Մեր ու Արցախի մասին այդպես էլ չլսված «դյուզը» - Mediamax.am

Մեր ու Արցախի մասին այդպես էլ չլսված «դյուզը»
5408 դիտում

Մեր ու Արցախի մասին այդպես էլ չլսված «դյուզը»


Ես ներկա չեմ եղել Արցախյան շարժման առաջին տարիներին, պարզապես դեռ ծնված չէի: Ես չգիտեմ ու չեմ կարող մեկնաբանել, թե ինչ էին զգում ու մտածում այն ժամանակ մարդիկ, որոնք հրապարակներում, մամուլում կամ իրենց գյուղերի բարձունքներում խոսում, մտածում էին Արցախի մասին կամ պարզապես անխոս փորձում պաշտպանել այն: Ես չեմ կարող գուշակել որքանով համարձակ, որքանով ազնիվ ու որքանով պարզ էին տեսնում ու զգում այդ ամենը Արցախում ապրողները, Սփյուռքից ու Երեւանից արցախյան ճակատ մեկնողները, Տավուշի Ոսկեպարում ու Վայոց ձորի Խաչիկում շրջափակվածները: Ես այդ մասին խոսել չեմ կարող, քանի որ պարզապես դրա իրավունքը չունեմ:

Փոխարենը կարող եմ հիշել իմ՝ գիտակցական կյանքիս ընթացքում Արցախին վերաբերող առաջին ու վերջին դրվագները եւ այն ամենը, ինչը զգալուն ու հասկանալուն նպաստել է Շարժումն իմ կյանքում:

Կիեւում, որտեղ ես ծնվեցի ու մեծացա, Արցախի մասին չէի լսել ոչինչ: Ադրբեջանցիները, որոնք մեր թաղամասի շուկայում բոլոր ազգերից միասին վերցրած ավելի շատ էին, ինձ հաճախ էին անվճար բանան ու խնձոր հյուրասիրում, իսկ ես հարցական նայում էի հորս, թե արդյո՞ք այս անծանոթ, բայց մեզ նման «սեւ» մարդկանցից նման նվեր ընդունելը թույլատրելի է ինձ համար: Մանկապարտեզի վերջին տարում, երբ լաչինցի քուրդ ընտանիքից իմ հասակակից Ֆարիդն իր հերթական չարության համար ինձնից հերթական ծեծն էր կերել, վառ տպավորվել էր նրա արձագանքը, թե՝ «Ինչո՞ւ ես խփում: Որովհետեւ մենք թշնամինե՞ր ենք, հա՞»:

Ես, իհարկե, չգիտեի՝ թշնամին ի՞նչ է, ու չգիտեի, թե Ֆարիդը ինչի մասին է խոսում: Երեկոյան, երբ այդ մասին հարցրի հորս, նա բավարարվեց թեթեւ քմծիծաղով ու խորը, երկար լռությամբ, որը հիշում եմ մինչ օրս:

Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին իմ մանկական հիշողություններն այստեղ էլ ավարտվում են, իսկ Արցախի ու Շարժման մասին ես լսեցի միայն 5-րդ դասարանում, երբ տեղափոխվեցինք Հայաստան եւ հեռուստացույցով Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով բողոքի ակցիաներն էին լուսաբանվում:

«Բա լավ չի՞», - ասում էի ես հորս:

«Չէ, լավ չի: Որովհետեւ էլի կռիվ պիտի լինի ու էլի անմեղների կյանքից գնա», - ասում էր պապան:

Տարիներ անց, սակայն, հայրս այլ կերպ էր մտածում. «Չէ, էսպես հավերժ չի կարող մնալ: Լինող բանը հիմա թող լինի, ինչքան շուտ՝ էնքան լավ, հետո ավելի երկար ու ավելի շատ ենք մեռնելու»: Ու թեեւ ես, ով այդ ժամանակ իմ ուսուցիչների ու Հանրային հեռուստատեսությամբ երեւացող լրագրողների խոսքերի ազդեցության տակ գտնվող շարքային դեռահաս էի, երկու դեպքում էլ համաձայն չէի հորս հետ, սակայն մինչ օրս խորապես շնորհակալ եմ նրան ամենակարեւորի՝ անկեղծության համար: Որովհետեւ նա համարձակվում էր ասել այն, ինչ մյուսները չէին սպասում, չէին բարեհաճում կամ վախենում էին ասել:  

Իսկ դա, փաստորեն, այն էր, ինչին ամենաշատն էինք կարոտ մենք, Արցախը, բոլորը: Եվ դրանում համոզվելու առիթներ ես ունենում էի ամեն քայլափոխի, երբ որեւէ առնչություն էի ունենում Արցախյան թեմային:

Երբ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժնի ուսանողներից մեկի՝ Լավրովյան պլանի թեմայով աշխատանքը ԲՈԿ-ը կարող էր չհաստատել:  

Կամ երբ տարիներ անց, Հայաստանի ամենաընթերցվող լրատվականներից մեկում աշխատելուս տարիներին, խմբագրիս առաջարկեցի մանրակրկիտ նյութ հրապարակել այսպես կոչված «Կարմիր Քուրդիստանի» թեզի, Արցախում ապրած քրդերի թյուրքացման եւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ, ինչին ի պատասխան լսեցի, որ մի քիչ «մազալու» թեմա է եւ կարիք չկա գլուխ ցավեցնել:  

Երբ 44-օրյա պատերազմի օրերին ցանկացած լրագրող, ով կհամարձակվեր գոնե ակնարկել, որ՝ չէ, էդքան էլ չենք հաղթում, պիտի քարկոծվեր ու անարգանքի սյունին գամվեր ամենաանպատասխանատու ու հիստերիկ ձեւով:

Երբ 2020-ից հետո «Ձայն Հադրութի» նախագիծն անելիս անտուն մնացած հադրութեցիներից ամենահաճախն էի լսում՝ «Ո՞ւմ էր պետք էդ հարամ հողերը, տային՝ մենք էլ մեր Հադրութն ու Շուշին չկորցնեինք», ու նաեւ զգում, որ ոչ ես եմ նման հարցեր նրանց տալիս լրիվ անկեղծ, ոչ էլ իրենք՝ այս թակված մարդիկ են անգամ հիմա էսպես պատասխանելիս անկեղծ իրենք իրենց ու ինձ հետ:

Երբ արդեն շրջափակված ու ամիսների սովի մատնված Արցախում պետք է բառեր ընտրեի, որպեսզի մարդիկ շատ խիստ չարձագանքեին զանգվածային տարհանման կամ առնվազն ցանկացողներին դուրս գալ թույլատրելու անհրաժեշտության մասին իմ տեսակետին:

Երբ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի՝ սյունակ գրելու առաջարկին իմ առաջին պատասխանը պիտի լիներ՝ «Իսկ ոչի՞նչ, որ գրեմ ոչ այն, ինչ շատերը սպասում են լսել Արցախից, այլ ճիշտը», եւ պատասխան ստանալով՝ «Ես ընդամենը առաջարկում եմ գրել այն, ինչ զգում ես» նախադասությունը, թեթեւացած, ուրախացած, բայց տխուր շունչ պիտի քաշեի ներսից:

Երբ երեք երիտասարդների՝ ադրբեջանական անցակետից առեւանգվելուց հետո փողոց դուրս եկած ժողովրդին արցախցի պաշտոնյաներից մեկն ուղիղ ասել էր՝ «Մենք երբեք ձեզ չենք ասի՝ դուրս եկեք, որովհետեւ հետո դուք մեզ եք մեղադրելու, որ հայաթափեցինք Արցախը»:

Երբ ընկերուհիներս շրջափակման մեջ մեկը մյուսի ետեւից կորցնում էին իրենց չծնված բալիկներին, իսկ արցախցի լրագրողներին վերին օղակներից խորհուրդ էին տալիս ցեղասպանություն տերմինը փոխարինել «էթնիկ զտմամբ»՝ մարդկանց «չճնշելու» համար:

Երբ Արցախում սովից տատանվելով քայլող փոքրիկներն այդպես էլ չհասկացան, թե Պողոսի տղան այդ ինչպե՞ս 10 հարկանի տորթով ամուսնանալ հաջողեց, իսկ կիլոմետրերով ոտքով աշխատանքի գնացող զինվորի ձայնը այդպես էլ միշտ բենզին ունեցող ամենագնացների «ճռիկներից» ավելի բարձր հնչել չհաջողեց:

Երբ այս ամենի մասին խոսելն ու Արցախի մասին կառուցողական քննադատության ոգով քննարկումները այդպես էլ մոդաիկ չդարձան, որովհետեւ Արցախը մնաց վարդագույն պատրանքների, հեռվից պատասխանատություն չենթարկող սիրով սիրելու ու զոհի կերպարի հոմանիշ:

Եվ հատկապես երբ Արցախից քիչ, շատ քիչ գրելու բան կար այլեւս, բայց գրում էի, որովհետեւ հետո մեղավոր էի զգալու, որ չխոսեցի, երբ կարող էի:

Վերջին երեք տարում Արցախի մասին ինչ ասես խոսվել ու քննարկվել է, ինչ ասես մտածել, արել ու չենք արել: Ոմանք Արցախը թաղեցին միանգամից՝«բեզ ցերեմոննոստեյ», ոմանք այն «փրկում» էին ամենօրյա ռեժիմով, ոմանք տարբեր նպատակներով շահարկում, ոմանք՝ անկեղծ ցավում ու լռում: Ոմանք ՌԴ կազմում էին արդեն տեղավորել, ոմանք՝ ինքնորոշում, միացնում ու անջատում էին Արցախը, ոմանք՝ քրոնիկ հիվանդության պես որոշել էին ուղղակի անտեսել ու լիաթոք ապրել:

Մենք միայն մի բանի մասին էինք մոռացել: Եվ դա չհնչեց ոչ մի ռուսամետ կամ արեւմտամետ փորձագետի, ոչ մի քաղաքական գործչի, ոչ մի լրագրողի բերանից:

Բլոկադայի ամբողջ ընթացքում ես դա լսել եմ միայն մեկ հոգուց՝ մեր ներքեւի թաղում ապրող, շրջափակման պատճառով աշխատանքից զրկված ամուսնու փոխարեն հաջորդ իսկ օրվանից աշխատանքի անցած, երեք տարի առաջ Հադրութում տունն ու հարազատների գերեզմանները կորցրած, լուռ ու երբեք քաղաքական վերլուծություններ անելու չհավակնող տիկին Ռուզաննայից.

«Մարդկանց դյուզը չեն ըսես, պրոբլեմը հատե տայա», - Հադրութի բարբառով բլոկադայի մութ մի օր ասեց Ռուզաննան, երբ հերթական անգամ մոմի լույսի տակ բուռն քննարկում էր գնում՝ գնա՞լ, թե մնալ, կռվե՞լ, թե զիջել, ինտեգրվե՞լ, թե համառել:

Այո, մենք լսեցինք Արցախի մասին ամեն ինչ, բայց «դյուզը» չլսեցինք:

Մեզ «դյուզը» չէին ասել, որ մենք որոշեինք, թե ինչ ենք ուզում, մեզ «դյուզը» չէին ասել, որ մենք հասկանայինք՝ ո՞րն է ամենավատի ու ամենալավի սահմանը:

Մեզ «դյուզը» չէին ասել ու շարունակում են չասել, որովհետեւ մենք երբեք պատրաստ չենք եղել այն լսելու եւ այդ «չպատրաստակամությամբ» շարունակում ենք մնալ ողբերգությունները մեր գլխին ջարդելու համար ամենահարմար հասարակությունը:

Որովհետեւ ամենաշատը Արցախը կորցնելուց չէ, այլ ճիշտն ասելուց, քարկոծվելուց ու մեր «ես»-ի ճզմվելուց ենք վախենում: Որովհետեւ իրականում չենք սիրել Արցախն ու Հայաստանը գոնե այնքան, որ ընդամենը համարձակվենք ասել այն, ինչ մյուսները չեն սպասում, չեն բարեհաճում կամ վախենում են ասել:

Սոֆիա Հակոբյանը արեւելագետ է, Մեդիամաքսի մշտական հեղինակը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին