Իջեցրե՛ք դրոշները - Mediamax.am

Իջեցրե՛ք դրոշները
3734 դիտում

Իջեցրե՛ք դրոշները


Այս ողբերգության ամբողջ ծավալը մենք դեռ չեք գիտակցում, ինչպես ասում են՝ «տաք ենք»: Այն շատ բազմաշերտ է ու շատ խորը: Այդ շերտերը հետո կամաց-կամաց բացվելու են, ու մենք բոլորս՝ հայաստանցիներս, սփյուռքում ապրող հայերը, ողջ հայությունը շատ ցավոտ հարվածներ ենք ստանալու:

Արցախցիներն անցել ու դեռ անցնում են դժոխքի միջով: Ու ոչ այնքան տասն ամսվա շրջափակումն ու ադրբեջանական հարձակումն է պատճառը, այլ ավելի շատ այն, որ նրանք իրենց դավաճանված, լքված ու անպաշտպան են զգում: Դավաճանված առաջին հերթին Հայաստանի, ողջ սփյուռքի կողմից:  Աշխարհից,  ցեղասպանության ու էթնիկ զտման ահազանգերն անտեսող, իբր ժողովրդավարություն  ու մարդու իրավունքներ պաշտպանող «միջազգային հանրություն» կոչվող ամորֆ մարմնից ու տարբեր երկրներից առանձնապես սպասելիքներ նրանք չունեին էլ: Դրանք միայն ի վիճակի են  «խորը մտահոգություն» հայտնել:

Այս օրերին մենք՝ Հայաստանում  ու սփյուռքում ապրող գիտակից հատվածը մեզ բարոյապես ոչնչացված, նվաստացած, ստորացած ու անզոր ենք զգում մի շարք բաների համար ու հատկապես՝

Նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը մենակ թողեց Արցախի մեր հայրենակիցներին: Նրանց պաշտպանելու փոխարեն՝  սկսեցին միջազգային հանրության  ոճով դատարկ հայտարարություններ անել, որը վերջին օրերին իշխանական անբարո և  կիսագրագետ  քարոզիչների կողմից  լայն զանգվածներին որպես «խելացի դիվանագիտություն» է հրամցվում:

Մեր անճարակ ու կիսագրագետ արտաքին քաղաքականության համար:

Այս վերջին պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին ժամանակին ու հրատապ կարգով օգնություն ցուցաբերել չկարողանալու համար, ու նրա համար, որ Բաքուն է, որպես «մեծն մարդասեր», հայտարարում առաջին օգնությունը հասցնելու մասին:

Նրա համար, որ վերջին օրերին իրենց հայրենիքն իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների մի մասի մարմիններն անթաղ են ու նրանց մենք դեռ անուն առ անուն չգիտենք:

Նրա համար, որ Լաչինի միջանցքով անցնող մեր հայրենակիցներին ադրբեջանցիները շարունակում են նվաստացնել, իսկ  միջազգային հանրությունը դարձյալ լուռ հետևում է:

Ու նրա համար, որ մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունը չի իջեցրել դրոշները ու սգո օրեր չի հայտարարել:

Իջեցրե՛ք դրոշները, դադարեցրեք աղմուկը, եթե անգամ  ի վիճակի չեք հասկանալ՝ ինչ է կատարվել:

Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին