք պատրաստում, տարբեր հարցազրույցների ընթացքում հաճախ էի լսում, թե ինչպես են կորսված Հադրութի արդեն նախկին բնակիչները հաճախ հպարտությամբ նշում՝ «Ես գյուղից վերջինն եմ դուրս եկել»:

Այս մարդիկ այն բախտավորներն էին, որոնք, մնալով Հադրութի գյուղերում ու հենց Հադրութ քաղաքում ընդհուպ մինչեւ ադրբեջանցիների այնտեղ մտնելու օրերը, բախտի բերմամբ թե պատահմամբ, գերության մեջ չէին հայտնվել: Կային, իհարկե, նաեւ այնպիսինները, ում բախտը, ցավոք, չժպտաց. օրինակ՝ 70-ամյա Սաշա Ղարախանյանը, 85-ամյա Ժենյա տատը, որոնք գերեւարվել էին Հադրութի իրենց իսկ տան բակից, կամ Ազոխի բնակիչ 80-ամյա Յուրա պապն, ում գյուղի իր տան բակում արդեն ոչ թե գերեւարել, այլ մորթել էին եւ անկաշկանդ ցուցադրել այդ դաժանագույն հանցանքն աշխարհին: Ասում են՝ Յուրա Ասրյանին գյուղապետը երկու անգամ ասել է՝ «եկ», չի եկել:

Ու թեեւ հետպատերազմյան, արդեն շրջափակված Արցախում շատ եմ լսում հատկապես կանանց՝ հպարտությամբ ասված «Կռվեն վախտը ես վերջինն եմ շենան տյուս եկալ» արտահայտությունը, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան թերի իրականացված կամ եթե կուզեք՝ տապալված քաղպաշտպանություն:

«Դուրս գալու» թեման, ինչպես նկատեցիք, Արցախում բավականին խրթին է, համեմված է բազմաթիվ տաբուներով ու էմոցիոնալ մեկնաբանություններով եւ կապված է հիմնականում 90-ականների փորձի հետ, երբ «դուրս չգալը» ճակատագրական դեր է խաղացել բնակավայրերի ամուր պաշտպանության մեջ: Մենք ժամանակ չենք վատնի բացատրելու, թե ինչ էական ու պարզ տարբերություններ ունեն ներկա իրավիճակն ու 90-ականնները, ինչպես նաեւ մեզ իրավունք չենք վերապահի քննելու որեւէ մեկի՝  «մնալու» կամ «գնալու»՝ երկու դեպքում էլ ծանրագույն որոշումները, սակայն կանդրադառնանք հաճախ Արցախից դուրս հնչող «Չեն կարողանու՞մ դուրս գալ» հարցին եւ դրա շուրջ հյուսված լեգենդներին ու իրականությանը:

Շեշտենք, որ այս կոնտեքստում «ընտրություն» բառը ոչ միայն բացառում եմ, այլեւ համարում անադեկվատ, քանի որ բնակչության վերարտադրությանը ակնհայտ խոչընդոտման, տղամարդկանց թիրախավորման, բուժօգնության անհասանելիության ու բոլոր տարիքային խմբերին մինիմալ անհրաժեշտ պարենի բացակայության գործոններով «հագեցած» բացահայտ ցեղասպանական ակտի պայմաններում համարել, որ մարդիկ ընտրելու ճոխություն ունեն՝ բարոյական չէ:

***

Թեեւ շատերին իսկապես կարող է թվալ, որ Արցախի շրջափակումից ի վեր մարդկանց տեղաշարժն անխոչընդոտ իրականացվում է ԿԽՄԿ միջոցով, սակայն քչերն են պատկերացնում, թե հայտնի ճերմակ դրոշակով մեքենաներում հայտնվելուց առաջ ինչ երկար ճանապարհ են անցնում մարդիկ:

Նախ՝ հստակեցնենք, որ Արցախում «Կարմիր խաչի» առաքելությունը մարդկանց տեղափոխումն իրականացնում է հատուկ ծրագրերով, որոնցից մեկն ու դեռեւս անփոփոխը բուժառուների տեղափոխման ծրագիրն է: Ընտանիքի վերամիավորման ծրագիրը, որը ժամանակին իրականացվում էր, այս պահին այլեւս չի գործում:

ԿԽՄԿ-ի՝ բուժառուների տեղափոխման ծրագրի ցուցակներում ընդգրկվելու համար Արցախի բնակիչները պետք է ունենան տեղի Առողջապահության նախարարության  հաստատած համապատասխան փաստաթղթեր, որով կկարողանան ապացուցել իրենց առողջական լուրջ խնդիրը: Այլ կերպ ասած՝ Երեւան հասնելու «ուղեգիրը» տրամադրում է նախարարությունը, ոչ թե ԿԽՄԿ-ն: Ավելին՝ հաստատվում են միայն «անհետաձգելի», այսինքն՝ մահվան սպառնալիքով դեպքերը:

Արդյո՞ք այդ զտումն այս ամիսների ընթացքում իրականացվել է անաչառ:

Հարցը, ցավոք, հռետորական էր:

Մենք միայն կարող ենք փաստել անձամբ տեսած բազմաթիվ մարդկանց մասին, որոնց բավականին լուրջ խնդրի դեպքում մերժել են՝ թողնելով բառի բուն իմաստով բախտի քմահաճույքին: Մյուս կողմից հասկանալի է Արցախի կառավարության մտավախությունը նման խողովակով Արցախի դանդաղ հայաթափման վտանգի առաջ կանգնելու: Սակայն նման պարագայում պետք է բավականին խիստ քննության ենթարկվեն, բացառվեն կամ փաստերով հերքվեն դեպքերը, երբ ծանոթությունների լայն շրջանակ ունեցող մարդիկ ԿԽՄԿ-ի մեքենաների միջոցով ՀՀ-ում են հայտնվել եւ օրեր անց կիսվել հարսանիքների կամ ծովային հանգստի նկարներով, քանի որ սրանք ոչ պակաս լուրջ ազդեցություն են ունենում շրջափակման մեջ գտնվող մարդկանց հոգեպես է՛լ ավելի մեկուսացման, հանրային տրամադրությունների եւ դիմադրողականության վրա:

Եվ վերջում՝ դիմումատուներին ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակում զգուշացնում են, որ իրենց անձնական տվյալները փոխանցվելու են եւ՛ Արցախի կառավարություն, եւ՛ Բաքու:

Նշենք, որ դիմումատուները տեղափոխման իրենց հերթին սովորաբար սպասում են միջինում երկու շաբաթից մինչեւ մի քանի ամիս՝ կախված այդ պահի իրավիճակից, որն Արցախում խիստ փոփոխական է: Երկկողմանի հաստատումը ստանալուց հետո, ինչը փաստում է, որ օրերս հենց ադրբեջանական անցակետի տարածքից առեւանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին տվյալներն Ադրբեջանը ստացել է նախօրոք եւ տվյալ անձի տեղափոխումը Երեւան՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

Որպես մեկը, ով մի քանի անգամ բարձրացրել է տեղափոխվողների անձնական տվյալների անձեռնմխելիության ու այս պայմաններում գոնե մինիմալ անվտանգային երաշխիքների հարցը, կարող եմ միայն փաստել՝ բլոկադայում, իսկ առավել եւս անօրինական անցակետում անվտանգային երաշխիքներ չկան ու չեն կարող լինել, իսկ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող մարդկանց դեպքում՝ այլընտրանք պարզապես չկա:

***

Բլոկադան ճեղքելու մեկ այլ, սակայն հունիսի 15-ի էսկալացիայից հետո այլեւս չգործող «խողովակ» է ՌԴ խաղաղապահ ուժերի կոնտինգենտը, որոնց հետ օրինական ճանապարհով ՀՀ հասնելու համար կան մի քանի առանցքային պայմաններ՝ այդ թվում առողջական խնդիրներ, ընտանիքի վերամիավորման հարց, ՀՀ կամ այլ երկրների քաղաքացի, այսինքն` Արցախում ոչ տեղացի հանդիսանալը եւ այլն:

Այս դեպքում դիմումները նույնպես կարիք ունեն Արցախի կառավարության հաստատման, մանավանդ՝ Արցախի մշտական բնակիչների, այսինքն՝ «տեղացիների» դեպքում, ինչը պայմանավորված է 2022թ.-ից դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ Լաչինի միջանցքի արգելափակման հաջորդ օրվանից Արցախում հայտարարված ռազմական դրությամբ:

Դիմումատուների անձնական տվյալների՝ Բաքու փոխանցելու եւ ցուցակներն ադրբեջանական կողմից հետ համաձայնեցնելու մասին խաղաղապահ կոնտինգենտի գրասենյակում թեեւ առանձին չեն զգուշացնում, սակայն հարցնելու դեպքում չեն թաքցնում:

Այս փոխադրումներն, ինչպես նշեցինք, ներկայում նույնպես կանգնեցված են՝ օդում թողնելով բազմաթիվ մարդկանց չլուծված առողջական, սոցիալական, իրավական խնդիրները, տրոհված ընտանիքներն ու անհաշվելի թվով այլ խնդիրներ, որոնք ծանոթ են միայն շրջափակվածներիս: Հիշեցնենք, որ հունիսի 15-ից խաղաղապահներին թույլատրված չէ անգամ սնունդ փոխադրել, ինչը նախկինում «մեղմացնում» էր բլոկադան: Երբեմն էլ այնքան, որ Արցախի շրջափակումը ներսից «նորմալիզացվել», իսկ դրսից տեղ-տեղ մոռացվել էր:

***

Վերջում պիտի մեզ իրավունք վերապահենք խոսելու շրջափակումից դուրս գալ փորձողների ամենամեծ, ամենածանր խոչընդոտի մասին: Ծանր, որովհետեւ այն վզից կապված քարի պես են քարշ տալիս այս մարդիկ, լուռ ու անկարող: Դա հասարակական անողոք, երբեմն՝ անգիտակից ճնշումն է, ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը, որը հաճախ, ինչպես վերջերս ինձ ասաց ուսման նպատակով Երեւան մեկնել չկարողացող 22-ամյա արցախցի աղջիկը, «ստիպում է քեզ զգալ խորտակվող նավից փախչող առնետի պես»:

Մենք էլի չենք խոսի 90-ականների ու ներկայի Արցախի իրավիճակի տարբերությունների, դուրս գալ-չգալու ճիշտ կամ սխալ լինելու եւ այլնի մասին: Միայն հավելեմ, որ իմ շատ սուբյեկտիվ կարծիքով, Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքում ամենաուժեղ հարվածներից մեկը, թերեւս, ստացել ենք մեր իսկ տաբուներից, միֆերից, «մռմռացող» տեքստեր ասելու ու համարձակություն պահանջող քայլեր անելու խիստ անպատասխանատու վախերից:   

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետ տեղադրվելու օրից սկսված պլան Բ կամ գոնե պլան Ա ունե՞ինք: Իսկ միգուցե չունեինք, որովհետեւ «դուրս գալու» մասին խոսելը, ինչպես միշտ, ուղղակի ամո՞թ էր:

Այս ընթացքում միայն մեկ անգամ եմ պետական մակարդակով անդրադարձ լսել այս թեմայի շուրջ. Արցախի նախագահը մաղթել էր «ջհանդամը» գնալ նրանց, ովքեր ցանկանում են լքել Արցախն այս օրերին: Ի դեպ՝ «ջհանդամը», որը թուրքերեն նշանակում է «դժոխք», երեւի հենց այն է, ինչ հիմա վերապրում է Վագիֆ Խաչատրյանը:

Հիշում եմ, նույն օրը Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, փորձելով կանխել մարդկանց տագնապը, կատակել էր, ասելով, թե՝ եթե շաքարավազ չկա՝ ավելի լավ, կարելի է բացառել այն սննդակարգից, չէ՞ որ առողջարար չէ: Այդ պահին Արցախի ԱԺ-ում նրան լսող կանայք մոռացել էին հուշել, որ այդ օրերին, երբ բանջարեղենից միայն կարտոֆիլ կար Ստեփանակերտի շուկայում, կերակրող մայրերի հույսը շաքարավազն էր, որպեսզի դրանով թեյ խմեին ու փոքրիկների համար կաթ ունենային:

Մի բան էլ եմ հիշում. Սասունում եւ Մուշում իսլամացված հայերի պատմությունները հավաքելիս ՀՀ ընկերներիցս հաճախ մի հարց էի լսում. «Իսկ ինչո՞ւ Հայաստան չեն եկել», իսկ հակառակ կողմից պնդում էին՝ «Մենք մեր հողում ենք, իսկ դուք ինչո՞ւ եք մեզ լքել»:

Չգիտեմ՝ շրջափակումը երբ կավարտվի, բայց տարիներ անց հիշելու եմ, որ մենք այդպես էլ չսովորեցինք, թե ինչպես պահել մեզ ցեղասպանության ժամանակ:

Սոֆիա Հակոբյանը արեւելագետ է, Մեդիամաքսի մշտական հեղինակը: 2022թ. աշնանից ապրում է Արցախում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին