Զրոյական կետն ու «շրջափակված» ապրիլի 24-ը - Mediamax.am

Զրոյական կետն ու «շրջափակված» ապրիլի 24-ը
3170 դիտում

Զրոյական կետն ու «շրջափակված» ապրիլի 24-ը


Այնպես է ստացվել, որ ապրիլի 24 –ին երբեւէ որեւէ առանձնահատուկ բան անելու, գրելու եւ վերհիշելու կարիք ու պահանջ չեմ ունեցել: Գուցե նրանից է, որ իմ չափահաս կյանքի գրեթե բոլորը օրերը զբաղված են եղել այդ թեմայով՝ մասնագիտության բերումով:

Սակայն կստեմ, եթե ասեմ, որ 2023 թվականի ապրիլի 24-ն ինձ կհաջողվի մոռանալ: Այս անգամ ես՝ պոլսահայ Արթինի ու Սյուզանի, սասունցի Համոյի ու մշեցի Գյուլիի թոռնիկս շրջափակված Արցախում էի անցկացնում հերթական ապրիլի 24-ը: Դրանից մեկ օր առաջ լսեցինք Արցախի մուտքի մոտ ադրբեջանական անցակետի բոթը, որը թեեւ սպասելի, բայց միանգամից չազդող թույնի պես սողոսկեց մարմին, իսկ երբ հասավ ուղեղիս՝ անջատվածությունից ուղղակի չնկատեցի, թե ինչպես հպվեցի փայտի փեչին ու այրեցի թեւս: Այնպես որ ուզեմ չուզեմ՝ այդ օրը միշտ եմ հիշելու:

«Ծանոթացեք, ընկերուհիս է, Սոֆին, իր ընտանիքը Արեւմտյան Հայաստանից է», - Արցախի Մարտունու շրջանի ամենամեծ գյուղում՝ Բերդաշենում այդպես ներկայացրեց ինձ իր ազգականներին ընկերուհիս, ում հյուրն էի:

«Օ՛, իրո՞ք», -արձագանքում էին բոլորը:

«Դե, էստեղ դա բացառիկ բան է, Սոֆ, դրա համար եմ ասում», - փորձում էր բացատրել ընկերուհիս՝ ի պատասխան իմ մի քիչ թթված հայացքի, որի տակ իրականում թաքնված էր հետեւյալ զգացումը. «Ես ինչ է՝ թանգարանային փոշոտ նմո՞ւշ եմ, ինչ եմ»…

… 2014 թվականի օգոստոսին առաջին անգամ առիթ ունեցա հասնելու Սասունի երբեմնի հոգեւոր կենտրոն՝ Գոմոց վանք: Մեր խմբից առաջինը բարձունք էր հասել հադրութեցի Ստելլան: Տարիներ անց՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը եւ այժմ էլ գրեթե ամեն օր ես պիտի հիշեի Սասունի Գոմոց վանքի ավերակների մեջ, այծի թրիքներով շրջապատված Ստելլային, որը փոքր երեխայի պես կարմրել, հեկեկալով լաց էր լինում ու ասում՝ «Ինչ լավ ա, որ մեր Ղարաբաղը պահեցինք»:

Մեր վերջին 29 տարվա բացթողումների, Արցախյան հաղթանակը սեփական ձեռքով տանուլ տալու եւ պատմությունից դասեր չքաղելու մասին խոսվում է ամեն օր ու ամենուր, խոսում են բոլորն ու եթե անկեղծ՝ արդեն ձանձրացնում:

Անկախ բոլոր «ինչու»-ներից, քաղաքական հայացքներից ու հարցի լուծման վերաբերյալ ունեցած տեսակետներից՝ թեման պատմության աղբարկղը չուղարկած եւ դեռ դրա շուրջ մտահոգվողներիս այս պահին մնում է հստակ արձանագրել մեկ բան. մենք վերադարձել ենք կոնֆլիկտի զրոյական կետին: Շեշտում եմ՝ ոչ թե անդառնալի, այլ զրոյական կետին: Ճիշտ է, այն շատ հեշտությամբ կարող է կամ արդեն մտնում է անդառնալի փուլ ամեն օր ու ամեն ժամ, բայց բուժման համար միշտ նախ ճիշտ ախտորոշում տալու անհրաժեշտություն կա:

Եվ այսպես՝ այո, մենք վերադարձել ենք զրոյական կետ, որտեղ ո՛չ այդքան թմբկահարված ու իրականում մեր ուշադրությունը բուն խնդիրներից շեղող թեմա դարձած Մադրիդյան սկզբունքներից է ինչ-որ բան մնացել, ո՛չ «ոչմիթիզականությունից», ո՛չ մեր հղպացած «Ես»-ից, ո՛չ մեր՝ Սասունից Արցախ ձգվող երազներից:

Ավելին՝ մենք զրոյական կետում ենք ոչ միայն որովհետեւ Լավրովն է մեզ համեմատում Կոսովոյի սերբերի (այլ ոչ ալբանացիների) հետ, ոչ միայն որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի թաքցնում, որ «Անջատում հանուն փրկությանն» իր իշխանությունը հակառակ կողմից է կարդում, եւ ոչ միայն որովհետեւ Իլհամ Ալիեւն այլեւս կարող է հանգիստ անցակետ դնել Արցախի մուտքի մոտ ու դա ներկայացնել աշխարհին որպես ամենաբնական բան:

Մենք զրոյական կետում ենք, որովհետեւ՝  

Ազատ Արցախի բնակչությունը, չնայած բոլոր սոցիալական ծրագրերին, քանակով երբեւէ չգերազանցեց նախկին ԼՂԻՄ-ի բնակչությանը, իսկ եթե շատ անկեղծ՝ չհավասարվեց էլ:

1994-ից ցայսօր ազատագրված Արցախում երբեւէ այդպես էլ չկայացավ ու չգործեց որեւէ ինստիտուտ, իսկ ակնհայտ ուռճացված պետական համակարգն իր բազմաթիվ աշխատատեղերով մշտապես ոչ թե ջանում է խնդիր լուծել, այլ բարելավել սոցիալական վիճակը, հիմնականում՝ ծանոթ-բարեկամների:

Ուսանողը, աշխատողը կամ պարզապես աշխարհի հետ կապ ունենալ ցանկացողը Արցախում երբեւէ եւ անգամ այս լուսավոր դարում չունեցավ գոնե միջին որակի ինտերնետային եւ հեռախոսային կապ կամ դրա այլընտրանքը:

Կրթական համակարգը երբեւէ չարդարացրեց իրեն այնքանով, որ ամբողջ Արցախում անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն խոսող մարդկանց մեկ ձեռքիդ վրա հաշվել կարողանալու իրողության ամոթը չզգաս:

Աշխարհի խուլ ու համր լինելու մասին աղաղակողները երբեւէ չձեւավորեցին տեղեկատվական լուրջ հարթակներ, արդյունավետ նախաձեռնություններ ու նախագծեր, որոնք կպատմեին աշխարհին Արցախում տեղի ունեցողի մասին:

Զրոյական կետում ենք, որովհետեւ արդեն հետպատերազմյան Արցախում եւ ՀՀ-ում պաշտոնյաները ծուռ ժպիտով խոսում էին ռուսների՝ «Արցախից երբեք դուրս չգալու մասին», փոխարենը հնարավորինս արագ կառուցելու Շուշին շրջանցող նոր ճանապարհը՝ Արցախ վերադարձած մարդկանց ճակատագիրն չթողնելով ոխերիմ թշնամու ու ոխերիմ դաշնակցի քմահաճույքին:

Զրոյական կետում ենք, որովհետեւ արդեն իսկ շրջափակված Արցախում հնարավոր է, որ հիվանդանոցում արյան պարզագույն անալիզ հանձնելու համար անհրաժեշտ նյութ չլինի, սակայն ինչ-որ մեկի քավորի շնորհիվ կողքի խանութում կարող է անանաս եւ «Սնիկերս» վաճառվել:

Մենք այս կետում ենք, որովհետեւ Արցախը այսքան տարի ուղղակի մեր՝ նախկինում վնասված «Ես»-ն էր շոյում, իսկ այն ճանաչելն ու դրա խնդիրներով ապրելը մենք (այդ թվում՝ ես) թողել էինք երեւի հաջորդ կյանքերի համար:

Եվ վերջապես՝ մենք զրոյական կետում ենք, որովհետեւ շատերն այսօր երեւի սպասում էին պաթետիկ մի նյութ, որը կխոսեր բացառապես արցախցիների քաջության ու հերոսականության մասին, եւ որովհետեւ Արցախը սիրելը մեզ համար դեռեւս այդ «վարդագույն» ֆեյսբուքյան գրառումների, կառուցողական քննադատությունը բացառելու կամ դրան չհամարձակվելու, կարճ ասած՝ Արցախը պատասխանատվություն չենթարկող սիրով սիրելու դաշտում է:

Ինչեւէ, ախտորոշումը հասկանալուց հետո պիտի անցնելիք ծանր ճանապարհի մասին անկեղծ լինենք մեզ՝ հիվանդներիս հետ:  

Ուզենք թե չուզենք՝ զրոյական կետից այն կողմ մեր քայլերն ինչպիսին էլ լինեն ու ինչով էլ վերջում պսակվեն՝ արցախահայությունը հերթական անգամ կանգնելու է, եւ եթե կուզեք՝ կանգնած է ցեղասպանության վտանգի, գնալու կամ մնալու, իր առաջնահերթությունները ընտրելու/վերանայելու բարդ խնդրի առաջ:

«Մնացողների եւ գնացողների» մասին անտանելի կեղծ եւ անհանդուրժող քննարկումներին ու փոխադարձ մեղադրանքներին ականատես եմ լինում Արեւմտյան Հայաստանում մնացած հայերի ուսումնասիրությամբ զբաղվելու առաջին իսկ վայրկյանից, Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծման օրերից եւ հետպատերազմյան Արցախ ոտք դնելու առաջին իսկ պահից: Այդ բոլոր խոսակցություններից միայն տաղտկալի դեմագոգիայի հոտ է գալիս, որովհետեւ մենք՝ որպես ժողովուրդ, որը ենթարկվել է ցեղասպանության մի քանի անգամ, այդպես էլ չենք հասկացել, որ ցեղասպանությունը դա նաեւ եւ հենց այն է, երբ քեզ զրկում են քո վաղվա օրը, գտնվելուդ վայրը, երեխայիդ ապագա լեզուն ու ինքնությունն ընտրելու քո ամենաբնական իրավունքից: Իսկ եթե կարծում ենք, թե որեւէ մեկը ժամանակին Դեր Զորում կամ այսօր Արցախում ունի ադեկվատ պայմաններ այդ ընտրության շուրջ մտածելու՝ չարաչար սխալվում եք:

Վերջում նորից պիտի հիշեմ Սասունն ու Սասունի վերջին հայերից Հ. պապին, ով տարիներ առաջ պատմել էր, թե ինչպես էր 90-ականներին ռադիո գնելու համար տասնյակ ոչխար ու այծ վաճառել, որպեսզի Երեւանի ռադիոյով կարողանար լսել Հայաստանի ու Արցախյան ռազմաճակատում զարգացումների մասին:

«Կըսեր՝ «Ղարաբա՛ղ, Ղարաբա՛ղ», ըմ սիրտ ըմբես կը թրթռար, լաո՛», - պատմում էր Հ. պապն ինձ:

Եվ գուցե՝ այո՛, մեզ՝ ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ ցրված ու «թանգարանային նմուշի» խարազանված ինքնությամբ ապրողներիս համար Արցախն ու Արցախյան հաղթանակն այն կետն է, որի վրա մենք բարդել ենք մեր հազարամյա բոլոր սպասումները, հարյուրամյա բոլոր տրավմաներն ու դեռ վերքի վրա աղ լցրածի անադեկվատությամբ չենք ուզում տեսնել, որ առանց վեհ ճառերի ու մտքերի իր երեխային իր գյուղի տանից մաքուր հագուստով դպրոց ճանապարհելը, երբեմն խնձոր ուտելը կամ ուղղակի «թա քի կռիվ չինի, բալաս» ցանկությամբ գիշերը լուսացնելն ամենաբնական, ամենամարդկային, ամենաարդար բանն է:

Իսկ ծանր իրականության մասին առավելապես բաց ու անկեղծ խոսելը՝ զրոյական կետը վերջինն ու անդառնալին չդարձնելու ցավոտ, բայց պարտադիր պայմանը: Ի վերջո՝ զրոյական կետը մաքուր էջ դարձնել մեզ ոչ ոք դեռ չի արգելել:

Սոֆիա Հակոբյանը արեւելագետ է, Մեդիամաքսի մշտական հեղինակը: 2022թ. աշնանից ապրում է Արցախում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին