Փոխել պարադիգման` ազգային իմունիտետը չկորցնելու համար - Mediamax.am

Փոխել պարադիգման` ազգային իմունիտետը չկորցնելու համար
4900 դիտում

Փոխել պարադիգման` ազգային իմունիտետը չկորցնելու համար


Մենք բոլորս, մեր հանրությունը ներկայումս գտնվում ենք այսպես կոչված «մանիպուլյացիոն գրոհի» ներքո՝ անգամ չգիտակցելով, որ դառնում ենք ոչ միայն դրա զոհը, այլև՝ մասնակիցը։

Առաջին հերթին նկատի ունեմ այն, որ հիմա մեր երկրում տեղեկատվական հոսքերը  մեծ մասամբ հիմնված են կեղծ օրակարգերի վրա, իսկ հանրությունն ապրում է այդ կեղծ օրակարգերի միջավայրում, սկսում մտածել այդ օրակարգերի շուրջ՝ մոռանալով անգամ իրեն հետաքրքրող ու հուզող կենսական խնդիրները։

Այստեղ չեմ ուզում կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես է դա տեղի ունենում (թերևս մեկ այլ հրապարակման թեմա է)․ նշեմ միայն, որ, օրինակ, տարբեր շահային խմբերի կողմից ստեղծվող «տեղեկատվական առիթները», օրակարգ նետվող սկանդալային թեմաներն անմիջապես հայտնվում են տեղեկատվական հոսքերում, և հանրությունը սկսում է ապրել ու սնվել այդ թեմաներով։  Լրատվամիջոցների գերակշիռ մասը (ցավոք, քիչ բացառություններով), նույնպես սպասարկում է տարբեր շահային խմբերի՝  լուսաբանվող թեմաների ընտրությունը կատարելով՝ ելնելով ավելի շատ այդ խմբերի հետաքրքրությունից, քան թե  լրագրության դասական  սկզբունքներից, ու այդ կերպ նպաստելով «մանիպուլյացիոն փոթորիկին»։ Ոչ մասնագետ ընթերցողի համար շատ ընդհանրական  պարզաբանեմ, որ դասական լրագրության մեջ թեմաների ընտրությունը կատարվում է  հաշվի առնելով, մասնավորապես, իրադարձությունների բացառիկությունը, հանրության համար դրանց կարևորությունը և նշանակությունը։

Հիմա հարցը հետևյալն է․արդյո՞ք լրատվամիջոցները, առհասարակ մեդիան, իր բոլոր դրսևորումներով ու գործիքներով, բարձրացնում է կամ՝  ի՞նչ չափով է բարձրացնում հանրությանը իրականում հուզող հարցերը։ Ինչո՞վ ենք մենք սնում մեր հանրությանը պատերազմից ամիսներ անց, ինչպիսի՞ օրակարգերով։

Օրեր առաջ Սյունիքի մարզի համայնքներ այցելության ժամանակ հասկացա, որ մեր հանրությունը ընդհանրապես պատկերացում չունի Սյունիքի՝ հատկապես պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներում բնակվող մեր քաղաքացիների վիճակի մասին, որովհետև...  այդ թեման մեր օրակարգերում կարևոր չէ... Իսկ այդ մասին փոքրաթիվ հրապարակումներն ընկալելի ու լսելի չեն դառնում ընդհանուր աղմուկի մեջ, մեկը մյուսին հաջորդող սկանդալային թեմաների հորձանուտում։

Իրականում մենք չեն անդրադառնում, չենք լուսաբանում, հանրության չենք տեղեկացնում շատ  խորքային խնդրի մասին՝ Սյունիքի համայնքներում ադրբեջանցիների հետ մետրերի հեռավորության վրա ապրող մեր հայրենակիցների, նրանց հոգեվիճակի, ֆիզիկական վիճակի, ապրուստի, եկամտի միջոցներից զրկված լինելու, նրանց նկատմամբ ադրբեջանցիների ծաղրի ու սպառնալիքի մասին... Մինչդեռ դա պետք է լիներ մեր թիվ մեկ օրակարգը կամ առնվազն՝ դրանցից մեկը։

Ես սա գրում եմ որպես տասնամյա աշխատանքի փորձ ունեցող լրագրող, որպես խմբագիր, ով ժամանակին, իմ շատ գործընկեր խմբագիրների նման, առավոտյան թռուցկաժողովների ժամանակ օրվա թեմաներն էր քննարկում լրագրողական թիմի հետ։ Հիմա թերևս խոսքս ավելի շատ ուղղված է իմ գործընկեր, պրոֆեսիոնալ լրագրողներին ու խմբագիրներին, որոնցից շատերի հետ ճանապարհ եմ անցել․ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում թռուցկաժողովների ժամանակ թեմաները ընտրելիս, ինչո՞ւ, օրինակ, լրագրողներ չեն գործուղվում՝ հերթափոխով ապրելու Շուռնուխում, Որոտանում, Ճակատենում, որպեսզի հասանելի դարձնեն մեր հասարակությանն այնտեղ ապրող մեր հայրենակիցների, մեզ հարազատ մարդկանց  ճակատագրերի պատմությունները (իրականության հետ կապ չունեցող «պուպուշ» ռեպորտաժները հաշիվ չեն)։

Ձե՛ր շնորհիվ այդ պատմությունները պետք է մտնեն մեր բոլորի տուն։ Անկախ նրանից, թե մենք որտեղ ենք ապրում՝ Տավուշում, ոչ սահմանամերձ Կոտայքում, Աշոցքում, թե Երևանում, մենք բոլորս պետք է ձե՛ր միջոցով մեր մաշկի վրա զգանք այն, ինչ զգում են Շուռնուխի,  Որոտանի, Ճակատենի բնակիչները։ Մենք պետք է զգանք նույն վախը, ինչ նրանք են զգում, երբ երեխան խաղում է  ադրբեջանցիների նշանառության տակ, մենք պետք է զգանք ծանր կենցաղի դժվարությունը, ու հատկապես  այն նվաստացումները, որոնց  շարունակաբար ենթարկվում են հպարտ սյունեցիներն ադրբեջանցիների կողմից։  Մենք  պետք է մշտապես, ամեն օր մտածենք այդ մասին, մենք պետք է խոսենք այդ մասին, որովհետև դա՛  է մեր թիվ մեկ օրակարգը։

․․․Սյունիքից հետո ես ինձ մեղավոր եմ զգում, իսկ երևանյան աղմուկը՝ երեկոյան լեփ-լեցուն սրճարաններով, խրախճանքներով, ֆեյսբուքյան հայհոյանքներով,  միմյանց ոչնչացնող ատելությամբ, սոդոմգոմորյան պատկեր է հիշեցնում…

Ես այս ամենը գրում եմ  պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվող իմ գործընկերների համար․ պետք է ամեն ինչ անենք՝ փոխելու պարադիգման։ Պրոֆեսիոնալները պետք է օրինակ դառնան՝ բարձր ձայնով գոռացող ագրեսիվ էժանությանը, պոպուլիզմին ու ապատեղեկատվությանը հակադրելով իրական արժեքները՝ փորձելով ճնշել իրենց ինտելեկտով, ծանրակշիռ խոսքով, փաստերով։ Մենք պետք է հասնենք նրան, որ պրոֆեսիոնալներն առաջնորդեն, իսկ ոչ պրոֆեսիոնալները՝ ամաչեն կամ գոնե լռեն։ Հակառակ դեպքում, մենք կկորցնենք մեր ազգային իմունիտետը, մեր ապագայի հեռանկարը, ու անգամ չենք էլ զգա, որ դեպի կործանում ենք գնում, քանի որ անգամ կործանման պահին տարված կլինենք Ֆեյսբուքում վերջին հայհոյանքը գրելով։

Հ․Գ․Սյունիքում ես տեսա միայն իրենց հողը, իրենց բնակավայրը սիրող ու այն պահող մարդկանց, որոնց նկատմամբ բոլորս պարտավորություն ունենք։

Զոյա Բարսեղյանը լրագրող է եւ հանրային կապերի մասնագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին