Գլխով փափուկ ասֆալտին. քաղաքը՝ գետնի տակ - Mediamax.am

Գլխով փափուկ ասֆալտին. քաղաքը՝ գետնի տակ
1759 դիտում

Գլխով փափուկ ասֆալտին. քաղաքը՝ գետնի տակ


Սա ընդհատակյա Երեւանն է. այստեղ սպառվում է ահռելի քանակությամբ գարեջուր ու ահռելի քանակությամբ տաղանդ:

Այստեղ երաժշտությունը հասնում է առանց երկարացման լարի՝ կարճ:

Ձայնի ալիքն ինքն է որսում քեզ, ու եթե ազատ թողնես մարմինդ՝  կօրորվես ալիքների մեջ:

«Դու դեղին, իսկ ես անգույն եմ…»

Դեղինը վերեւում է՝ յոթից հետո վարդագույնը դեղնալույսով փոխարինած Երեւանի փողոցներում: Անգույնը ներսում է, ու դու շտապում ես հերթական գետնի տակը՝ դեղինից փրկվելու:

Այնտեղ՝  դեղինից ներքեւ թեւիդ վրա դաջում են մի քանի ժամվա իրավունքդ՝  լինել ընդհատակյա երեւանցի, ու դու ազատ ես նստել գետնին, պարել, խենթանալ ու չթվալ տարօրինակ: Մեզ երեւի երբեք չեն պիտակի որպես ոսկե երիտասարդություն, ու մեր բախտը բերել է: Մենք ազատ ենք չլինել ամենալավը, ու գուցե էդ ազատության մեջ հասցնենք նաեւ լինել ինքներս մենք:

Ես երկու տարի բնության մեջ եմ ապրել: Ես երկու տարի, տարօրինակ է, բայց կարոտել եմ ընդհատակյա Երեւանը, կարոտել եմ ծխի ու աղմուկի բթացնող ազդեցությունը մարմնիս վրա: Ես չեմ ծխում: Աղմուկ չեմ սիրում: Բայց կարոտում եմ մշուշապատ փակ տարածքները, որտեղ ինչ-որ խառը երիտասարդություն ազատություն է որոնում: Ես երկու տարի, գտնվելով անծայրածիր հորիզոնների, անվերջ վեր ձգվող սարերի ու բնականից ազատ բնության մեջ, կարոտել եմ փնտրովի, գտնովի, ձեռք բերովի ազատությունը: Ես կարոտում էի էս խառը դեմքերին՝  սիրուն ու վատ տատուներով, մուգ շպարով ու բացարձակ չշպարված, անխնամ ու խնամված թրաշներով, ծրագրավորողի վանդակավոր վերնաշապիկներով, իրենց սեփական աշխարհում ապրող էս տպերին: Էս բոլորին, ովքեր ստեղծում են փաբային օրենքներն ու ցիրուցան անում կաղապարներ: Ես կարոտում էի գարեջրի թույլ-դառը համը, կարոտում էի չափազանց շատ դեմքերի նայելն ու ոչ մեկի հիշել ստիպված չլինելս: Ընտրովի ազատությունը նաեւ դա է՝ պարտավորված չլինել հիշել, սիրել, մտերմանալ:

Սա ընդհատակյա Երեւանն է. այստեղ մարդկանց մի մասը գալիս է ՝ չզգալու սեփական անգունությունը: Կամ համընդհանուր անգունության մեջ գունավոր երեւալու:

Ես դրա համար չեմ գնում: Ես գնում եմ վանաձորյան հերթական խմբին լսելու:
Ու հա, սա ընդհատակյա Երեւանն է, բայց ընդհատակյա Երեւանում երաժշտության ամենամեծ չափաբաժինը ներկրվում է Վանաձորից: Հայկական ռոքը խոնավություն է սիրում:

«Քլոքեր» խմբի սոլիստի թարթիչների վրա դեղին լույս է թրթռում:

Խենթանալու սիրուն է զգում երաժշտությունը՝  լույսի պես: Շարժումներում պաշտամունքի հասնող սեր կա նրա հանդեպ, ինչ անում է: Ու նրա էդ վերաբերմունքը հանում է քեզ տեղիցդ, ստիպում հանձնվել ձայնի ալիքներին: Ես իրենց ու մնացած բոլոր խմբերի համար մեծ բեմ եմ երազում, իսկ առայժմ… որ երգի վերջում մարդիկ չմոռանան ծափահարել: Էս տղայի ձայնի մեջ վանաձորյան խոնավություն կա, Երեւանի գիշերներից՝  մի քիչ դեղին: Կանգնած երիտասարդությունը երգում է խմբի հետ՝  «Շողա, շողա, բարի արեւ…»

Ես ինձ դուրս եմ քաշում իմ սիրելի բանաստեղծության ու արդեն իմ սիրած երգի ելեւէջներից, ու քիչ է մնում՝ հատ-հատ մոտենամ իմ տարեկից էս սիրուն մարդկանց ու ասեմ՝ իսկ դու քո գործից էսքան հաճույք ստանու՞մ ես: Որովհետեւ ես գիտեմ, որ ընդհատակները մենք էսքան չէինք փնտրի, եթե ավելի քիչ խեղդվեինք մեր աշխատանքների մեջ: Եթե հաճույքի չափաբաժինը նաեւ աշխատանքում ստանայինք: Ու բացարձակ ուշ չի «Քլոքերի», նկատի ունեմ՝  քո սեփական խմբի ու կյանքի սոլիստը դառնալու համար:

Դրսում սառն է մի պահ: Մի ծերունի հաց է հանում աղբամանից, տեղավորում վերարկուի գրպանում: Եթե իմ կյանքը ֆիլմ լիներ, բոլոր անհասկանալի իրավիճակներից հետո ես հենց այս կադրը կտեղադրեի՝  աղբամանից հաց հանող ծերունու: Սա անվերջ կրկնվող իրադարձություն է, որի հետ ապրում եմ Երեւան տեղափոխվելուս պահից սկսած:

Իմ ձեռքի վրա փաբի ժամանակավոր դաջվածքն է: Ծերունու՝  հաց բռնած մատների վրա՝  հազար տարվա դաջվածք, որին կարելի է սովետական բանակում ծառայած համարյա բոլոր քեռիների մատներին հանդիպել՝  1, 9 ու եւս երկու թիվ՝  չեմ հասցնում կարդալ: Չեմ էլ կարող երեւակայել, թե քանի տարեկան է նա՝  երեւի հիսունից յոթանասունի միջակայքում: Աղքատության ու մազմորուքի մեջ կորել է տարիքը: Մնացել է միայն ձեռքի մատների վրա, ու չգիտեմ՝  ինչի եմ մտածում, որ երբ ծերուկն այլեւս չշնչի իր բաժին ծառի տակ կամ Երեւան գրված նստարանի վրա, նրան կթաղեն ու տարիքը կիմանան միայն, եթե ձեռքերին նայեն: Բայց հիմա ո՞վ է մուրացկանի ձեռքերին նայում: Մուրացկաններն իրենք են նայում մնացած բոլորի ձեռքերին…

Ծերունին քթի տակ երգում է կարծես: Ես ափսոսում եմ, որ ստացել եմ երգի, ծխի ու անզորության իմ չափաբաժինը փաբում: Քիչ առաջ մենք խավարում էինք, իսկ պապիկը լույսի մեջ է, լուսացույցի լույսի: Փաբից դուրս եկող ջահելների մեջ շատերն են մի պահ կանգ առնում հայացքներով: Մենք իրականություններ էինք թողել վերեւում, ու առերեսվելը աչք ցավացնող է երեւի: Ես գիտեմ, ու իրենք էլ գիտեն, որ ծխի մեջ կորած մեր հագուստների տակ ապրում է նա, ում ուսերին է էս ծերունու համար արժանապատիվ կյանք ստեղծելը: Ես գիտեմ, ու երեւի իրենք էլ գիտեն, որ երբ ընդհատակյա Երեւանում երաժշտության միջոցով կտրվում են վերեւի իրականություններից, կտրվում են, որ տեղ ազատեն մեծ ու խորը ցավի համար: Պատասխանատվության համար: Ու ես հավատում եմ, որ իրենք, որ մենք անտարբեր չենք: Պարզապես մեր ուսերին ոչինչ մի դրեք, մենք ինքնուրույն կսովորենք վերցնել մեր բաժին ցավը:

 …

Ես ձեռքերս օղակում եմ կիսածանոթ այս տղայի մարմնի շուրջ, ու մենք սլանում ենք մոտոցիկլի վրա Երեւանի կիսադատարկ փողոցներով: Ես ինքս ինձնից  եմ բռնվում: Հով ու հաճելի է երեւանյան ասֆալտը գիշերով: Ու փափուկ: Կուլ եմ տալիս դիմացից եկող քամին, ու շնչասպառ գոռում եմ տղայի ականջի մեջ: Նա չի հասկանում՝ ինչ եմ գոռում: Իսկ իմ ներսից միայն «Քլոքերի» երգի բառերն են դուրս թռչում՝ «Գլխով փափուկ ասֆալտին»: Երազելու նման է հնչում: Գուցե խնդիրներն էդ ձեւով ցիրուցան լինեն… Մենք խնդիրներին բախվելու երկու հեշտ ձեւ գիտենք՝  գլխով՝  պատին, ու փակ ականջներով՝ ոչ մի տեղ:  Գլխով՝ անիմաստ ու անլուծելի խնդիրների դիմաց կամ լրիվ անտարբեր էդ խնդիրներին… Չէ, իզուր ենք մեզ խեղդում չեղած խնդիրների մեջ, մենք ամենեւին դժբախտ սերունդ չենք: Ես գիտեմ, որ էս ծխի ու անիմաստ սպառվող գարեջրի մեջ ոչ մի երազանք չենք կորցրել:

Հա, գուցե երբեք ոսկե երիտասարդություն չդառնանք, բայց գոնե մի օր ընտրելու ազատություն կնվաճենք, որովհետեւ մենք մեր ձեռքերն ականջներից հեռու պահելու ազատությունն արդեն ունենք: Որովհետեւ մենք ազատ ենք չլինելու ամենալավը:

Նարինէ Վարդանեանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին