Ինչու՞ է iPad-ը լավ վաճառվում, իսկ մրցակիցները` վատ - Mediamax.am

Ինչու՞ է iPad-ը լավ վաճառվում, իսկ մրցակիցները` վատ
6680 դիտում

Ինչու՞ է iPad-ը լավ վաճառվում, իսկ մրցակիցները` վատ


Եթե դուք չեք լսել այս հոդվածի վերնագրում նշված iPad բառը, բայց համացանցում գտել եք այս հոդվածը, ապա կարող եմ շնորհավորել ձեզ. դուք եզակի մարդ եք: Քանի որ միայն համակարգչին ծանոթ եզակի մարդիկ են, որ ոչինչ չեն լսել iPad-ի մասին: Տարօրինակ չէ, որ մարդիկ, ովքեր ցանկություն չունեն iPad ունենալու, բավական շատ են: Վերջ ի վերջո դա հեռուստացույց չէ: Զարմանալի է այլ բան. ինչո՞ւ աշխարհում այդքան շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են iPad ունենալ:

Ինչու՞ է դա զարմացնում: Որովհետեւ, եթե դուք կարդացել եք այն մարդկանց կարծիքները, ովքեր ժամանակին դիտել են Apple ընկերության ղեկավար (այժմ արդեն նախկին) Սթիվ Ջոբսի կողմից կազմակերպված՝ iPad-ի առաջին շնորհանդեսը, նրանք այնքան էլ խանդավառ չէին: Այդ շնորհանդեսի առաջին մեկնաբանությունները հիմնականում հիասթափություն էին փոխանցում: Հիշում եմ նմանատիպ արտահայտություններ. «Սթիվը նստած է բեմին դրված բազկաթոռում եւ մեկը մյուսի հետեւից կայքեր է բացում iPad-ի վրա: Չեմ հասկանում, դրա մեջ ի՞նչ կա: Այն առայժմ ոչ մի հիացմունք չի առաջացնում»: Իսկապես, iPad-ի ցուցադրումներն, ըստ ամենայնի, բարդ էին նաեւ շնորհանդեսների հանճար Սթիվ Ջոբսի համար: Շատ դժվար է փոխանցել այդ սարքի օգտագործումից առաջացած տպավորությունը: Սթիվը փորձել էր անել դա` բեմի բազկաթոռին նստած, թերթելով կայքերը եւ մեկնաբանելով իր տպավորությունները: Նրան գրեթե ոչ ոք չհավատաց: Ոչ ոք չէր հասկանում, ինչ լավ բա կա ստեղնաշար չունեցող էկրանի մեջ, որի վրա հնարավոր չէ մի բան տպել, որը հնարավորություն չի տալիս միաժամանակ գործարկել մեկից ավելի ծրագիր եւ դրա հետ մեկտեղ ունի լավ համակարգչի գին:

Սակայն երբ iPad-ը հայտնվեց խանութներում, սկսվեց իրարանցում: Եվ դա՝ առատությանը սովոր Ամերիկայում: Մարդիկ գիշերները հերթ էին կանգնում խանութներում`այդ «ցանկալի խաղալիքը» ձեռք բերելու համար: Ի՞նչ կատարվեց: Ինչպե՞ս դա կատարվեց: Եվ ամենակարեւորը` ինչո՞ւ մարդիկ չեն կոտորվում ուրիշ պլանշետների համար, ընդ որում այն աստիճան, որ HP-ն, որի հետ մեծ հույսեր էին կապում, պարզապես կասեցրեց դրանց արտադրությունը, իսկ մնացածը ստիպված էին հաշտվել կորուստների հետ:

Բանն այն է, որ մարդիկ չեն ուզում պլանշետներ: Նրանք դրանց կարիքը չունեն: Նրանք նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է: Չկա ապրանքի նման կատեգորիա, եւ մոտ ժամանակներս դժվար թե լինի: Կա iPad անունը կրող բացառիկ ապրանք, եւ Apple-ն այն չի անվանում պլանշետ: Ավելի ճիշտ` առաջին շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսը iPad-ը պլանշետ անվանեց, բայց շատ շուտով Apple-ը շտկեց այդ սխալը, եւ այժմ apple.com կայքում դուք չեք հանդիպի պլանշետ բառը: Այդ ռազմավարությունը նոր չէ: Երբ դուք ստեղծում եք մի նոր բան, որը տարբերվում է շուկայում եղած մնացած ապրանքներից, դուք ունեք 2 տարբերակ: Առաջինը եւ ամենատարածվածը` ապրանքը նմանեցնել հայտնի, սպառողներին ծանոթ մի բանի` նրանց մոտ անվստահություն չառաջացնելու համար: Այդպես կատարվեց, օրինակ, թվային ֆոտոխցիկների դեպքում: Դրանք ստեղծողներն առավելագույնս կրկնօրինակեցին նախկին ժապավենային ֆոտոխցիկները, ընդհուպ մինչեւ ձայնը, որ առաջանում է կոճակը սեղմելուց` իրենց գնորդներին չվախեցնելու համար: Այս ռազմավարությունն ունի կարեւոր մեկ այլ պատճառ եւս: Բանն այն է, որ խոշոր խանութներում ապրանքների տարբեր կատեգորիաների համար հատկացվում է որոշակի տարածք: Հաճախորդները սովոր են, որ որոշակի կատեգորիայի ապրանքները գտնվում որոշակի բաժնում: Եթե դուք ստեղծեք ապրանքի նոր տեսակ, եւ խանութում այն չունենա որոշակի տեղ, այն շատ վատ կվաճառվի (եթե խոշոր խանութներն ընդհանրապես համաձայնվեն վաճառել այն): Պարզապես շատ քիչ մարդ կգտնի դրանք:

Երկրորդ տարբերակը` ստեղծել ապրանքի նոր, եզակի կատեգորիա: Դրա շնորհիվ դուք կստանաք որոշակի առավելություններ. ձեր ապրանքը ուղղակիորեն չի կարելի համեմատել այլ ապրանքների հետ, դուք ունեք գնագոյացման մեծ ազատություն եւ որոշակի մենաշնորհ: Բայց առկա է նաեւ ռիսկը. մարդկանց դժվար է բացատրել, թե դուք ինչ եք վաճառում, քանի որ այն առնչություն չունի իրենց ծանոթ ապրանքի հետ:

Բայց Apple-ը լուծեց այս խնդիրը: Բանն այն է, որ նրանք ունեն խանութների մեծ ցանց, որտեղ էլ վաճառվում է իրենց ապրանքների զգալի բաժինը: Նրանց համար չկա նոր կատեգորիա մտածելու անհրաժեշտություն. հայտնվելու պահից ի վեր iPad-ը լցրեց բոլոր ցուցափեղկերը, խանութում մուտքի մոր տեղադրված սեղաններին դրված էին տասնյակ միացված սարքեր, որոնց հետ ցանկացած մարդ կարող էր խաղալ: Արդյունքում շատերը կարողացան տեսնել եւ փորձարկել iPad-ը, նրանք սիրեցին այն, գնեցին եւ ընկերներին ու ծանոթներին ասացին, թե ինչ լավ գործիք է դա: Նրանք հասկացան, թե ինչ է iPad-ը ոչ թե բացատրություններով, այլ սեփական փորձով: Ինչպես հայտնի է, բոլոր մարդիկ իրար հետ կապված են 6-7 մարդու միջոցով: Լուրը շատ արագ տարածվեց: Այժմ բոլորը գիտեն, թե ինչ է iPad-ը: Այն, որ դա պլանշետ է, գիտի մարդկանց միայն աննշան տոկոսը:

Տեսնելով iPad-ի շուրջ առաջացած իրարանցումը` մնացած արտադրողները սթափվեցին եւ սկսեցին նմանակներ արտադրել եւ վաճառել դրանք որպես պլանշետ: Բայց վաճառողները չեն հասկանում, թե խանութի որ բաժնում տեղադրեն դրանք, գնորդներն էլ չեն հասկանում, թե դա ինչ է, եւ չեն գնում:  Կրակի վրա յուղ լցրին էլեկտրոնային գրքերի արտադրողները, որոնք պլանշետներին նմանակող սարքեր են թողարկել ընթերցանության համար: Դա էլ ավելի մեծ շփոթություն առաջացրեց: Այդ իրարանցումն Apple-ին ի օգուտ էր. մարդիկ, չհասկանալով, թե ինչն ինչոց է, առանց ավելորդ հարց տալու գնում են Apple-ի խանութ եւ գնում iPad: Իր պլանշետների առաջին տարբերակի վաճառքի ժամանակ առնչվելով այս խնդրին՝ Samsung ընկերությունը գիտակցեց խնդրի էությունը եւ ստեղծեց երկրորդ` iPad-ին նման տարբերակը: Հաշվարկը պարզ է. արտաքին նմանությունը մարդկանց հնարավորություն է տալիս միացնել այդ երկու ապրանքը մեկ կատեգորիայի մեջ: Եթե չստացվեց «պլանշետ» կատեգորիան, եկեք փորձենք «iPad»-ը: Սակայն Apple-ում նստած մարդիկ էլ հիմար չեն, նրանք գիտակցեցին մրցակիցների ճիշտ քայլը եւ արձագանքեցին դատական հայտերով Գերմանիայում եւ Նիդերլանդներում` մեղադրելով Samsung-ին գնորդներին ապակողմնորոշելու եւ իր ապրանքը որպես iPad վաճառելու համար:
 
Ահա այսպիսի հետաքրքիր պատմություն: Դուք կհարցնեք, ինչո՞ւ են բոլորին այդքան հետաքրքրում այդ պլանշետները (կամ այդ iPad-ները): Բանն այն, որ ավանդական համակարգիչներն այլեւս արտադրողներին եկամուտ չեն բերում: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ տարբեր արտադրողների համակարգիչները գրեթե ոչինչով չեն տարբերվում: Բոլորն ունեն նույն օպերացիոն համակարգը, նույն պրոցեսորը, նույն էկրաններն ու սկավառակները: Այդ պատճառով էլ, չունենալով մրցակցային առավելություններ, արտադրողները գնային պայքարի մեջ են մտնում: Մեզ` սպառողներիս, դա ձեռնտու է: Իհարկե, մինչեւ որոշակի պահ. չտեսնելով հեռանկարներ, արտադրողներն ավելի քիչ կներդնեն տեխնոլոգիաների զարգացման մեջ: Իսկ ահա մոբիլ սարքերի ոլորտը բուռն զարգացում է ապրում, քանի որ փոխվում է համակարգիչների օգտագործման ձեւը. մեզանից շատերը հիմա միշտ կապի մեջ են, մեզ անհրաժեշտ է հարմար միջոց ինֆորմացիա ստանալու համար: iPad-ը շատ լավ համապատասխանում է այս խնդրին եւ իր ոլորտում առաջատարի դեր է զբաղեցրել ոչ միայն շուկայում, այլեւ մարդկանց գիտակցության մեջ: Անհրաժեշտ են տարիներ իրավիճակը փոխելու համար: Իսկ մինչ այդ Apple-ը կարկանդակի նման վաճառում է իր սարքերը, իսկ ընկերության բաժնետոմսերը պատմական ռեկորդներ սահմանում:

Արամ Փախչանյանը “Այբ” կթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին