Ծայրահեղությունները մեզ վերածում են էմոցիաների կծիկի - Mediamax.am

Ծայրահեղությունները մեզ վերածում են էմոցիաների կծիկի
5701 դիտում

Ծայրահեղությունները մեզ վերածում են էմոցիաների կծիկի


Ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնելու մեր սովորությունը, կարծես, անցել է մաշկի տակ ու մետաստազներ տվել: Մենք չգիտենք իրավիճակին սառը գլխով նայելու ձեւը: Անգլերեն լավ բառ կա, որ ինչքան էլ փորձենք թարգմանել, հավանաբար, իմաստն այդպես էլ չենք կարողանա լիարժեք արտահայտել՝ «calm down»:

Մենք գիտենք կա'մ շատ ոգեւորվել, կա'մ ապատիայի մեջ ընկնել: Միջին վիճակը, գրեթե, բացակայում է: Եթե նկատել եք, ամենօրյա մեր խոսակցություններում էլ այդ ծայրահեղական վերաբերմունքն արտահայտվում է, օրինակ՝ երբ խոսում ենք որեւէ մեկի կամ որեւէ երեւույթի մասին, հաճախ չկա միջին վերաբերմունք, մենք կա'մ սիրում ենք, կա'մ ատում, երբեմն՝ զզվում:

Այդ տաքարյուն մոտեցումը հանգեցրել է այն բանին, որ մենք դարձել ենք շատ իմպուլսիվ, հախուռն եւ էմոցիոնալ: Մենք չենք մտածում գործելուց առաջ, չենք հաշվարկում մեր քայլերի հաջորդականությունն ու արդյունքը: Մենք ուղղակի նմանվում ենք անկանոն շարժումներով էմոցիաների կծիկի, որով կատուն այնքան է խաղացել, որ ամբողջությամբ գզգզվել է:

Այդ հախուռն վերաբերմունքը ցայտուն կերպով դրսեւորվում է նաեւ այս օրերին, երբ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պայքարում ենք COVID-19 վարակի տարածման դեմ: Ծայրահեղական մոտեցումը բոլորի մոտ է, եւ այդ մոտեցման մասին է բարձրաձայնել նաեւ Հայաստանի վարչապետը:

Նա ասել է, որ «Հայաստանում կա երկու ծայրահեղություն՝ մեկը խուճապն է, մյուսը՝ համատարած հանգստությունը, եւ հենց այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»: Բայց նույն վարչապետը, ընդամենը շաբաթներ առաջ, ասում էր, որ «կորոնավիրուսը սովորական, գրիպի նման վիրուս է, ավելորդ խուճապ պետք չի տարածել»: Ու բնական է, որ մարդիկ էլ նրան կարող են մեղադրել ժամանակին այդ նույն ծայրահեղ հանգստության գիրկն ընկնելու մեջ: Թե իրականում ինչ վարակ է նոր տեսակի կորոնավիրուսը՝ սովորակա՞ն գրիպի պես բան, թե այլ՝ ավելի լուրջ հիվանդությո՞ւն, թողնենք որոշեն գիտնականները, իսկ մեր գործը շատ պարզ կանոնների հետեւելով՝ մեր ու մեր շրջապատի առողջությունն անվտանգ պահելն է:

Մեկ այլ ծայրահեղություն էր, հավանաբար, մարդկանց ստիպում տարածել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալների լուսանկարները՝ խուճապային գրառումներով, նույնպիսի ծայրահեղություն էլ մարդկանց մեկ այլ խմբին ստիպում էր «իրար քիթ մտած» նստել սրճարաններում: Այն, ինչ հարկավոր է անել այս օրերին, շատ պարզ է, բայց ի՞նչն է մեզ խանգարում, որ առանց իրար «միս կրծելու» հետեւենք այդ ցուցումներին:

Իրականում, ձեռքերը լվանալը, սոցիալական հեռավորությունը, հազալիս կամ փռշտալիս բերանը փակելը պետք է ոչ թե վարակաբանական իրավիճակում պարտադրվող քայլեր լինեին, այլ սովորական վարք: Մենք ամեն օր խոսում ենք սոցիալական պատասխանատվության եւ տնից դուրս չգալու մասին, իսկ չե՞ք կարծում, որ նույն այդ պատասխանատվությունը պետք է նաեւ ինքներս մեր հանդեպ ունենանք եւ խնայենք մեր նյարդային համակարգը, սովորենք ավելի սառը գլխով դատել ու գործել, չվերածվել համատարած աղմուկի մի մասնիկի: Վստահաբար մի քանի ժամը մեկ պարբերականությամբ Ֆեյսբուքում ծայրահեղ խուճապային կամ ծայրահեղ անտարբեր գրառումները չեն կանխելու վարակի տարածումը:

Մեզ բոլորիս հավասարակշռություն եւ ռացիոնալ դատողություն է պետք, ու դա ոչ թե միայն հիմա, այլ ամբողջ կյանքի ընթացքում, որովհետեւ այսօրվա համավարակի փոխարեն վաղը կարող է այլ գլոբալ խնդիր ծագել: 

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին