Բոլորս ենք պատասխանատու մարտակերտցի երեխաների մահվան համար - Mediamax.am

Բոլորս ենք պատասխանատու մարտակերտցի երեխաների մահվան համար
4709 դիտում

Բոլորս ենք պատասխանատու մարտակերտցի երեխաների մահվան համար


Երեք օր առաջ սահմռկեցուցիչ լուր տարածվեց Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում երկու փոքրիկների՝ 3 և 6 տարեկան երեխաների մահվան մասին: Նշվում էր, որ նրանց մայրը ստիպված է եղել փոքրիկներին առանց խնամքի թողնել և ոտքով գնալ շրջկենտրոն՝ սնունդ բերելու: Հունիսի 15-ից Ադրբեջանը լիակատար շրջափակման մեջ է պահում Արցախը, նույնիսկ հումանիտար բեռնափոխադրումներ չեն իրականացվում, միայն Կարմիր խաչն է կարողանում ծանր հիվանդներին տեղափոխել: Արցախցի ընկերներս ասում են, որ վառելիքի խնդիրն ամենասուրն է, դրա համար էլ մայրը ստիպված է եղել երեխաների համար ուտելիք բերելու համար ոտքով գնալ շրջկենտրոն ու  ....ուշանալ:

Եթե այս դեպքը տեղի ունենար Ուկրաինայում, միջազգային լրատվամիջոցները մի քանի օր մանրամասն կպատմեին իրավամբ ողբերգական դեպքի բոլոր հանգամանքների մասին: Իսկ այս պարագայում արցախցի մանուկների մահվան ահասարսուռ դեպքը չդարձավ անգամ հայաստանյան լրատվամիջոցների «top news»-ը: Սարսափով նկատեցի, որ նույն օրը Երևան-Սոչի լոուքոսթերի նոր չվերթի մասին լուրն ավելի շատ տարածում  էր ստացել...

Ծանր տողեր պիտի գրեմ, բայց կարծում եմ, որ արցախցի երկու փոքրիկների մահվան պատասխանատուն ողջ հայ ժողովուրդն է: Առաջին հերթին՝ այն 680 հազարը, ովքեր 2021 թվականին, ցավալի պատերազմից, ողբերգական կորուստներից ու պարտությունից հետո վերընտրեցին այն անձին, որի ղեկավարության շրջանում այդ ամենը կատարվել էր ու նրա հետ կիսում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին արված հայտարարության ողջ պատասխանատվությունը:  

Պատասխանատու է այդ ընտրություններին չմասնակցած այն 51 տոկոսը, որոնք թույլ տվեցին, որ անհասկանալի «արժեքներով ու սկզբունքներով» առաջնորդվող կամ մոլորեցված 680 հազարը իրենց փոխարեն որոշում կայացնի:

Պատասխանատու է Սփյուռքն՝ իր կրավորական կեցվածքով ու անտարբերությամբ: Եվ եթե մենք ենք այդպես լուռ ու անտարբեր, ապա ուրիշների մասին անիմաստ է խոսելը:

Հիմա լուռ մնալը նշանակում է լինել հանցակից: Նրանք, ովքեր անտարբեր չեն, հարցնում են՝ իսկ ի՞նչ անել: Կարծում եմ, յուրաքանչյուրը եթե օրվա մեջ կես ժամ մտածի այդ մասին՝ կհասկանա ինչ անել:

Օրինակ՝ չխրախուսել, «չլայքել», դատապարտելի համարել սոցցանցերում կերուխումի, ճոխ սեղանների, հանգստի վայրերից լուսանկարների հրապարակումը այն դեպքում, երբ ունենք հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, կիսաքաղց 30 հազար երեխա:

Արցախի հարցը դարձնել թիվ մեկ օրակարգային թեման բոլոր լրատվամիջոցներում և բոլոր տեսակի հանրային քննարկումներում:

Եվ վերջապես թույլ չտալ, որ մեր փոխարեն ճակատագրական որոշումներ կայացնեն մարտնչող տգիտությունները ու մեզ էլ իրենց հետ չդարձնեն արցախցի մանուկների մահվան պատասխանատուն:

Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին