Չախտորոշված «քովիդն» ու ակացիաների անտանելի բույրը - Mediamax.am

Չախտորոշված «քովիդն» ու ակացիաների անտանելի բույրը
11727 դիտում

Չախտորոշված «քովիդն» ու ակացիաների անտանելի բույրը


Ակացիաների բույրը տարածվում է Զաքյան փողոցի վրա գտնվող բնակարանում, որտեղ ապրում եմ (հանգամանքների բերումով) արդեն մոտ մեկ ամիս: Թեեւ բնակարանը 6-րդ հարկում է, բայց ինչ-որ կերպ այդ բույրը, որ երբեք չեմ սիրել ու անգամ ալերգիկ ազդեցություն է թողնում վրաս (անմիջապես սկսում եմ փռշտալ), հասնում է իմ հոտառությանը՝ կտրել-անցնելով երկար ճանապարհ: Ամենամոտ տարածքը, որտեղ տեսել եմ ակացիաներ, Կիրովի այգին է՝ տնից բավական հեռու եւ պատուհանից ոչ տեսանելի: Հատկապես, երեկոյան ժամերին այդ բույրն ամեն անգամ քամու հետ «ներխուժում» է սենյակ ու շատ ուժեղ զգացվում տանը: 

 

Մենակ եմ ապրում այն պահից, ինչ իմացա, որ հնարավոր է նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդու կոնտակտավոր (շղթայում 4-րդը) լինեմ: Աշխատանքի, բնականաբար, այդ լուրն իմանալուց հետո չեմ գնում, ընտանիքիս այցելության՝ նույնպես: Վեց օր ինքնամեկուսացած եմ, եւ հենց այդ 6-րդ օրը՝ կեսօրին, զգում եմ, որ ջերմությունս բարձրանում է: Ընկերս, ով միակ այցելուս է այս օրերին եւ ով «մատակարարում» է այն, ինչ ինքս չեմ կարողանում դուրս գալ եւ գնել, ջերմաչափ է բերում: Սնդիկը «հարվածում» է 36.7-ին: 

 

- Նույնիսկ, նորմալ «քովիդ» չես կարողանում վարակվել, - կատակում է ընկերս՝ հեռանալուց առաջ: Գիշերն արդեն մարմնիս ջերմությունը բարձրանում է:

 

Հաջորդ օրն արթնանում եմ հոդացավով, մեջքի մկանային ցավով եւ գլխացավով: Ջերմաստիճանի սնդիկը օրվա ընթացքում սահում է 37.3-37.9 աստիճանի սահմաններում: Մարմնի ցավերն այնքան են ուժեղանում, որ սկսում եմ դժվարությամբ քայլել, իսկ երեկոյան ստիպված եմ լինում ուժեղ ցավազրկող ընդունել, անկեղծ ասած՝ ոչ այնքան խելամիտ որոշում: Մարմնիս ջերմաստիճանն իջնում է, իսկ որոնողական համակարգերում գտած արդյունքները հուշում են, որ ընդունածս դեղը նաեւ ջերմիջեցնող ազդեցություն ունի: 

 

Հաջորդ օրն ինձ ավելի լավ եմ զգում, թույլ ցավեր ու ջերմություն՝ 37-ի սահամաններում կամ մի փոքր բարձր: Ամեն դեպքում՝ այն, ինչպես նկարագրում են կորոնավիրուսից առողջացած, իմ տարիքի ու, հավանաբար, իմ առողջական վիճակի մարդիկ՝ այդպիսի ծանր հիվանդության «ձեռագիր» չեմ զգում վրաս:

 

Ընկերուհուս հետ հեռախոսազանգի ընթացքում կատակում եմ. 

 

- Դժվար կորոնավիրուս լինի, համենայնդեպս, քանի դեռ ակացիաների անտանելի բույրը զգում եմ: 

 

3-րդ օրն արթնանում եմ ուռած աչքերով եւ ուժեղ գլխացավով: Թեթեւ հազը մի քիչ ավելի ինտենսիվ է դառնում: Օրվա ընթացքում հոդացավերն ու մեջքի մկանային ցավերը վերադառնում են: Մի քանի րոպեն մեկ մոտենում եմ պատուհանին ու լայն բացած քթանցքերով «որոնում» ակացիաների անտանելի բույրը: Տեղում է:

 

Ասում են՝ որ այս հիվանդության ժամանակ հոտառությունը կորցնում են օրերով, բայց ոչ բոլորը: Չբացառելով, որ հնարավոր է իսկապես վարակված լինեմ, երեք օրերի ընթացքում էլ շատ հեղուկ եմ ընդունում: 

 

Երեկոյան դժվարությամբ հասնում եմ դռանը, բացում այն: Մուրաբաների «հավաքածուիս» եւս երկուսն են ավելանում: Կողքիս միշտ պատրաստ թեյ կա, որը խմում եմ ընթացքում: Բոլոր մարդիկ, ում հետ հեռախոսով շփվում եմ այս օրերին՝ նախ շատ հեղուկ ընդունել են խորհուրդ տալիս: Ընթրիքի ընթացքում հասկանում եմ, որ համն այնքան էլ լավ չզգացի: Մոտենում եմ պատուհանին, ակացիաների անտանելի բույրը, որ միակ հույսն ու «ապացույցն» էր վարակված չլինելուս, «լքում է» ինձ: 

 

Առավոտյան արթնանում եմ ու բացում օծանելիքի սրվակը. օծանելիքս այնքան ուժեղ բույր ունի, որ մի անգամ աշխատավայրի զուգարանում օծվելուց հետո, գործընկերներիցս մեկը դժգոհեց դրանից: Այս ուժեղ բույրը, սակայն, քթիս շատ մոտեցնելու դեպքում, անգամ, չեմ զգում: 

 

Հոտառությունը կորցնելու 2-րդ եւ ախտանշանների հայտնվելու 4-րդ օրն ինքս ինձ ախտորոշելուց հետո` որոշում եմ փորձել պոլիկլինիկայի հետ կապ հաստատել: Ցավոք, թեեւ 12 տարուց ավելի է, բնակվում եմ Երեւանում, բայց դեռ պայմանագիր չունեմ մայրաքաղաքի որեւէ պոլիկլինիկայում: Թերապևտի հետ զրույցի ընթացքում պարզում եմ, որ պայմանագրի համար, բացի անձնագրից եւ սոցքարտից, նաեւ համատիրությունից տեղեկանք է հարկավոր՝ փաստացի բնակության մասին: Մի քանի ամիս առաջ մեր գնած բնակարանը, ցավոք, դեռ համատիրություն չունի. նորակառույց է, որի փաստացի շահագործումը եւ, հետեւաբար, նաեւ համատիրության ձեւավորումը, երկրում նոր տեսակի կորոնավիրոսի տարածմամբ պայմանավորված, ուշացել է: Թերապևտի խորհուրդները լսելով՝ որոշում եմ շարունակել բուժումը տանը՝ զուգահեռ փորձելով կարգավորել պոլիկլինիկայի հետ նոր պայմանագիր կնքելու հարցը:

 

Երկու օր շարունակ կատարած զանգերից հետո՝ հասկանում եմ, որ որեւէ համատիրությունից այդ տեղեկանքը ստանալ չեմ կարող: Համաձայնեք, որ վատառողջ մարդու համար այդ բյուրոկրատական քաշքշուկը, այնքան էլ հաճելի գործընթաց չէ: Եվ գուցե շատ ավելի ճիշտ կլիներ, որ համապատասխան որոշում լիներ՝ նման պայմանականությունները համավարակի օրերին շրջանցելու մասին: Ես միակը չեմ, որ Երեւանում չեմ ծնվել, ու գուցե ինձ նման էլի մարդիկ լինեին, որ կբախվեին այդ խնդրին: Ինչեւէ: Հասկանալով, որ առողջապահական համակարգն առանց այն էլ ծանրաբեռնված է, որոշում եմ դադարեցնել թեստավորվելու փորձերս, հատկապես, որ թոքերումս որեւէ ախտահարում չկա, իսկ ջերմությունս, արդեն 7-րդ օրը գրեթե չի բարձրանում: 

 

Այս օրերին, շատերը փորձում էին ինձ հոգեբանորեն գոտեպնդել, այնինչ, եթե անկեղծ, որեւէ պահի որեւէ ընկճվածություն, տագնապ կամ հոգեբանական այլ խնդիր չեմ ունեցել, իսկ ֆիզիկապես, եթե համեմատենք, օրինակ, երկու տարի առաջ տարածս նշիկաբորբի հետ, այս հիվանդությանն իմ օրգանիզմը «խեղճացրեց»՝ թեթեւ դժվարություններ հաղթահարելով:

 

Ախտանշանների ի հայտ գալուց 8 օր անց՝ կեսօրին, պատահաբար, հասկացա, որ զգում եմ օճառի բույրը, թեեւ շատ թույլ: Այդ օրը նույնպես համի զգացողությունը չվերադարձավ, բայց ակնհայտ էր, որ հոտառությունս, թեեւ դանդաղ, բայց սկսել է վերադառնալ: 

 

Պաշտոնապես չախտորոշված, բայց մի քանի ախտանշաններով արձանագրված հիվանդության բուժումը շարունակում եմ տանը: Այն, ինչ ինձ ամենաշատն օգնեց այս օրերին, սառը դատողությունն ու խուճապի չմատնվելն էր: Իրականում, եթե ուղեկցող կամ խրոնիկ հիվանդություններ չկան, այս հիվանդությունը, իսկապես, հեշտությամբ, կարելի է բուժել՝ առանց ծանրաբեռնելու առողջապահական համակարգը եւ համագործակցելով բժիշկների հետ՝ թեկուզ հեռավար: Ամենակարեւորը՝ միշտ հարկավոր է հիշել սոցիալական պատասխանատվության մասին՝ խուսափելով այլոց վարակելու ցանկացած հնարավոր դեպքերից:  

 

Հիմա գրում եմ սա՝ աչքի տակով նայելով պատուհանին ու ակնկալելով, որ վաղն առավոտյան, երբ մոտենամ դրան, զգալու եմ «անտեսանելի» ակացիաների ոչ այնքան սիրելի բույրը: Այդ բույրը ես, իսկապես, կարոտել եմ:  

 

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին