Նոր տեղեկատվական ռիսկերին դիմագրավելը. հայացք ներսից - Mediamax.am

Նոր տեղեկատվական ռիսկերին դիմագրավելը. հայացք ներսից
1625 դիտում

Նոր տեղեկատվական ռիսկերին դիմագրավելը. հայացք ներսից


Տեղեկատվական ոլորտն արագընթաց տեմպերով առաջնային կարևորություն է ձեռք բերում պետությունների համար՝ դառնալով անվտանգության առանցքային բաղադրիչ։ Այս տրանսֆորմացիան ավելի արագ  է կատարվում, քան այդ իրողության գիտակցումը ու առավել ևս՝  համապատասխան փոփոխությունների ու կարգավորումների իրականացումը: Արցախյան վերջին պատերազմը, ներկայիս ռուս-ուկրաինական կամ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը ծավալվում են նաև տեղեկատվական հարթակներում ու պակաս վտանգավոր  ու պակաս վնասակար չեն իրենց ազդեցությամբ։

Տեղեկատվական ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային են դառնում ինչպես  տեղեկատվական քաղաքականության, այնպես էլ այն մշակող ու իրականացնող կառույցների դերն ու նշանակությունը, դրանց որակի ու արդյունավետության հարցերը:

Այս սյունակում որոշեցի ներկայացնել մի քանի առաջարկ ու դիտարկում, որոնք ծնվել են ինչպես ոլորտում իմ պրակտիկ գործունեության, այնպես էլ վերջերս Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիության դպրոցում «Միջազգային հաղորդակցություն» ծրագրին մասնակցության ընթացքում, որի ժամանակ քննարկում էինք այնպիսի հարցեր, ինչպիսիք էին, օրինակ, մեդիա ինտերվենցիաները,  պետություն-մեդիա հարաբերությունների  նոր մոդելները, վերազգային մեդիա կորպորացիաների դերը, տեղեկատվական քաղաքականության և փափուկ ուժի փոխհարաբերությունները և մի շարք այլ ժամանակակից մարտահրավերներ։

Անդրադառնամ դիտարկումներին ու առաջարկներին, որոնց իրականացումը, կարծում եմ, կարող է ոլորտում զգալի փոփոխությունների հանգեցնել:
 
Պետական տեղեկատվական ընդհանուր քաղաքականության առկայության անհրաժեշտություն: Սա պետք չէ շփոթել տարբեր  «ռազմավարական փաստաթղթերի» հետ, որոնք, որպես կանոն, մեկ անգամ գրվում են և երկար տարիներ գոյատևում նույն «ստատիկ» տեսքով: Այս ոլորտը այնքան դինամիկ է փոփոխվում ու այնպիսի ռիսկեր են ի հայտ գալիս, որոնք հնարավոր չէր կանխատեսել անգամ երկու-երեք տարի առաջ: Հետևաբար, կարևոր է, որ այս ոլորտի ռազմավարություններն էլ ի վիճակի լինեն նույն արագությամբ արձագանքել ռիսկերին: Հատկապես ճգնաժամային իրավիճակներում, որում մենք հայտնվել ենք վերջին տարիներին, այս խնդիրը առանձնակի հրատապություն է ձեռք բերում:

Տարբեր երկրներում տարբեր ձևաչափերով գործող ինստիտուցիոնալ կառույցներ են աշխատում այդ քաղաքականության մշակման վրա՝ ընդգրկելով բացառապես բարձր որակի մասնագետների և հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են, օրինակ, տեխնոլոգիական փոփոխություններն ու  տվյալ պետության առջև ծառացած մարտահրավերները:

Պետական համակարգի տարբեր կառույցների տեղեկատվության և հաղորդակցության ստորաբաժանումների կամ, այսպես կոչված, «տեղեկատվական բլոկների» համակարգված աշխատանք: Այս առումով միշտ էլ ինչ-որ կարգավորումներ եղել են, սակայն ներկայի մարտահրավերները բոլորովին նոր որակի՝ մշտական, ինստիտուցիոնալ ու նոր միտումներին անընդհատ հետևող աշխատանք են պահանջում: Պետությունը պետք է կարողանա «մեկ ընդհանուր ձայնով» խոսել, և տարբեր կառույցների ուղերձները ոչ միայն պետք է  չհակասեն միմյանց, այլև՝ փոխլրացնեն՝ յուրաքանչյուրը իր ոլորտային ուղղությամբ:

Պետական կառույցների «տեղեկատվական բլոկների» կառուցվածքային «տեղակայման» վերանայում: Իմ պրակտիկ գործունեության ընթացքում եկել եմ այն համոզման, որ այս ստորաբաժանումները  քաղծառայության համակարգում ընդգրկելն ամենաարդյունավետ լուծումը չէ: Առանձնահատուկ մասնագիտական գործունեություն իրականացնող և առանձնահատուկ մասնագիտական կանոնների ենթարկվող այս ստորաբաժանումները էապես տարբերվում են քաղծառայության համակարգում ընդգրկված մյուս օղակներից, և այդ առումով բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ սկսած էթիկականից մինչև աշխատանքի արդյունավետ կազմակերպում: Տարբեր երկրներում տարբեր մոդելներ են գործում, և թերևս արժե ուսումնասիրել ու ընտրել ավելի արդյունավետ տարբերակ:

Պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հաղորդակցության ստորաբաժանումների համար հստակ վարքականոնի սահմանում: Մի շարք երկրներում գոյություն ունեն պետական կառույցների մամուլի ծառայությունների/տեղեկատվական ստորաբաժանումների աշխատակիցների ազգային ասոցիացիաներ, որոնց վարքականոնները օրենքներին հավասար ազդեցության ուժ ունեն և սահմանում են «խրթին» իրավիճակներում այդ ստորաբաժանումների աշխատակիցների վարքագիծը: Նման վարքականոնների բացակայության պատճառով մեզ մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Օրինակ, արդյո՞ք մամուլի քարտուղարը իրավունք ունի սոցիալական մեդիայում իր անձնական էջն օգտագործել իր կառույցի համար կամ հակառակը:

Վարքականոններից մեկն անգամ սահմանում է, թե ինչպես պետք է վարվի հաղորդակցության պատասխանատուն, եթե տեղյակ է, որ ղեկավարը մոլորեցնող տեղեկություն է տրամադրում հանրությանը և այլն: Սրանք հարցեր են, որոնք դուրս են մնում օրենսդրական կարգավորման շրջանակից, սակայն ազդում են տեղեկատվության իրականացման ընդհանուր որակի վրա:  

Մասնագիտական վերապատրաստումներ: Սա, թերևս, ամենակարևորն է: Ժամանակակից մարտահրավերներին հնարավոր է  դիմակայել լավ պատրաստված պրոֆեսիոնալ մասնագետներով: Տեղեկատվության ու հաղորդակցության ստորաբաժանումների գործունեությունն ապահովվում է փոխկապակցվող, բայց տարբեր մասնագիտություններ ունեցող անձանց թիմային աշխատանքի միջոցով:

Թեև քաղծառայության համակարգը պարտադիր վերապատրաստումների կարգ է սահմանում, սակայն իմ մասնագիտական պրակտիկայում չեմ հանդիպել այս ստորաբաժանումների համար արդյունավետ վերապատրաստման ծրագրի (միակ դրական բացառությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկատվական ազատության թեմայով վերապատրաստումներն են եղել): Իրականում, դա իր օբյեկտիվ պատճառներն ունի։ Ժամանակակից տեխնոլոգիաները համակցել են մի շարք մասնագիտություններ, և յուրաքանչյուր առանձին մասնագետ առանձին վերապատրաստման կարիք ունի: Օրինակ՝ լրատվամիջոցների հետ կապերն ապահովող, սոցիալական մեդիայի, վիդեո կոնտենտի հետ աշխատող, մեդիա մոնիթորինգի կամ տեղեկատվական անվտանգության  մասնագետներին հնարավոր չէ միասին, մեկ ծրագրով վերապատրաստել:

Ո՞րն է լուծումը. առաջին հերթին՝ ըստ սեգմենտների մասնագիտական, թիրախավորաված և պարբերական վերապատրաստումները միջազգային առաջատար կրթական ու մասնագիտական կենտրոններում (մասնագիտական մրցունակ գիտելիք չփոխանցող, զուտ օրենքի պահանջը կատարելու համար ձևական վերապատրաստումները պարզապես անթույլատրելի շռայլություն են): Ներկա իրողություններում մասնագետը չի կարող բավարարվել մեկանգամյա բուհական կրթությամբ, մասնագիտական ուսուցումը, այն էլ այս ոլորտում, պետք է լինի շարունակական:

Թվարկածս բոլոր կետերի իրականացումը ժամանակ, ռեսուրս ու քրտնաջան աշխատանք է պահանջում, բայց դա ավելի քան արդարացված է լինելու։

Զոյա Բարսեղյանը լրագրող է եւ հանրային կապերի մասնագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին