Մի բուռ սեր - Mediamax.am

Մի բուռ սեր
4414 դիտում

Մի բուռ սեր


Լիսապեծի արեւը վառում էր: Էմոն մոշ քաղելու համար նախատեսված պլաստմասե շիշը՝ վզից, հեւքը՝ կրծքից կախ՝ Շինի գլուխը հասավ: Դիմացի բլուրը երկու ճամփով էր բաժանվում, ձեռքը տարավ ճակատին, նայեց՝ աջ տանող ճամփի առաջին թփերին մոշը կարմրին էր տալիս, հասած չկար. «Իսանահոտ ա կյալիս, ինձանից առաջ ստեղով մոշ քաղող ա անց կցել»,- մտածեց Էմոն: Ու քայլեց ձախ: 

 

Ասում էին՝ մի տարի էլի մոշ քաղելու է գնացած եղել, հարեւաններով են եղել, մի թյուշ* լսել են՝ Էմոն գոռում ա՝ Ա՛ տղա, պյաց տու փեշս, ա՛ տղա, պյաց տու: Շրջվել, տեսել է՝ մոշի թուփն է քաշում փեշը: 

 

Գյուղում առաջինը հենց ինքն էր պատմում էս պատմությունը, ծիծաղում ծիծաղողների հետ ու լաց լինում թաքուն. «Լյովիկս ստեղ ըլեր, բա ես կմտածի՞՝ խալխի տղամարդն ա փեշս փռնել... »

 

...Էմոյից հետո էլի վեց աղջիկ էր ծնվել: Էմոյի հայրը` Վաղին ապին, Էմոյի ձեռքը բռնած կանգնել էր գեղամիջում, գլուխը կախ ասել` աղջիկը քաղցր բան ա, շատ պտի ըլի: Գյուղի տղամարդիկ թփթփացրել էին մեջքին, մխիթարել. «Բան չկա, Ա' Վաղ ջան, աղջիկն էլ ա ըրեխա»: 

 

Վաղինը ուժեղ սեղմել էր էրեխու բարակ մատները` աշխարհին ու մարդա երեք տղա ունեցող հարեւաններին հայհոյելը զսպած: 

 

Էմոն, բան չհասկանալով, լաց էր եղել. «Էն ի՞նչ արի, ապայ ջան»: Վաղինը կռացել ու գյուղի տղամարդու կոշտությամբ համբուրել էր աղջկա թաթերը, բարձրացրել դեպի արեւը, նայել-նայել ու հիշել քաղաքի իր բարեկամի աղջկան, որ դաշնակահարուհի էր.

 

«Քու հետի դաշնամուր կառնեմ, վեր մեծանաս, Էմո ջան, քու սուրուն մատների հետի դաշնամուր կառնեմ»: 

 

Էմոն էդ օրից ապային շատ էր սիրում, առաջին ու միակ անգամ ապայը համբուրել էր իր յոթ աղջիկներից մեկին, ու էդ մեկն ինքն էր եղել: 

 

Մի օր քաղաքից ավտո եկավ, երկու անբեղ քեռի տնտղեցին հանդից նոր եկած, խոտի հոտով բուրող իրենց ոչխարներին, երեք հատ ընտրեցին ու հարցական նայեցին Վաղին ապուն:

 

«Նի' ածա*»,- կարգադրեց ապին:

 

Ոչխարներին տարան, մի շաբաթ հետո ավելի մեծ ավտո եկավ ու էն անբեղ երկու քեռին: Մի մեծ, հսկայական մեբել իջեցրին իրենց դռանը, տեղը երկու ոչխար վերցրին, գնացին: Վաղին ապին Էմոյին ասաց` մի լաթի կտոր վեկալ, մաքրի, քոնն ա:

 

Դաշնամուրն էր`10 տարի առաջ խոստացած դաշնամուրը: 

 

Իր ու Լյովիկի հարսանիքին քսան երգ երգեց: Գյուղացիք ասացին` անաբուռ* բան էր արածը, հարսը մի քիչ խոնարհ կլինի: Կիսուրը դրանից հերսոտվեց, թե` իմ տանը չապրես, խայտառակ արիր: Ինքը շիվարեց-շիվարեց ու Լյովիկի հետ գյուղի ծայրին մի կիսաքանդ տուն գտավ, երգի տետրերն ու ունեցած շորերը գրկեց, գնացին: 

 

Լյովիկը գինի էր սիրում ու իր երգը: Նիհար, բոյով տղամարդ էր՝ ձախ աչքը աջից մի քիչ փոքր: Ամեն օր մի քանի հոգի հավաքում, գալիս էր, ձեռքը գցում վզով, թե` Էմո ջան, մի էն շիշը պի ու ածա: Գինին լցնելու ընթացքում մի հատ էլ էր ասում` ածա, Էմո ջան: Էս մի «ածա»-ն երգի մասին էր․ Շամշադինում համ ջուր լցնելուն են ածել ասում, համ հավի ձու ածելուն, համ էլ նվագն են ածում:

 

Լյովիկը գինու շշի կիսատվելու վրա ասում էր՝ էն «Ծաղիկներս»-ը ածա, Էմո ջան: Լյովիկը երկու տարբեր տոնով էր ասում «ածա»-ն, թե ասածի մեջ խնդրանք ու ներողություն կար` գինու մասին էր, թե հպարտություն ու սեր` երգի: Էմոն Լյովիկի մասին առանց ս հոդի չէր խոսում, անգամ երբ իրենց կռիվներից պատմեր: Կնստեր հարեւան Սիրուշի կողքին ու կպատմեր.

 

- Սիրուշ ջան, էն խըռըզնըհատ* Լյովիկս էլյետ խմել էր: Հրաչոյին առել, եկել էր, նրանք խմեցին, ես երգեցի, խմեցին-երգեցի: Կանչեց, թե` կոֆե տու: Մտիկ տամ, տենամ` ջուր չունենք: Ասեցի` էս ա, որ ասեմ ջուր չկա, հվատալ չի, կմտածի` չեմ ուզում տամ, դե ես էլ փիփորթ էի եփել, փիփորթաջրիցը երկու բաժակ վերցրի, լցրի ջազվեն, կոֆեն լցրի... Աղջի, այ Սիրուշ ջան, չայի ջրով էլ էի տված, ոչ մի անգամ չէր ջոկել, համա էս տրետը էն անդեր փիփորթի տիրեւը հետը մեջն էր ընգել, զոլ էն առաջին կումովը Լյովիկիս բերանն ընկավ: Փախա, Սիրուշ ջան, էն չափարի գլխովը փախա... Հա՜, ա մըրթամեռ, ինչի եմ պատմում, դամաշնիկիս մի թայը մի չափարում վեր ընկավ հագիցս, որ գտնես, բեր, աղջի, թազա դամաշնիկ էր: 

 

Պատմում էր ու վազ տալիս տուն. 

 

- Լյովիկս հըմի սոված ա, հասնեմ, հաց տամ: 

 

...Պատերազմը սովետական զորքերի ցածր թռչող ուղղաթիռների հետ եկավ: Էմոն նոր ծնված երեխուն գրկած` լվացք էր փռում դրսում կապած պարաններին, երբ ուղղաթիռների աղմուկը թափվեց գյուղի վրա: Ինքը նորածնի հետ կուչ եկավ սպիտակ, Ավետ ապու ձիու բաշի պես փռփռացող լվացքի տակ, իսկ երեք տարեկան Գագիկը տնից դուրս էր վազել ու ձեռքով էր անում մի քանի մետր վերեւում գտնվող ռուս օդաչուներին: Ուղղաթիռները մի քանի պտույտ արին ու հետ գնացին: Իրենք հաստատ իմացան. աշխարհը խառնվել ա ու շուտ չի դզվի: Առաջին գրադներից մեկը իր հոր տանը կպավ: Վազեց, շնչասպառ վազեց, տեսնի` ինչ եղավ: Երկրորդ հարկի դիմացի պատին հսկայական խոռոչ էր գոյացել: Դեռ ներքեւից նկատեց` դաշնամուրի մեջտեղը չկար: Լաց եղավ ու անիծեց, անիծեց ու լաց եղավ. «Էս կռվի մեղավորնին նվագի ձեն չլսեն»: 

 

Տները փոխարինվեցին ստորգետնյա նկուղներով, մի օր էլ նկուղ հասավ լուրը, թե` Չուբանանց Անիկին տան աղաքն ավլելիս գրադը խփել ա: Էդ օրից Էմոն մոռացավ դաշնամուրի մասին, բայց անեծքը հիշեց... 

 

Պատերազմից հետո կյանքը Հայաստանում թանկացավ, դժվարացավ, իրենց գյուղում դարձավ անհնար: Գյուղի կեսը գնաց: Իրենք մնացին: Լյովիկն ասաց` կերգես, կապրենք: Երբ կյանքն անհնարից թեքվեց դեպի դժվարը, Լյովիկն էլ գնաց Ռուսաստան` խոպան: Ասաց` փող կուղարկեմ, կապրենք: Էմոն թաքուն լաց եղավ. «Լյովիկս երգս էլ աղաքվա պես սիրում չէր, երգովս չկարաց ապրի»: 

 

Մի քշաչանգ օր Լյովիկի մարմինը բերեցին: Գլուխը վիրակապով փաթաթած էր, համարյա անճանաչելի էր: Ասացին` սպանել են, ոտիկանությունը կգտնի մեղավորներին: Գերազմանի հողը դեռ թաց` գյուղում մի քանի պառավ լուր տարածեցին, թե` Լյովիկը ռուս սիրած ա ունեցել, էդ ռուսի մարդը դրա համար... Էմոն լսեց, չլսելու տվեց: Քառասունքը չլրացած գնաց գյուղի խանութպանների մոտ, թե` Ծեր ղաքին մատաղ, Լյովիկիս սպանած գողերը սաղ հըվաքած փողը տարել են, պարտքերը ուշ կտամ, բալքիմ մի դուռ բացվում ա: 

 

Լյովիկի նկատմամբ ունեցած հավատով փակեց գյուղի բերանը: Ումն էլ փակել չստացվեց` մոռացան. գյուղի օր ա, ամեն հասած բերքի հետ խոսք ու զրիցը փոխվում ա: Գյուղի առիթներին Էմոն էլ չերգեց: Երգում էր թաքուն` սարի ծերին մի քարի նստած: Երգում ու մեկ-մեկ լաց էր լինում: 

 

...Էմոն քաղած մոշը հավասար բաժանեց երկու հինգլիտրանոց դույլերում, դույլերի բերանները կապեց սպիտակ շապիկներով, որ քայլելիս չթափվի, ու ճամփա ընկավ: Արեւը կրակ էր թափում վերեւից, բայց Էմոն քայլերը չէր դանդաղեցնում: Գյուղամիջյան միակ պազիկը աղմկելով եկավ, կանգնեց Էմոյի մոտ.

- Էմո՛ ջան, յե՜,- ձայն տվեց պազիկի վարորդը:

 

- Չէ, քե մատաղ, չէ, Սերոժ ջան, դուք գնացեք, ես վռազ եմ,- ասաց Էմոն: 

 

Արեւից ու փոշուց խեղդվող մի ավտոբուս ժողովուրդի ծիծաղը պայթեց Էմոյի պատասխանի վրա. «Ասում ա` վռազ եմ, այտա՜... »։

 

Մի քանի ժամից թաղեթաղ ընկավ լեգենդ-անեկդոտը, թե` Էմոն Սերոժի ավտոբուսը նստել չի, թե` վռազ եմ, գյուղացիք հասել են գյուղ, տեսել` Էմոն հասել ա, քիչ չի` արդեն մոշը փակելու համար բանկի կռիշկա ա առնում. «Լյովիկս մոշի կոմպոտ շատ էր սիրում, կոմպոտ դեմ անիլ»: 

 

Անունները փոխված են, հերոսներն ու պատմությունները՝ իրական:

 

* հափուռ՝ բուռ

* մի թյուշ՝ մի պահ

*նի ածա՝ ներս լցրու

*անաբուռ՝ անամոթ

* խըռըզնըհատ՝ բառը համարժեք չունի, որովհետև ուղղված է բացառապես շամշադինցիներին՝ շամշադինցիների կողմից օգտագործվում է որպես անեծք, բայց փաղաքշաբար, ինչպես քրքրված, բըլբըլված

* աղաք՝ առաջ

* քշաչանգ՝ ցածր մառախուղով պատված

 

Նարինէ Վարդանեանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին