Ինչո՞ւ Արցախի շրջափակումն հայաստանյան մեդիայի համար «breaking news» չդարձավ - Mediamax.am

Ինչո՞ւ Արցախի շրջափակումն հայաստանյան մեդիայի համար «breaking news» չդարձավ
6497 դիտում

Ինչո՞ւ Արցախի շրջափակումն հայաստանյան մեդիայի համար «breaking news» չդարձավ


Ադրբեջանի կողմից Արցախի ցինիկ շրջափակումն այդպես էլ չդարձավ ու չի դառնում հայաստանյան մեդիայի «breaking news»-ը: Երեք ամսից ավելի շարունակվող շրջափակումը, 120 հազար արցախահայության, այդ թվում՝ 30 հազար երեխաների ճակատագիրը հայ հանրության համար այդպես էլ չի դարձել  «օրակարգային թիվ մեկ հարցը», մինչդեռ բոլոր՝ ողջամտության, տրամաբանության, բարոյականության ու հատկապես, ազգային արժանապատվության սկզբունքներով ու կանոններով, պիտի դառնար:

Արցախի կառավարությունից ստացվող հաղորդագրությունները տագնապի ահազանգ էին պարունակում՝ «...հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են»  կամ՝  «...կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, բայց բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարեւոր ապրանքատեսակներից»  կամ՝ «...ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում քննարկվել են կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովման հարցեր» եւ այլն:

Սրանք դառնում էին գլխագրեր, բայց, որքան էլ տարօրինակ է, հայաստանյան հանրության մեջ ո՛չ Ադրբեջանի գործողությունների նկատմամբ բավարար չափով վրդովմունքի, ո՛չ էլ արցախահայության իրավունքների պաշտպանության համար պայքարի ալիք չէին առաջացնում: Ինչո՞ւ: Չէ՞ որ, օրինակ, Հայաստանում  ի պաշտպանություն արցախցիների շարունակական, չդադարող հանրահավաքները, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող ակցիաները կարող էին ստիպել կենտրոնանալ մեր ժողովրդի համար այս պահին ամենակարեւոր, ամենակենսական, ամենաօրհասական հարցի՝ արցախահայության ճակատագրի վրա: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

Միջազգային հաղորդակցության մեջ գոյություն ունի երկու տեսություն, որոնք բացատրում են, թե երբ ու որ դեպքերում է առաջանում այդ ալիքը:  Առաջին  տեսությունը կոչվում է «CNN effect»: Սրա իմաստն այն է, որ հումանիտար աղետների ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունների՝  լրատվամիջոցների կողմից ակտիվ, ինքնաբուխ, անհրաժեշտ կարեկցական «ֆրեյմինգով» լուսաբանումը հանրության մեջ վրդովմունք է առաջացնում հանցագործությունը կատարողի եւ  կարեկցանքի ու արդարությունը վերականգնելու  բուռն պահանջ՝  տուժողի նկատմամբ, եւ այդ հանրային ճնշման ներքո  միջազգային դերակատարները ստիպված են լինում միջոցներ ձեռնարկել՝ աղետները կանխելու համար:

«CNN effect»-ը հայաստանյան մեդիայում չաշխատեց այն  պարզ պատճառով, որ մենք չունենք բավարար թվով հզոր, պրոֆեսիոնալ ու անկախ լրատվամիջոցներ, որոնք կկարողանային դաշտում եղանակ ստեղծել ու հանրային կարծիք ձեւավորել: Կարճ ասած՝ չունենք CNN-ներ ու նման էֆեկտ էլ չառաջացավ:

Մյուս՝ «Manufacturing Consent» կոչվող (մասնագիտորեն ասած՝ լուսաբանման համաձայնության տալ) տեսության հիմքում այն մոտեցումն է, որ լրատվամիջոցները երբեք իրենց նախաձեռնությամբ՝ ինքնաբուխ չեն լուսաբանում անգամ ամենաանմարդկային հումանիտար ճգնաժամերն ու հանցագործությունները, նրանք ուղղորդվում են կառավարությունների, պետությունների, միջազգային ու վերազգային կազմակերպությունների կողմից, որպեսզի վերջիններս, հղում անելով  լրատվամիջոցներին, հիմք ունենան միջամտելու: Այլ կերպ ասած՝ պետությունների, կառավարությունների, շահագրգիռ այլեւայլ կառույցների կողմից  լուսաբանումը կազմակերպվում եւ ուղղորդվում է, ինչը, օրինակ, շատ ակնհայտ տեսանելի է ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում (հասարակ եվրոպացին, օրինակ,  ապրում է ուկրաինացի տուժածների կյանքով, տեղյակ է նրանց ճակատագրի մանրամասներին, որովհետեւ ամեն օր դա է նրան մատուցվում):

Սա նշանակում է, որ Արցախի շրջափակման շուրջ իրական ալիք չառաջացավ, քանի որ նման ալիք առաջացնելու խնդիր ու պահանջ չդրվեց պետության, կառավարության, շահագրգիռ այլեւայլ կառույցների կողմից: Այն չդարձավ մեր օրակարգային հարցը, Երեւանում ապրողները չսկսեցին ապրել Ստեփանակերտում ապրողի կյանքով, կարեկցական «ֆրեյմինգները» չձեւավորվեցին կամ էլ, հակառակը, ձեւավորվեցին շեղող «ֆրեյմինգներ»: Ամեն օր, ամեն ժամ չբացատրվեց, որ արցախահայությանը բախտի քմահաճույքին թողնելը, որ Արցախի կորուստը լինելու է մեր ազգային արժանապատվության կորուստը, իսկ դա բերելու է ինքնության կորստի, որովհետեւ որտեղ, որ երկրում, ինչքան էլ բարեկեցիկ մենք ապրենք, չենք կարող փախչել մեր ինքնությունից, մեզ զգալու ենք ու մեզ համարելու են ձախողված ազգի կամ ձախողված երկրի ներկայացուցիչ: Դա չափազանց ծանր զգացողություն է:

Չափազանց ծանր է այդ զգացողությունը որպես ժառանգություն գալիք սերնդին փոխանցելը: Ու մենք դա ոչ մի կերպ, ոչ մի գնով չպիտի թույլ տանք:

Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին